Կարգավորող մարմինները կանաչ լույս են վառել ճաղատանալու դեմ պայքարի միջոցի առջեւ, այն կարող է վերականգնել մազերը։
Փորձերը ցույց են տվել, որ դեղահաբի ամենօրյա օգտագործումը կարող է գրեթե լիովին վերացնել այն վիճակը, որի դեպքում մազերը թափվում են խրձերով։
Բարիցիտինիբ դեղահաբն արդեն օգտագործվում է Մեծ Բրիտանիայի Առողջապահության ազգային համակարգում՝ մի շարք հիվանդությունների բուժման համար, ներառյալ արթրիտը, դերմատիտը եւ անգամ ծանր քովիդը։ Այն աշխատում է՝ ընդհատելով սխալ ազդանշանները, որոնք ստիպում են իմունային համակարգին գրոհել մազի ֆոլիկուլների դեմ, գրել է Daily Mail-ը։
Հիմա Մեծ Բրիտանիայի Առողջապահության ազգային համակարգի ղեկավարները դիտարկում են բարիցիտինիբը եւ որոշելու են, թե արդյոք առողջապահության ծառայությունը կֆինանսավորի մազաթափության բուժումը։
Մազաթափությունը (ալոպեցիա) տերմին է, որն օգտագործվում է մազերի թափվելը նկարագրելու համար, որով տառապում է կանանց 40 եւ տղամարդկանց 30 տոկոսը կյանքի որոշակի շրջանում։
Մոտ 100 000 բրիտանացի տառապում է «alopecia areata» հիվանդությամբ, որի դեպքում իմունային համակարգի բջիջներն անհայտ պատճառներով գրոհում են մազի ֆոլեկուլների դեմ։ Մի քանի շաբաթվա ընթացքում մազերն սկսում են թափվել խրձերով, ինչի հետեւանքով ճաղատություն է առաջանում։ Ոմանք կորցնում են նաեւ հոնքերը, թարթիչները եւ մարմնի այլ մասերի մազերը։
Ստերոիդային բուժումը կարող է նշանակվել քսուքի, գլխամաշկի ներարկման կամ հաբերի տեսքով, եւ այն արդյունավետ է յուրաքանչյուր հինգերորդ պացիենտի համար։ Բայց ստերոիդային դեղահաբերի ընդունումը կարող է կտրուկ բարձրացնել այնպիսի լուրջ հիվանդությունների վտանգը, ինչպիսին են 2-րդ տեսակի դիաբետը, ուստի բժիշկները խորհուրդ են տալիս պացիենտներն դադարեցնել դրանց ընդունումը վեց շաբաթ հետո։ Ստերոիդային քսուքները կարող են գրգռել մաշկը եւ միգրեն առաջացնել։
Բարիցիտինիբը, որը JAK ինհիբիտորների ընտանիքին է պատկանում, կարելի է ընդունել ամեն օր եւ անսահմանափակ ժամանակով։ Կողմնակի ազդեցությունները սովորաբար նվազագույն են, քանի որ, ի տարբերություն ստերոիդային դեղերի, այս դեղամիջոցը չի ախտահարում առողջ իմունային բջիջները։