Լրագրողների համար կազմակերպված «Թվային աշխարհի սպառնալիքները» թեմայով մամուլի ընթրիքին «Կասպերսկի լաբորատորիայի» գլխավոր տնօրեն Եվգենի Կասպերսկին հանդես եկավ ընդարձակ ելույթով, որն իր՝ հեղինակի նախընտրությամբ՝ վերնագրվել էր «Թվային միջնադար»՝ ցույց տալու համար երկու իրավիճակների նմանություններ, երբ միջնադարում ալքիմիկոսները փորձում էին ստանալ ոսկի՝ չիմանալով ֆիզիկայի օրենքները, որն այդպես էլ չհաջողվեց, այնպես նաև այսօր թվային աշխարհում է, որտեղ հորինվում են տարբեր բաներ, չհասկանալով սակայն՝ ինչպես կարելի է դրանք առավել պաշտպանված դարձնել:
Այսպիսով՝ Եվգենի Կասպերսկին հայտարարում է՝ Հայաստանը 2016 թվականին համացանցում օգտատերերի վրա կիբերհարձակումների թվով աշխարհում 14-րդն է, ու հավելում.
«2016թ. Kaspersky Security Network ամպային ենթակառուցվածքի վիճակագրական վերլուծության համաձայն` համացանցում կիբերհարձակումների քանակով Հայաստանը գրավել է 14-րդ տեղն աշխարհում: Կրկին 2016 թվականի տվյալներով Հայաստանում ամեն երրորդ օգտատեր համացանցային տիրույթներում բախվել է կիբերսպառնալիքների, վնասաբեր ծրագրերի հետ, ենթարկվել ցանցահենային գրոհների, դրամաշորթության, մասնավորապես` կեղծ, ֆիշինգային էջերի, սփամի և շատ այլ վնասակար երևույթների: Բացի այդ, Հայաստանում օգտատերերի 40%-ը ենթարկվել է, այսպես կոչված, տեղային սպառնալիքների՝ վնասաբեր օբյեկտների, որոնք թափանցում են կրիչների, օրինակ՝ ֆլեշների միջոցով: Եվս 10%-ն ունեցել է բջջային սարքավորումների սպառնալիքների հետ բախման փորձ»:
Հայտնի հակավիուսի ստեղծողը լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտնում է՝ պարզվում է՝ մեկ կիբերգրոհի արդյունքում օգտատերերի կրած վնասն ամբողջ աշխարհի միջին հաշվարկով կազմում է 134 ԱՄՆ դոլար։ Վնասաբեր ծրագրերով վարակման զոհն այդ գումարը ծախսում է սարքի վերանորոգման, կորցրած տվյալների վերականգնման, պաշտպանական ծրագրային ապահովման տեղադրման և այլ ուղեկցող ծախսերի համար:
ՆՎԱՐԴ ՄԱՆՎԵԼՅԱՆ