American Journal of Clinical Nutrition-ում հրապարակված հետազոտությունը նոր տվյալներ է ներկայացնում քիչ ուսումնասիրված հարցի վերաբերյալ․ ինչպես են բուսական սննդի գերակշռությամբ դիետաներն ազդում երեխաների առողջության վրա:
Վերջին տարիներին ավելացել է հետաքրքրությունը բուսական սսնդի գերակշռությամբ դիետաների նկատմամբ։ Պատճառներից մեկը, թե ինչու են մարդիկ անցնում բուսակերական կամ վեգանական դիետաների, առողջության մասին հոգալն է: Սնվելու վերաբերյալ շատ ուղեցույցներ խորհուրդ են տալիս հնարավորինս շատ ուտել բուսական ծագման մթերքներ: Բուսական դիետաների ազդեցությունը հիմնականում ուսումնասիրվել է մեծահասակների մոտ: Հայտնի է, որ բուսակերությունը և վեգանությունը նվազեցնում են սրտանոթային հիվանդությունների ռիսկը, սակայն մեծացնում են կոտրվածքների հավանականությունը, քանի որ բուսական սնունդը քիչ կալցիում է պարունակում:
Սակայն բավականաչափ հայտնի չէ, թե ինչ կողմնակի ազդեցություններ կարող է ունենալ սննդակարգից սննդի ամբողջական խմբերի բացառումը երեխաների վրա: Նոր հետազոտությանը մասնակցել է 5-ից 10 տարեկան 187 առողջ երեխա: Նրանցից 60-ը եղել են բուսակերներ, 50-ը՝ վեգաններ, իսկ 70-ը սնվել են բոլոր տեսակի սնունդով (հսկիչ խումբ): Նրանք բոլորը մեկ տարուց ավելի հետևել են նշված դիետաներին։ Երկու շաբաթվա ընթացքում սննդի բնույթը հստակեցնելու համար ծնողները մանրամասն գրել են, թե ինչ են ուտում երեխաները։
Հետազոտությունը ցույց է տվել, որ այն երեխաները, որոնք կերել են միայն բուսական սնունդ, սրտանոթային առողջության ավելի լավ ցուցանիշներ են ունեցել (մարմնի քաշ, լիպիդների և արյան մեջ գլյուկոզայի մակարդակ և այլն): Մասնավորապես, վեգանական դիետան կապված է եղել արյան մեջ ցածր խտության լիպոպրոտեինի («վատ» խոլեստերինի) մակարդակի 25 տոկոսով նվազման հետ՝ ի տարբերություն միս ուտողների հետ:
Միևնույն ժամանակ, ի զարմանս գիտնականների, այն երեխաները, որոնք բուսական սնունդով դիետայի են հետևել, սրտանոթային համակարգի առողջական պրոֆիլը մոտ է եղել այն երեխաների ցուցանիշներին, որոնք կերել են ամեն տեսակի սնունդ: Վեգանների համեմատ՝ նրանց մոտ անոթի ժամանակ գլյուկոզայի, շատ ցածր խտության լիպոպրոտեինների և տրիգլիցերիդների մակարդակն արյան մեջ բարձր է եղել։
«Սկզբում մենք զարմացած էինք բուսակեր երեխաների սրտանոթային առողջության վիճակով, սակայն նրանց սննդակարգի տվյալները ցույց տվեցին, որ նրանք ուտում էին վերամշակված բուսական սնունդ, որոնցում բջջանյութի և շաքարի մակարդակն այնքան էլ առողջ չէ, որքան վեգանների սննդակարգում: Մենք տեսնում ենք, որ միայն բուսական մթերքներ ուտելը բավարար չէ, մենք դեռ պետք է առողջ սնունդ ընտրենք»,-ասել է Լոնդոնի համալսարանական քոլեջի և Վարշավայի մանկական առողջության հիշատակի ինստիտուտի պրոֆեսոր, հետազոտության համահեղինակ Մալորժատա Դեսմոնդը: Վեգան երեխաները միջինը 3 սանտիմետրով ավելի ցածրահասակ են եղել, քան այլ կերպ սնվող երեխաները, նրանց մոտ հաճած է եղել վիտամին B12-ի պակաս, ոսկորներում հանքային նյութերի պարունակությունը 4-6 տոկոսով ցածր է եղել: Գիտնականները նշում են, որ վեգանական դիետայում ավելի քիչ են B12 և D վիտամինները, ինչպես նաև կալցիումը: Սա կարող է բացատրել նրանց մոտ հայտնաբերված զարգացման առանձնահատկությունները: Սակայն հետազոտության հեղինակները կարծում են, որ այդ թերությունները կարելի է փոխհատուցել այդ նյութերով սննդային հավելումների ռացիոնալ օգտագործմամբ։
Հեղինակները գրում են, որ ներկայումս հայտնի չէ, թե արդյոք նկարագրված խնդիրները (վիտամինների պակասը, ոսկրերի ավելի ցածր հանքային խտությունը և ցածր հասակը) կպահպանվեն հասուն տարիքում, և արդյոք դրանք ապագայում կազդեն առողջության վրա: Պարզելու համար, թե արդյոք վեգանական դիետան է իսկապես դրա պատճառը, պետք է լրացուցիչ հետազոտություններ արվեն: