yerkir.am-ը գրում է. Հունվարի 28-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում. Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղի բնակիչ` 19-ամյա Նարինե Բրոյանի` «Մուրացան» ԲԿ տեղափոխված 2 օրական երեխան մահացել էր: Նարինեի հարազատները մեղադրում են ծնունդն ընդունող բժշկին` «Արմավիր» ԲԿ-ի մանկաբարձ Նշան Գևորգյանին:
Գևորգյանի կենսագրության մեջ ուշագրավ փաստեր կան. նա երկու անգամ արդեն իսկ հայտնվել է դատական քաշքշուկներում, երկու անգամ էլ` մասնագիտական գործունեության կանոնները խախտելու համար: Հետաքրքիր է այն փաստը, որ Գևորգյանը երկու դեպքում էլ պատժվել է` ինչ-որ ժամանակով միայն ազատվելով աշխատանքից` պաշտոնի իջեցմամբ: Այսինքն` եթե ժամանակին Գևորգյանը «Արմավիր» բժշկական կենտրոնի տնօրենն էր, առաջին դատական գործից հետո դարձել է կենտրոնի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի վարիչ, իսկ երկրորդ դատական գործից հետո բաժանմունքում սկսել է աշխատել որպես մանկաբարձ-գինեկոլոգ:
Բժշկի դեմ առաջին դատավարությունը սկսվել է 2012-ի փետրվարի 16-ին, նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 130 հոդվածի 2-րդ մասով (Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը) և 315 հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական անփութություն): Դատական գործի հետ կապված բողոքները, սակայն, սկսվել էին դեռ 2010-ից:
Դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ 2010-ին գանգուղեղային տրավմայից հետո ճակատային և քունքային շրջանների թարախակալվող հեմատոմաներ ախտորոշմամբ հիվանդանոց է ընդունվել 1.5 տարեկան Հովհաննես Հովհաննիսյանը: Երբ երեխայի վիճակը վատացել է, և որոշում է կայացվել նրան Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն տեղափոխել, երեխայի տեղափոխման համար մանկական ռեանիմացիոն խումբ և ռեանիմոբիլ հրավիրելու փոխարեն Գևորգյանն անթույլատրելի կերպով հիվանդի տեղափոխումը կազմակերպել է տաքսի ավտոմեքենայով: Այս անփութության հետևանքով էլ երեխան ճանապարհին մահացել է:
Բացի այդ` Գևորգյանն ավտոմեքենաներին չի տրամադրել բավարար քանակությամբ վառելիք, ինչի հետևանքով 2010-ի դեկտեմբերին շտապօգնության հերթապահ բրիգադը, բենզին չունենալու պատճառաբանությամբ, հրաժարվել է ընդունել Արմավիրի մարզի Այգեվան գյուղի բնակիչ Վռամ Խլղաթյանի կանչը, ով ժամեր անց մահացել է:
2011-ի հունվարի 1-ին ծնողները երեխային Արմավիրի հիվանդանոց են տարել ծանր վիճակում: Սակայն հիվանդանոցում մանկական ռեանիմացիայի միջոցներ ու պարագաներ չեն եղել, և որոշել են երեխային տեղափոխել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ: Տեղափոխման ճանապարհին երեխան կլինիկական մահ էր տարել և «Սուրբ Աստվածամայր»-ում 4 օր անց մահացել:
Այս երեք դեպքերով հարուցված գործի դատավարությունն Արմավիրի մարզի դատարանում տևել է մոտ 3 տարի: Դատավոր Արթուր Արամյանի նախագահությամբ` դատարանը որոշել է մեղավոր ճանաչել բժշկին` դատապարտելով 5 տարվա ազատազրկման: Սակայն անմիջապես դատարանի դահլիճում Նշան Գևորգյանի նկատմամբ կիրառվել է համաներում, և Գևորգյանը շարունակել է մասնագիտական գործունեությունը` արդեն ոչ թե որպես տնօրեն, այլ մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի վարիչ:
Կարճ ժամանակ անց` 2014թ. փետրվարի 25-ին, հերթական դատական գործն է հարուցվել, այս անգամ արդեն` Գևորգյանը հրաժարվել է ծննդալուծում իրականացնել` պահանջելով կլորիկ գումար: Գևորգյանը հղիին` Ալինա Գևորգյանին, պետք է մանկաբարձական անվճար բժշկական սպասարկման ծրագրով իրականացվող կեսարյան հատում իրականացներ, բայց հարազատներից գումար պահանջելով ու չստանալով այն` հղիին ասել է`վիրահատության թելը վերջացել է, ու դուրս է եկել սենյակից: 1 տարի ընթացած դատական գործի արդյունքում` 2015-ի օգոստոսի 17-ի դատավճռով` Նշան Գևորգյանը մեղավոր է ճանաչվել` դատապարտվելով ազատազրկման 1 տարի 6 ամիս ժամկետով։ Սակայն Գևորգյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել` սահմանվել է փորձաշրջան` 2 տարի ժամկետով։ Հետաքրքիր է այն, որ դատավճիռն օրինական ուժի մեջ է մտել 2016-ի մարտի 23-ին, այսինքն` Գևորգյանն այսօր դեռ գտնվում է փորձաշրջանում:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: