Մի շարք զինծառայողների գրքույկներում ջնջվել է այն մասը, որտեղ նշված էր, որ մասնակցել են մարտական գործողությունների։ Զինգրքույկներում պատերազմի մասնակցության փաստը հերքող դեպքերը հնարավորություն չեն տալիս զինծառայողներին օգտվել զեղչերից՝ թե՛ կրթության, թե՛ առողջապահության ոլորտներում։
Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեցին ՀՀ Պաշտպանության նախարարարության մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետ Ալիկ Ավետիսյանը, Վանաձորի Հելսինկյան քաղաքացիական ասոցիացիայի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը, հասարակական գործիչ Դավիթ Մաթևոսյանը, Թալիշում մարտական հենակետ հետ վերցնելու համար մեդալ ստացած նախկին ժամկետային զինծառայող Պարգև Խաչատրյանի քույրը՝ Կարինե Խաչատրյանը, ինչպես նաև նախկին զինծառայողներ Արեգ Ջանոյանը և Ջանիկ Սիմոնյանը։
Նախկին զինծառայող Արեգ Ջանոյանը ծառայել է 2014-16թ․ Ջաբրաիլի զորամասում։ Ապրիլի 2-ի առավոտյան տագնապով բարձրացել է մարտական դիրքեր։ Նրա խոսքով՝ Ջաբրաիլի զորամասից կա 6 դիրք, որոնց անձնակազմից զոհեր են եղել, ու այս վաշտի 50 %-ին գրել են՝ մարտական գործողությունների մասնակից, իսկ կողքի դիրքերի զինծառայողների զինգրքույկներում չեն գրել։ «Ղարաբաղի զինվորներին չեն գրում՝ մասնակից, իսկ Հայաստանից օգնության հասնելու համար եկածներինը, որոնք առաջնագիծ չէին էլ հասել, գրվել է՝ մարտական գործողությունների մասնակից»։
Իսկ մյուս զինծառայող Ջանիկ Սիմոնյանը Հադրութում է ծառայել․ «Ապրիլի մեկին ես էլ բարձրացել եմ դիրքեր, մեր հերթափոխի ժամանակն էր։ Մեզ ասացին, որ դիպուկահարներ են հանվել, ուշադիր կլինեք, հակառակորդի կողմից լինելու է բացահայտ հարձակում՝ պատերազմ։ Այդ օրվանից մինչև հունիսի 25-ն էնտեղ եմ եղել։ Բայց զինգրքույկիս մեջ նշված չի»։
Թալիշում մարտական հենակետ հետ վերցնելու համար մեդալ ստացած նախկին ժամկետային զինծառայող Պարգև Խաչատրյանի քույրը՝ Կարինե Խաչատրյանը, եղբոր հետ պատահածի մասին ասաց․
«Եղբորս զինգրքույկում նշվել է, որ մասնակցել է, կնիք է դրվել։ Երբ եկավ տուն, տեսանք, որ ջնջում է եղել։ Գրված է եղել՝ 02․06․16 մասնակցել է մարտերին գնդացրորդի պաշտոնում, բայց հիմա ջնջված է «է»-ն ու մասնակցելուց առաջ գրված է՝ «չի»։ Երբ ներկայացավ զինկոմիսարիատ, դիմում գրել տվեցին, որ Պաշտպանության նախարարություն ուղարկեն։ Հետո անձամբ ես զանգահարեցի Ղարաբաղի թեժ գիծ, ասացին, Ռազմական ոստիկանություն եմ զանգահարել, ասացին՝ կճշտեն, մեկ ամիս տևեց։ Հետո դիմեցի մամուլին, և հարցին անմիջապես լուծում տրվեց․ Պաշտպանության նախարարությունից զանգեցին, կանչեցին, ժամերի ընթացքում ճշտեցին, որ մասնակցել է, ունի մեդալ, և երկու օրվա ընթացքում տվեցին զինգրքույկի կրկնօրինակը, որտեղ նշված է, որ մասնակցել է մարտական գործողություններին»։
Հարցին՝ արդյո՞ք ջնջումները եղել են զինկոմիսարիատում, ՀՀ Պաշտպանության նախարարարության մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետ Ալիկ Ավետիսյանը պատասխանեց․
«Չէր կարող այդպես լինել, որովհետև զինգրքույկը զորացրման պահից սկսած՝ հանձնվում է զինծառայողներին։ Այսինքն՝ միգուցե ջնջումները եղել են զորամասերում»։
