Հեռահաղորդակցության ոլորտի աշխարհի գրեթե բոլոր մեծ ու փոքր ընկերությունները փետրվարի 27-ին կհավաքվեն Բարսելոնայում` մասնակցելու միջազգային ամենախոշոր ՏՏ իրադարձություններից մեկին` Mobile World Congress-ին: Տեսաձայնային և ինտերնետ ծառայություններ մատուցող ընկերություններն այնտեղ են գնում գործարար կապեր հաստատելու, ինքնագովազդվելու, շփվելու, ոլորտի զարգ ացման միտումներին ծանոթանալու։ Ինչպես տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից, Հայաստանն այս տարի առաջին անգամ անմասն չի մնա հեռահաղորդակցական իրարանցումից ու պատվիրակություն կուղարկի Mobile World Congress: Կոնգրեսին մասնակցելու է նաև ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը:
Նախարարի տեղակալ Բորիս Դեմիրխանյանի խոսքով` կոնգրեսը հեռահաղորդակցության ոլորտի ամենաներկայացուցչական միջոցառումն է. «Եթե համեմատենք սպորտի հետ, Mobile World Congress-ը մոտավորապես օլիմպիական խաղերի մակարդակի միջոցառում է»,- ասաց նա։
Mobile World Congress-ում այս տարի իր տաղավարը կունենա նաև հայկական արտադրության «Զանգի» հավելվածը: Ընկերության հիմնադիր Վահրամ Մարտիրոսյանը նշել է, որ այն ստեղծվել է 2013-ին, իսկ հետագա տարիներին անընդհատ զարգացել: Այսօր «Զանգին» ժամանակակից սուրհանդակ է, որով կարելի է զանգել, հաղորդագրություններ ուղարկել և տեսազանգեր կատարել iOS և Android օպերացիոն համակարգերով աշխատող սմարթֆոններից ու պլանշետներից:
Ընկերությունն այսօր ունի 1 միլիոնից ավելի բաժանորդ. այդ թիվը շարունակաբար աճում է։ Ամեն օր «Զանգի»-ին են միանում մի քանի տասնյակ օգտատերեր: «Ունենք տասնյակ կորպորատիվ հաճախորդներ։ Դրանք հեռահաղորդակցության օպերատորներ են 12 երկրից։ Առաջիկայում սպասվում է համագործակցություն հայաստանյան օպերատորներից որևէ մեկի հետ»,-հայտնեց Վահրամ Մարտիրոսյանը։
Հայաստանում «Զանգի»-ի մասին շատերը գիտեն, սակայն ընկերությունը միջազգային շուկայում ապրանքանիշը ճանաչելի դարձնելու խնդիր ունի: Mobile World Congress-ին մասնակցելու հիմնական նպատակներից մեկն էլ դա է:
«Մյուսը ուղիղ բիզնես նպատակներն են, այսինքն՝ հաճախորդներ ձեռք բերելը»,- նշել է ընկերության տնօրենը։
Անդրադառնալով կոնգրեսին նախարարի մասնակցությանը` նախարարի տեղակալ Բորիս Դեմիրխանյանը նշել է, որ համընթաց նախատեսվում են մի քանի կարևոր հանդիպումներ։
«Հուսով եմ, որ հանդիպումները կլինեն արդյունավետ և դրական ոչ միայն քաղաքական տեսանկյունից, այլև կնպաստեն ոլորտի զարգացմանն ու որպես բարձր տեխնոլոգիական երկիր՝ Հայաստանի ճանաչելիության բարձրացմանը»,- ընդգծել է Բորիս Դեմիրխանյանը։