ՀՀ զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Սամվել Մկրտչյանը վրդովված է՝ 1992 թվականի նոյեմբերին Լաչինում վիրավորվել և գանգուղեղային տրավմա է ստացել, իսկ այսօր նրան հաշմանդամ չեն համարում, որպեսզի գումար չտան.
«Ես 1992 թվականի նոյեմբերին Լաչինում վիրավորվել և գանգուղեղային տրավմա եմ ստացել, տեղափոխվել եմ Գորիսի հիվանդանոց: Դե, վիրավորվեցի, անցավ-գնաց, բայց տրավման չի անցնում, այն ժամանակի ընթացքում ավելի է խորանում: 2-3 տարին մեկ գնացել ու բուժվել եմ ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում: Սրա համար քանի որ հաշմանդամության կարգ պետք է ձեռք բերվեր, վերցրեցի բոլոր փաստաթղթերս ու դիմեցի Շենգավիթի բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող հանձնաժողովին: Այնտեղ ասացին, թե հոսպիտալի բուժումները բավարար չեն, պետք է քաղաքացիական հիվանդանոց էլ գնամ: Գնացի N2 հիվանդանոց, հաստատեցին, որ առողջական խնդիրներ ունեմ:
Թղթերը տարա՝ հանձնաժողովը մերժեց: Սա 5 տարի առաջ էր: Երկրորդ անգամ այս տարի դիմեցի, կրկին մերժեցին: Այս ընթացքում Զեյթունի հիվանդանոցում համապատասխան բուժում էլ ստացա: Երբ 2-րդ անգամ էլ մերժեցին՝ ասացի՝ գիտե՞ք ինչ, այսօր դուք տաքուկ սենյակներում մեզ նման տղաների շնորհիվ է, որ նստած եք: Տղաների, որոնց պետությունը գումար է հատկացնում, իսկ դուք վաճառում եք այն մարդկանց, ովքեր պատերազմի հետ կապ չունեն, ռազմաճակատից կիլիոմետրերով հեռու են եղել: Ես այդ հանձնաժողովի անդամներին շատ պարզ ասացի՝ ես ձեզ կաշառք կյանքում չեմ տալու»,-Asekose.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Սամվել Մկրտչյանը՝ հավելելով.
«Հանել, ցույց եմ տվել, թե ինչքան դեղեր եմ գնում ու բոլորն իմ հաշվին: Ախր, այդ կարգը պետք է լինի, որ գնամ բուժվեմ, ցավերս թեթևացնեմ: Գիշերը չեմ կարողանում քնել ականջների, գլխի ցավից: Անընդհատ ցնցումներ եմ ունենում: Այս ցավերով ապրիլյան պատերազմին եմ մասնակցել, բազում պատվոգրեր եմ ստացել, բայց դե, ի՞նչ…»: ՀՀ զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետը հույսը կորցրել է, գրեթե վսահ է՝ անգամ ՊՆ-ն ու Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությունը ոչինչ չեն անի:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: