Եհովան դպրոց է հասել, ո՞վ է տերը (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Եհովան դպրոց է հասել, ո՞վ է տերը

Միլիոնավոր ներդրումների տեսլականն անկարող է ուղղել մեր կրթական համակարգի ծուռ ողնաշարը: Կրթադաստիարակչական հստակ հայեցակարգ մշակելու փոխարեն նախարար Մկրտչյանն էլ իր հերթին է համակարգի կիսախարխուլ պատերը տաշում. տնօրենների նշանակման ձևաչափ մշակում՝ կոռուպցիոն ռիսկերի մեծ հեռանկար բացելով, ավատրական դասարանների առարկայական «բեռնաթափում» ծրագրում՝ կրկնուսույցի անհրաժեշտությունը մնում է անխուսափելի, խրթին ու անմատչելի քանի՞ անուն դասգիրք է հրատարակվել ու շրջանառության մեջ չի դրվում՝ պետբյուջեին մեծ վնաս պատճառելով:

Որպես չգրված օրենք՝ Հայաստանին հասցված նյութական վնասի համար վերադասը պատասխանատվության չի ենթարկվում, առավելագույնը՝ «կուժը կոտրվում է» ենթակայի գլխին: Հայաստանում պատգամավորական մանդատը շատերի համար կենսական անհրաժեշտություն է, անձեռնմխելիության երաշխավոր: Նրանց հոգը չէ մատաղ սերնդի կրթադաստիարակչության ռազմավարական նշանակությունը պետականաշինության գործում: Աթոռների ամրագրման խայտառակ պայքարի ստվերում, աղանդները բացահայտ շարունակում են իրենց որսը. «Եհովայի վկաներ» աղանդավորական կազմակերպության քարոզիչները այժմ անարգելք հոգեորսություն են անում դպրոցների տարածքներում՝ խեղելով մատաղ սերնդի ներաշխարհը, նրա ազգային-հոգևոր աշխարհընկալումը:

Անտարբերության անամոթ շղարշով աչք փակեցինք ամեն ինչի առաջ. աղանդավորական կառույցներին պատվեցինք ինքնադրսևորվելու և ազատ գործելու հնարավորությամբ՝ հանուն անբարո եվրոբարքերի հաճոյության ու նրանց տված հոնորարների: Աղանդների միջազգային ֆինանսական աղբյուրներից օգտվելով՝ մեր պետական և հոգևոր այրերը շարունակում են անտեսել ազգային և հոգևոր արժեքների խեղումը Հայաստանում:

Աղանդավոր «առաքյալներին»՝ հաճախ ճամփադ կտրող եհովայի վկաներին, հասուն մարդը կարող է ընդդիմանալ, հակադարձել գիտելիքներով, վանել իրենից, իսկ մանկահասակ երեխաները խոցելի են և  անպաշտպան են անգամ դպրոցի բակում:

Մատաղ սերնդի հոգևոր կրթությունն ու դաստիարակությունը այլևս եկեղեցու խնդիրը չէ. պետական և եկեղեցական տոնակատարություններում հնչած հայրապետական խոսքն առ ոչինչ է, եթե գործ չի դառնում: Պաթետիկ խոսքերով հնարավոր չէ սատարել ժողովրդին, ով ոչ միայն տնտեսական, այլև հոգևոր ճգնաժամ է ապրում: Հայ առաքելական եկեղեցու հոգևոր դասը ձեռնպահ է մնում մասնակցություն ունենալ հայ ժողովրդի ազգային, հոգևոր ու պետականաշինության գործում, առավելագույնը՝ դրանք որպես ցանկություն մնում են Կոնդակի վրա:

Աղանդավորական կառույցները, մի շարք արտոնություններից օգտվելով, տնավորվել են մեր երկրում: Եհովայի վկաները փոխել են իրենց մարտավարությունը, այժմ թիրախում մանկահասակ երեխաներն են՝ դպրոցահասակ երեխաների շրջանում տարածվող «Իմ դասը Աստվածաշնչից» գրքույկը դրա վառ օրինակն է: Պատկերազարդ գրքույկում նշված է, որ այն նախատեսված է երեք տարեկան և ավելի փոքր տարիքի երեխաների համար, սակայն իր պատկերազարդ գրավչությամբ ու պարզ ընթեռնելիությամբ այն հասանելի է նաև տառաճանաչ փոքրիկներին: Առաջին թեման ուսումնասիրելուց հետո, երեխայի ստացած ինֆորմացիան ստուգելու համար տրված առաջին հարցին եմ ուզում հրավիրել ձեր ուշադրությունը «Հարցրեք ձեր երեխային, թե… ինչ է Աստծու անունը, որտեղ է ապրում Եհովան, ինչ է նա ստեղծել»:

Ակնհայտ է, այս գրքույկը չափազանց լուրջ մարտահրավեր է ուղղված հայ ժողովրդի ազգային անվտանգությանը, նրա հոգևոր արժեքներին: Մինչ Հայ եկեղեցու պատմություն առարկան դասավանդվում է հանրակրթական դպրոցների միջին դասարաններում, Եհովայի վկաները ծրագրավորված, մեկ քայլ առաջ անելով, անցել են գրոհի՝ թիրախում ունենալով տարրական դասարանների առավել խոցելի ու անպաշտպան երեխաներին: Գրքույկն ավարտվում է այս փոքրիկ բանաստեղծությունով.

«Հայելու մեջ նայիր քեզ,

Ու տես՝ ինչքան լավիկն ես,

Եհովայի ստեղծածն ես,

Նրա փոքրիկ հրաշքն ես»:

Տևական ժամանակ զբաղեցնելով ՀՀ կրթության նախարարի պաշտոնը պարոն Մկրտչյանը նոր է նկատում դասագրքերում  (և ոչ միայն) «բեկումնային փոփոխություններ» կատարելու հրամայականը: Ավա՜ղ, Կրթության ազգային ինստիտուտի բարեփոխումներ ասվածը միայն գեղեցիկ հայերեն արտահայտություն է և ուրիշ ոչինչ…

Եհովան դպրոց է հասել, ո՞վ է տերը…

Ջեմմա Բաղդադյան