«Ավան-6» բնակարանային համալիրի շահառուների վարկավորման ծրագիրը մեկնարկեց։ Կառուցման ընթացքի մեջ է «Ավան-5 համալիրը, որը շահագործման կհանձնվի 2018 թվականին։ Իսկ ընթացիկ տարվա ապրիլ-մայիս ամիսներին կմեկնարկի ավելի մեծ, տարողունակ ծրագիր Քանաքեռ-Զեյթուն համայնքում։
«Բացառիկությունն այն է, որ պայմանագիրը կնքվում է ՀՀ դրամով, որևէ կերպ այն բեկման ենթակա չէ։ «Ավան-6»-ի համար տոկոսադրույքը բացառիկ է` 7.95։ Այսքան տոկոսադրույք մենք երբևէ չենք ունեցել։ Կախված շահառուի վարկունակությունից` կանխավճարը 10-20 տոկոս է։ Բնակարաններն էլ բաշխվել են վիճակահանության եղանակով»,- ասաց բնակարանաշինական ծրագրերի համակարգող Արսեն Քարամյանը։
Քարամյանը տեղեկացրեց, որ գոյություն ունի համապատասխան հերթացուցակ։ Կառուցվելիք նոր շենքերի համար առաջնահերթության կարգով զանգահարում են հենց հերթագրվածերին։ Կոնկրետ «Ավան-6»-ի բնակարանները բաշխել են նոյեմբեր-դեկտեմբեր ամիսների ընթացքում։
«Այնտեղ պրակտիկորեն տեղեր չունենք, սակայն ընթացքում տեղեր առաջանում են շահառուների ֆինանսական վայրիվերումների կամ չվճարումների ընթացքում»,-ասաց նա։
Ի դեպ, Քանաքեռ-Զեյթունում կառուցվելու է մարզաառողջարանային կենտրոն` մոտ 5500 քմ տարածքով։ Այն բոլոր շահառուները, որոնք մասնակցել են «Մատչելի բնակարան երիտասարդ մասնագետներին» ծրագրին, ծառայությունները կստանան մատչելի գներով, այսինքն դրանք հասանելի կլինեն միջին աշխատավարձ ստացողի համար։
«Մենք մտադիր ենք այստեղ օգտագործել արևային էներգիայի լայն սպեկտորը։ Մարզակառույցը պետք է ունենա արևային էներգիայի սնուցման ուժեղ կայան»,-ասաց Քարամյանը։
«Արարատ» բանկի գործադիր տնօրեն Աշոտ Օսիպյանն էլ պատասխանեց լրագրողների հարցին` արդյո՞ք հնարավոր է ծրագիրն իրագործել առանց կանխավճարի։
«Որպես տնտեսագետ` ուզում եմ ասել, որ դա շատ վտանգավոր ծրագիր է։ Բոլորին հորդորում եմ նայել ԱՄՆ փորձը`2008 թվականի ճգնաժամն ինչի՞ց է սկսվել։ Պետք է զգույշ լինել մեր հայտարարություններում ու որոշումներում»,- ասաց Օսիպյանը։
Բանախոսների խոսքով` բիզնես բաղադրիչից բացի ծրագիրն ունի նաև սոցիալական բաղադրիչ։ Երիտասարդ մասնագետներին հնարավորություն է տրվում ձեռք բերել մատչելի գնով ու մատչելի տոկոսով բնակարան, իսկ մայրաքաղաքին` միջազգային չափանիշներին համապատասխան նոր թաղամաս։
Հիշեցնենք, որ «Մատչելի բնակարան երիտասարդ ընտանիքներին» ծրագիրը մեկնարկել է 2008 թվականին։ Այն նախագահ Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրի մի մասն է։
Ծրագրի շահառու կարող են լինել այն երիտասարդ ընտանիքները, որտեղ ամուսիններից առնվազն մեկը երիտասարդ է, իսկ մյուսի տարիքը չի գերազանցում 35-ը (ներառյալ), և ամուսինների գումարային տարիքը չի գերազանցում 65-ը, կամ երիտասարդ միայնակ ծնողը, ում տարիքը չի գերազանցում 35-ը (ներառյալ):
Շահառուները պետք է ունենան եկամտի բավարար մակարդակ` ստանձնած վարկային պարտավորությունների կատարման համար: