Դժվար է չնկատել, որ շատ շուտով Հայաստանում ընտրություններ են։ Գերպոպուլիստական, մեդիապայքարներով և տեղեկատվական գործողություններով: Բնականաբար, այս ամենի համար անհրաժեշտ են ֆեյքերի ու թրոլների մեծ բանակներ։ Ու հասկանալի պատճառով, ֆեյքերի մասին խոսակցությունները սաստկանում են։ Արդեն սկսվել է ֆեյքերի որս։ Մյուս կողմից, ֆեյքերի վերաբերյալ անառողջ հետաքրքրությունը ստեղծում է սխալ պատկերացումներ։
Մինչև Ֆեյսբուքի ստեղծումը և մենաշնորհային դիրքերի գրավումը համացանցում՝ ներառյալ Հայաստանում, ֆեյքը որպես այդպիսին չէր հանդիսանում համացանցային սևեռուն գաղափար։
Մինչև սոցիալական ցանցերի դարաշրջանը օգտատերերը հիմնականում չէին գրանցվում սեփական անուններով։ Ամեն մեկն ընտրում էր իրեն բնորոշող ինչ֊որ մի կեղծանուն։ Հնդկացիների պես՝ մեկը Արծիվ էր, մեկը՝ Ոզնի, մեկը Խլուրդ էր, մյուսը՝ Ճգնավոր։ Եվ այլն։
Հետո եկավ Ֆեսյբուքը և ամեն բան փոխվեց։ Ցուկերբերգին և մնացած բաժնետերերին հարկավոր եղավ ներդնել իդեալական թիրախավորում ունեցող գովազդային համակարգ։ Ինչի համար պետք եղավ, որ մարդիկ Ֆեյսբուքում ներկայացնեն իրենց ճշգրիտ կենսագրական տվյալները։ Ով փորձում է կեղծել անունը կամ ծննդյան թիվը, իրեն վաղ թե ուշ սոցցանցը արգելափակում է և պահանջում է անձնագրի պատճեն, որպեսզի ըստ դրա ուղղի պրոֆիլային տվյալները։ Կամ հավերժ արգելափակման ենթարկի օգտատիրոջը։ Որը, փաստացի, իր պրոֆիլի տերն էլ չէ։
Լուսանկարը՝ mwewering-ի
Ընդամենը մի քանի տարի ֆեյսբուքայն ճնշումները հերիք եղան, որպեսզի մարդկանց մեծամասնությունը մոռանա հին ու բարի ցանցը, ուր բոլորը մականուններով էին, մեծամասնությունն էլ՝ անոնիմ, անհայտ։ Մարդիկ հաճախ չէին բացահայտում իրենց անձը։ Իսկ այսօր գոնե մի քիչ կիսաբաց պրոֆիլը արդեն կասկածներ է հարուցում։ Եվ անմիջապես պիտակավորվում է որպես «ֆեյք»։
Կարծում եմ, չարժե ամեն բան մի կաթսայի մեջ լցնել։ Հարկ է ֆեյսբուքում գրանցվածներին բաժանել առնվազն երեք խմբի, այլ ոչ երկու։
Կան նորմալ, ցանցի օրենքը հարգող օգտատերեր, որոնց գրանցվում են իրենց անուններով, նշում ճիշտ կենսագրական տվյալներ։ Դե լինում է, որ կանայք մի երկու տարի իրենց ջահելացնում են, բայց դա շատ էական չէ։
Իսկ ոչ լիարժեք կամ սխալ տվյալներ նշողներին բոլորին մեկ «ֆեյք» անուն տալը սխալ է։ Քանի որ կան մարդիկ, որոնք ստիպված են անանուն գրանցվում։ Օրինակ, աշխատանքի բնույթից, ընտանեկան խուճուճ իրավիճակից և հազար ու մի այլ հանգամանքից դրդված։ Կամ, գուցե, մարդ պարզապես ուզում է հին ժամանակների պես լինել վիրտուալ պերսոնաժ, կեղծանունով ապրել իր ցանցային կյանքը։ Նման օգտատերերը պարզապես անանուն են, բայց նույնքան լիարժեք, ինչպես մնացածները։ Եվ, կարծում եմ, մենք պետք է հարգենք նման մարդկան անանուն մնալու ցանկությունը։
Իսկ կան իսկական ֆեյքեր, որոնց ստեղծում են կոնկրետ նպատակների համար․ տարածել գովազդ, հայհոյել ինչ֊որ մեկին, քաղաքական քարոզչություն անցկացնել, տեղեկատվության միտումնավոր արտահոսք իրականացնել և այլն, և այլն։ Նման օգտատերերին ստեղծում են մարդիկ, որոնք ունեն տասնյակ, հարյուրավոր ֆեյքեր, որոնք նստած համակարգչի մոտ պատվեր են կատարում, թրոլիլնգով են զբաղվում, խեղաթյուրում են ինտերնետ քվեարկությունները և այլն։ Այս սրանք հենց այն ֆեյքերն են, որոնց դեմ պետք է միահամուռ պայքարենք։
Ամեն անգամ, երբ հանդիպում եք նման մարտական ֆեյքի, մի վիճեք, մի կռվեք հետը։ Պարզապես բողոքեք։ Ֆեյսբուքը բավականին մեծ տոկոսի դեպքում շատ շուտ արգելափակում է նման պրոֆիլները, եթե դրանց դեմ բողոքում են, նշում են, որ դրանք ֆեյք են։ Դրա համար պետք է մտնել, բողոքել և նշել, որ սա ֆեյք պրոֆիլ է: Նկարի վրա ցույց է տրված report կոճակը: Այն կիրառելուց հետո նկարի ֆեյքը հինգ րոպեում արգելափակվեց և այլևս գոյություն չունի։
Սամվել Մարտիրոսյան
Առաջնորդող լուսանկարը՝ panorama.am-ի