Ինչ խանգարումների կարող է հանգեցնել աղի պակասը
Advertisement 1000 x 90

Ինչ խանգարումների կարող է հանգեցնել աղի պակասը

Սննդակարգից աղի բացառումը կարող է մահացու լինել, քանի որ նատրիումի պակասը հանգեցնում է նյարդային խանգարումների և սրտի հիվանդությունների զարգացման։ Այս մասին «Դոկտոր Պիտեր» պորտալի հետ զրուցում ասել է սննդաբան Եվգենյա Օգանեզովան։

Ինչպես մանրամասնել է մասնագետը, առողջական մի շարք խնդիրներից խուսափելու համար շատերը փորձում են հնարավորինս բացառել աղը սննդակարգից։ Բանն այն է, որ աղի չարաշահումը բացասաբար է անդրադառնում օրգանիզմի վրա՝ հանգեցնելով այտուցների առաջացման։ Սակայն, այնուամենայնիվ, աղի պակասը ևս կարող է վտանգավոր լինել, ինչի մասին ոչ բոլորը գիտեն։

«Աղի դեֆիցիտը կարող է հանգեցնել ընկճախտի, նյարդային ու հոգեկան հիվանդությունների զարգացման, մարսողության խանգարման, սրտանոթային համակարգի աշխատանքի խանգարման, հարթ մկանների սպազմների, օստեոպորոզի զարգացման ու անորեքսիայի։ Աղի բաղադրիչ հանդիսացող իոնների, ինչպես և ցանկացած այլ միկրոտարրի քրոնիկ պակասն օրգանիզմում կարող է մահվան ելք ունենալ», – նախազգուշացրել է մասնագետը։

Նատրիումի իոնները նպաստում են աղաթթվի արտազատմանը, իսկ այն ստամոքսահյութի կարևորագույն բաղադրիչներից է։ Նատրիումի աղերի պակասը կարող է հանգեցնել մշտական թուլության ու գերհոգնածության։ Ավելին՝ որոշ դեպքերում աղի պակասը կարող է լինել ընկճախտի զարգացմանը նպաստող հիմնական գործոններից մեկը։

tert.am