Նախորդ գրառումս ջնջեցի՝ ջղաձիգ հուզական պոռթկում էր, գրեցի, հետո հասկացա, որ ոչ հասցեատերերն են ամոթ զգալու, ոչ, առավել ևս, արնախումի ընտանիքը:
Դեռ 2018-ից կանխազգացել եմ (կոլեգաներս, ընկերներս ու հարազատներս կփաստեն) ողբերգությունների այն ամբողջ շղթան, որոնք ապրեցինք ու ապրում ենք:
Ոչ մի վայրկյան չեմ հավատացել հեղափոխականներին, ինձ մեղադրել եմ (մեղադրել են) անհավատության ու ժողովրդի ձայնին ականջալուր չլինելու համար:Հիմա չեմ գրում, որ ասեմ «ես ճիշտ էի, դուք սխալ». արդեն ուշ է մեղադրանքների, ատելության, անգամ միմյանց սիրո խոստովանություններ անելու համար:
Ես այն մարդկանց թվին եմ պատկանել ,որոնք իրենց կյանքը չեն պատկերացրել օտար երկրում:
Պատերազմից հետո գնացի, որ չմեռնեմ:
Եթե կուզեք`փախա, գլուխս առա ու փախա, որ մոռանամ, որ չսատկեմ, որ չխեղդվեմ անզորությունից: Գաղթականի ցուպը ոսկրացել ու կպել է մեր ողնաշարին, մտածում ենք կփախչենք կգնանք, բայց, ավաղ, գնալով մենք մեզ էլ ենք մեզ հետ տանում:Ես չեմ ճանաչում մի հայ, որ Հայաստանից հեռացել է գիտակից տարիքում ու երջանիկ է օտարի հողում:
Իմ կյանքի ամենածանր պահերին անգամ իմացել եմ, որ լույսը բացվելու է.
վերջին 4 տարում լույս չտեսանք՝ չբացվեց:
Ինձ երջանիկ համարելու շատ առիթներ ունեմ, երջանիկ եմ որպես կին, դերասանուհի, զավակ, բայց քիչ է։
Կասեք «ի՞նչ ես ուզում աղջիկ ջան ,գնա հանգիիիստ ապրիիիի»:
Ես վախենում եմ, վախենում եմ Արցախ չունենալուց, արցախահայությանը կորցնելուց, վախենում եմ գնալուց, վախենում եմ վերադարձից, վախենում եմ ինքնաթիռների երկրիս հասցեն չգտնելուց։
Վախենում եմ ոտքերիս տակ հողը կորցնելուց ու անհասցե թափառելուց…
Դերասանուհի Մարջան Ավետիսյանի ֆեյսբուքյան էջից