ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը երեկ տեղեկացրել է, որ մոտենում է երկար սպասված գարունը: Փետրվարի 24‐ից սկսած վերջապես Եգիպտոսից Հայաստան են ներթափանցելու հարավային տաք օդային հոսանքներ, որի հետեւանքով փետրվարի 24‐25‐ն ընկած ժամանակահատվածում հանրապետության ողջ տարածքում օդի ջերմաստիճանը կբարձրանա 10‐15 աստիճանով: Սուրենյանից armtimes.com-ը հետաքրքրվել է, թե ի՞նչ եղանակ է սպասվում մինչեւ փետրվարի 24‐ը, օդի ջերմաստիճանի բարձրացման հետեւանքով հնարավո՞ր են գետերի վարարումներ, կհալվի՞ արդյոք Սեւանա լիճը, որի վրա երեխաներն արդեն դահուկ են քշում, սահնակով սահում:
‐ Պարոն Սուրենյան, առաջիկա 4 օրերին ցուրտ եղանակը պահպանվելո՞ւ է:
‐ Այո, Հայաստանը շարունակում է գտնվել անտիցիկլոնի ազդեցության գոտում, սառն օդը եւ առանց տեղումների եղանակը կպահպանվեն: Փետրվարի 23‐ի լուսադեմին թույլ արտահայտված ճակատ է անցնելու ՀՀ տարածքով, կարող է թույլ ձյուն տեղալ: Իսկ փետրվարի 24‐ից Հայաստան կներթափանցեն եգիպտական տաք օդային հոսանքները:
‐ Տաք հոսանքների ամենամեծ ազդեցությունը Հայաստանի ո՞ր տարածքի վրա կլինի: Հատկապես ո՞ր մարզում է սպասվում բարձր ջերմաստիճան:
‐ Տավուշի եւ Սյունիքի հովիտներում փետրվարի 25‐ին ցերեկը ջերմաստիճանը կհասնի +12…+15 աստիճանի: Իջեւանում երեկ արդեն այդպիսի բարձր ջերմաստիճան է գրանցվել: Արարատյան դաշտում եւ Երեւանում սպասվում է +5… +6 աստիճան տաքություն, որ զգալի բարձրացում է՝ հաշվի առնելով այժմ առկա ‐7‐ը:
‐ Պարոն Սուրենյան, բնապահպանները հաճախ են խոսում վարարումների հնարավորության մասին: Ջերմաստիճանի այդ զգալի բարձրացումը եւ Երեւանում առկա ձնածածկույթը կարո՞ղ են Երեւանում ջրհեղեղի պատճառ դառնալ:
‐ Երեւանում երբեք ջրհեղեղ չի լինում: Բնապահպանները միշտ հիշեցնում են 1946 թվականի Գետառի վարարումը, երբ գետը քշել է գազանանոցը եւ այլն: Դա ձնհալի հետ կապված չի եղել, Գետառը ձնհալից երբեք չի կարող վարարել, որովհետեւ սնվում է Ողջաբերդի աղբյուրներից: 1946 թվականի վարարումը եղել է անձրեւի հետեւանք: 1 ժամվա ընթացքում 80 մմ անձրեւ է թափվել, որը մայիս ամսվա տեղումների նորմայի կրկնապատիկն է:
‐ Իսկ ՀՀ տարածքով հոսող այլ գետերի դեպքում կա՞ այդ հնարավորությունը:
‐ Մենք 5 օր առաջ կարող ենք ասել՝ ջրհեղեղ կարո՞ղ է լինել, թե՞ ոչ: 2012‐ին ունեցել ենք կրկնակի շատ ձնածածկույթ, բայց անգամ գետերի մոտ վարարում չի գրանցվել, մի փոքր մակարդակն է բարձրացել: Ինչո՞ւ: Օդի ջերմաստիճանը բարձրացել է, ձյունը աստիճանաբար հալվել է, ներծծվել երկրակեղեւի մեջ, անգամ գետերի մոտ չենք արձանագրել վարարումներ: Բայց 2004 թվականի մարտի 5‐ին նախալեռնային եւ հովտային գոտիներում ընդհանրապես ձյուն չկար, լեռնային շրջաններում էլ 25‐30 մմ էր, բայց հենց Եգիպտոսից տաք հոսանքը եկավ, դրան գումարվեցին նաեւ տաք անձրեւները, Քասախը, Հրազդանը, Ազատը լցվեցին Արարատյան դաշտ, ջրհեղեղ եղավ: Ասածս նշանակում է, որ ձնածածկույթը դեռեւս բավարար պայման չէ վարարումների, հեղեղումների համար: Այդտեղ համալիր օդերեւութաբանական երեւույթների ինտերվալ պետք է լինի. այսինքն՝ ջերմաստիճանի կտրուկ բարձրացում, դրան գումարած անձրեւներ, որ լեռնային գոտիներում հալք առաջանա, միանգամից իջնի ներքեւ: Այնպես որ հիմա ասել, որ հնարավոր է վարարում, հեղեղ, աբսուրդ է. դա հնարավոր է ասել 5 օր առաջ, եթե առկա լինի տաք օդի ալիքը, դրան գումարած անձրեւներ:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: