Մազերի ճերմակելը ծերացմանը բնորոշ հիմնական նշաններից մեկն է, ուստի զարմանալի չէ, որ մարդիկ փորձում են հնարավորինս պայքարել ճերմակ վարսերի դեմ։ Սովորաբար մազերի գույնը վերականգնելու համար մարդիկ կիրառում են հատուկ ներկեր, սակայն նման միջոցները միայն էլ ավելի են վատթարացնում վիճակը՝ զգալի վնասելով վարսերը։ Նման խնդիրներից խուսափելու համար կարելի է կիրառել մազերին առողջ գույն հաղորդելու որոշակի բնական միջոցներ, որոնք ոչ միայն արդյունավետ կլինեն ճերմակած վարսերի դեմ պայքարում, այլև կբարելավեն մազերի և գլխամաշկի վիճակն ու առողջ փայլ կհաղորդեն վարսերին։
Հինա
Հինան մազերը ներկելու ամենատարածված բնական միջոցներից է։ Հարկավոր է երկու թեյի գդալ հինայի փոշուն ավելացնել մեկ թեյի գդալ կիտրանի հյութ, երկու թեյի գդալ կաթնաշոռ, մեկ հավկիթ ու կես թեյի գդալ կոկոսյան ընկույզի յուղ, լավ խառնել ու ստացված մածուկը քսել մազերին։ Այս դիմակը հարկավոր է թողնել երկու ժամ, որից հետո լվանալ վարսերը։ Այս պրոցեդուրան կօգնի վերականգնել վարսերի գույնն առանց դրանք վնասելու։
Քունջութ և քունջութի յուղ
Մազերի բնական գույնի վերականգնման համար շատ արդյունավետ կարող է լինել նաև քունջութը։ Պարզապես հարկավոր է հարստացնել սննդակարգը քունջութով և ժամանակ առ ժամանակ մազերին որպես դիմակ քունջութի յուղ քսել։
Կաթնաշոռ
Շատ արդյունավետ կարող է լինել նաև կաթնաշոռը։ Պարզապես հարկավոր է կես բաժակ կաթնաշոռին ավելացնել մի փոքր սև պղպեղ ու մեկ գդալ կիտրոնի հյութ ու ստացված խառնուրդը որպես դիմակ քսել վարսերին։ Բացի այդ, ժամանակ առ ժամանակ կարելի է նաև լվանալ վարսերը սիսեռի ալյուրի ու կաթնաշոռի խառնուրդի լուծույթով, ինչը կօգնի աստիճանաբար մազերին մուգ գույն հաղորդել։
Հալած կարագ
Ամեն օր գլխամաշկը հալած կարագով մերսելը ևս կարող է զգալի բարելավել վիճակն ու դանդաղեցնել մազերի ճերմակելու գործընթացը։
Կոկոսյան ընկույզի յուղ
Մազերին ավելի մուգ երանգ կարելի է հաղորդել նաև կոկոսյան ընկույզի յուղի և կիտրոնի հյութի խառնուրդի միջոցով։ Այս բաղադրիչների համադրությունը քիմիական ռեակցիա է առաջացնում, ինչի արդյունքում մազերը ժամանակի ընթացքում բնական ճանապարհով ավելի մուգ երանգ են ստանում։
Սև թեյ
Ճերմակ վարսերի դեմ պայքարում արդյունավետ կարող է լինել նաև հասարակ սև թեյը։ Այն կարելի է կիրառել լվանալուց հետո վարսերը ցողելու համար կամ դրանով դիմակներ պատրաստել։ Որպես պարզաջրման միջոց կիրառելու դեպքում հարկավոր է ամեն անգամ գլուխը լվանալուց հետո 200 մլ թունդ թուրմով ցողել վարսերը, իսկ որպես դիմակ կիրառելու դեպքում անհրաժեշտ է թեյի չոր տերևները երկու ժամ թրջել գոլ ջրում, տրորել ու մածուկ դարձնել, այնուհետև քսել այն մազերին և լվանալ գլուխը 40 րոպե անց։