Տնական թուրմերը և կիտրոնով թեյը մրսածությունը բուժելու լիարժեք միջոցներ չեն, այլ գործում են միայն՝ որպես թերապիայի հավելում, ասել է «Гемотест» լաբորատորիայի բժիշկ-փորձագետ, բժշկական գիտությունների թեկնածու Եկատերինա Դեմյանովսկայան։ Lenta.ru-ին տված հարցազրույցում նա ցրել է ժողովրդական միջոցների մասին հայտնի առասպելները և հավելել, որ ազնվամորու մուրաբան կարող է վտանգավոր լինել շաքարախտով հիվանդների համար։
Բժիշկն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ մի շարք հիվանդությունների բուժման համար ավանդաբար օգտագործվող ժողովրդական միջոցները բուժիչ չեն, այլ պարունակում են արդյունավետ ակտիվ բաղադրիչներ։ Այսպիսով, մասուրի թուրմը՝ շնորհիվ C և P վիտամինների, օրգանական թթուների, պեկտինի և կենսաբանորեն ակտիվ այլ միացությունների բարձր պարունակության, ունի ընդհանուր տոնիկ ազդեցություն։ Թարմ կիտրոնը պարունակում է մեծ քանակությամբ ասկորբինաթթու, եթերային յուղեր, կենսաֆլավոնոիդներ և հակաօքսիդանտներ, որոնք անհրաժեշտ են օրգանիզմի պաշտպանիչ գործառույթները պահպանելու համար։
Դեմյանովսկայան նաև հիշեցրել է ինքնաբուժման պատասխանատվության մասին. օգտագործելով տնային միջոցները՝ պետք է համարժեք գնահատել իրավիճակի ռիսկայնության աստիճանը և հաշվի առնել մի շարք սահմանափակումներ։
Բուսական թուրմերը և մրգային ըմպելիքները կարելի է չափավոր օգտագործել՝ ջրային հավասարակշռությունը վերականգնելու համար, այսինքն՝ որպես բժշկի կողմից նշանակված հիմնական դեղորայքային թերապիայի հաճելի հավելում, նշել է Lenta.ru-ի զրուցակիցը։
Նմանատիպ իրավիճակ կարելի է նկատել ազնվամորու մուրաբայի դեպքում, ասել է Դեմյանովսկայան։ Նախկինում այն համարվում էր գրեթե համադարման միջոց մրսածության դեմ՝ տաք թեյի հետ օգտագործելու դեպքում ընդգծված դիաֆորետիկ ազդեցության պատճառով:
Մուրաբայի մեջ շաքարի առկայությունը կարող է վատթարացնել աղիքային միջավայրի վիճակը. քաղցրավենիք սիրող բակտերիաների պատճառով աճում է պաթոգեն ֆլորա, ինչը օգուտ չի տալիս իմունային համակարգին, զգուշացրել է բժիշկը։ Շաքարախտով կամ գիրությամբ տառապող մարդիկ նույնպես պետք է մեծ զգուշությամբ օգտագործեն ազնվամորու մուրաբա։
Պատրաստեց Անի Գաբուզյանը