Կա՞ արդյոք բնական միջոց անքնության դեմ
Advertisement 1000 x 90

Կա՞ արդյոք բնական միջոց անքնության դեմ

Քնի հետ կապված խնդիրներն անմխիթարական են այն իմաստով, որ հաճախ պարզ լուծում գոյություն չունի։ Կարող են ժամանակ եւ համբերություն պահանջվել երկարատեւ լուծում գտնելու համար, որը կարող է օգտակար լինել, Daily Mail-ի ընթերցողներին ասել է բժիշկ Էլի Քենոնը։

Նրա խոսքով, եթե պացիենտն արթնանում է գիշերվա կեսին, բժիշկները սկզբում դիտարկում են ակնհայտ գործոնները, որոնք խանգարում են քունը։ Դրանց թվում են կոֆեինի ավելցուկը ցերեկվա ժամերին, գիշերը զուգարան գնալու անհրաժեշտությունը եւ ֆիզիկական վարժությունները երեկոյան ժամերին։ Ֆիզիկական ակտիվությունը կարող է նպաստել քնելուն, բայց կարող է չափից ավելի խթանող լինել, եթե դա անում եք անմիջապես քնելուց առաջ։

Քնի ժամանակ իրադրությունը նույնպես կարեւոր է։ Բժիշկներն այն անվանում են քնի հիգիենա, չնայած այն մաքրության հետ ոչ մի կապ չունի։ Խոսքն այնպիսի գործոնների մասին է, ինչպիսին են մթության աստիճանը ննջարանում, որքանո՞վ է հարմարավետ ջերմաստիճանը եւ արդյո՞ք լուռ է այնտեղ, նշել է մասնագետը։

Մարդկանց մեծ մասը չի հասկանում, որ սովորաբար ավելի լավ է քնել փոքր-ինչ սառը սենյակում։ Աչքերի դիմակը եւ ականջների խցանները կամ թուլացնող լոգանք ընդունելը նույնպես կարող են օգնել քնից առաջ։

Համոզվեք, որ չեք նայում հեռախոսների կամ հեռուստացույցի էկրաններին, երբ արդեն ցանկանում եք քնել, քանի որ դա կարող է ակտիվացնել ձեզ։

Տագնապն ու սթրեսը նույնպես անքնության տարածված պատճառներից են։ Այս դեպքում քնի հետ կապված խնդիրները հազիվ թե  լուծվեն, եթե հիմնական խնդիրը չվերացնեք։

Գոյություն ունի հոգեբանական թերապիայի հատուկ տեսակ, որը խորհուրդ է տրվում քնի հետ կապված խնդիրների դեպքում։ Այն կոչվում է CBT-I եւ ուղղված է քնել չկարողանալու տագնապի նվազեցմանը։

Հոգեթերապեւտը նույնպես կարող է օգնել պացիենտներին այնպիսի մտքերի, զգացողությունների եւ վարքագծի ձեւավորման հարցում, որոնք կարող են նպաստել անքնության հաղթահարմանը։

Ինչ վերաբերում է բնական միջոցներին, գուցե արժե փորձել վալերիանա կամ հակահիստամինային դեղեր։ Սովորաբար դրանք խորհուրդ չեն տալիս օգտագործել քնի հետ կապված խնդիրների առկայության դեպքում, բայց ոմանք դրանք օգտակար են համարում։ Մերսումը եւ թուլացնող գործողությունները նույնպես կարող են օգնել, նշել է բժիշկ Քենոնը։

med.news.am