Կանաչ կամ սև թեյն օգտակար է առողջությանը միայն այն առանց շաքարի, քաղցրացուցիչների, կաթի կամ սերուցքի խմելու դեպքում։ Այս մասին «Прайм» գործակալության հետ զրույցում ասել է թերապևտ Օլգա Ալեքսանդրովան։
Մասնագետի խոսքով՝ թեյն օժտված չէ ընդգծված բուժիչ ազդեցությամբ, սակայն որոշակի օգուտ օրգանիզմին այն, այնուամենայնիվ, տալիս է։ Օրինակ՝ սև թեյը հարուստ է հակաօքսիդանտներով, ամինաթթուներով և B խմբի վիտամիններով, որոնք շատ կարևոր են օրգանիզմի համար։
Կանաչ թեյի կանոնավոր գործածությունը նվազեցնում է քաղցկեղի առաջացման վտանգը և պաշտպանում է սրտանոթային համակարգը։ Սակայն միևնույն ժամանակ մասնագետները խորհուրդ չեն տալիս օրական երեք բաժակից ավելի կանաչ թեյ խմել։
«Բոլոր դրական հատկությունները կապված են առանց շաքարի կամ սերուցքի թեյի հետ: Նման հավելումները կարող են հակառակ ազդեցությունն ունենալ՝ մեծացնելով նյութափոխանակության խանգարման վտանգը»,- զգուշացրել է բժիշկը։