Ալիկ Ավետիսյանն այս խնդրին անդրադարձավ երեք տեսանկյուններից․ իրավական, բարոյական, կազմակերպչական։
«Իրավական առումով մենք բացառապես ունենալու ենք 50% զեղչից օգտվելու հնարավորություն։ Բարձրագույն ու հետբուհական կրթության մասին ՀՀ օրենքի համաձայն՝ մարտական հերթապահություն իրականացնող ու մարտական հերթապահության մեջ ընդգրկված պարտադիր զինվորական ծառայություն անցած ուսանողին առնվազն 30 % զեղչ հասնում է։ Ապրիլյան դեպքերից հետո, հաշվի առնելով սոցիալ-հոգեբանական վիճակը, Կրթության և գիտության նախարարության կողմից նախաձեռնություն եղավ, համաձայն որի՝ ապրիլյան գործողությունների մասնակիցներին պետք է տրամադրել մինչև 50 % զեղչ։ Խոսելով կազմակերպչական կողմի մասին՝ մենք պիտի հասկանանք, որ չկար հստակ օրենքի որոշ դրույթ, որը կսահմաներ, թե ի՞նչ գրառում պետք է կատարվի, ի՞նչ հիմքով պետք է կատարվի։ Շատ դեպքերում մարդիկ են եղել, որ 2016թ. զորացրվել են, ու իրենց մոտ նշված է եղել՝ մարտական գործուղությունների մասնակից։ Բայց հետո, երբ սկսեց ոլորտը կանոնակարգվել, արդեն սկսեցին հստակեցվել, որ զինծառայողը պետք է լինի ոչ թե մարտական գործողությունների, այլ մարտերի մասնակից»։
«2-3 անգամ հարցում եմ արել զինկոմիսարիատից, ոչ մի պատասխան չի եկել, միայն ասել են, որ մասնակցել եմ մարտական հերթապահության»,- ասաց նախկին զինծառայող Ջանիկ Սիմոնյանը։
Խոսելով թեժ գծին ստացվող հարցումների մասին՝ Ալիկ Ավետիսյանն ասաց․
«Թեժ գծով մոտ165 հարցում եմ ստացել։ Մենք վերանայում ենք ամեն ինչ։ Մի քանի անուն կա, որ ընդհանրապես չենք կարողանում գտնել ցուցակներում, բայց գործընթացը դեռևս շարունակվում է։
Արեգի համար նշված է, որ մարտական հերթապահության է մասնակցել, այլ ոչ՝ մարտերին։ Ջանիկը մեզ չէր դիմել։ 165-ից կա մոտ 10 անձի հաստատված ցուցակ, որ մասնակցել են մարտերին»։
Վանաձորի Հելսինկյան քաղաքացիական ասոցիացիայի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցի կարծիքով՝ այստեղ պատասխանատվության հարցն է․
«Մեծ է իշխանության պատասխանատվությունը, երբ 18-19 տարեկան երիտասարդներին մարտական հրամանով հանձնարարում են կատարել որոշակի գործողություններ, որն ուղղակի առնչվում է նրանց կյանքին և առողջությանը։ Կան պատասխանատուներ, բայց պատասխանատվություն չեն կրում։ Տեսնես՝ հրաման տվողն իր պատասխանատվության աստիճանը զգո՞ւմ է»։
Խոսելով այս խնդրի մասին՝ հասարակական գործիչ Դավիթ Մաթևոսյանը նշեց․
«Մենք բոլորս ասում ենք, որ ապրիլի միջադեպերի ժամանակ մեր մի միավորը հակառակորդի մի քանի միավորի առաջ ինչ մեծ ու արժեքավոր ռեսուրս էր։ Այսպես միայն ասում ենք, սակայն գործնականում ունենք այն, ինչ ունենք։ Այնքան շատ են խնդիրները։ Օրենսդրական դաշտի բացակայության խնդիր ունենք, պետք է օրենսդրություն սկսենք մշակել։ Եթե ուսանող չի, ապա որո՞նք են նրա արտոնությունները։ Ինքը մասնակցել է, հերոսացել է՝ անկախ նրանից՝ մեդալ ստացե՞լ է, թե՞ ոչ, բայց ի՞նչ առավելություն ունի նա, ոչ մի»։
Այս խնդրին անդրադառնալով բարոյական տեսանկյունից՝ Արթուր Սաքունց ասաց․
«Ինչքանո՞վ է բարոյական, որ գեներալ Մանվելը պետք է լինի գեներալ, կամ Սարոյանը լինի գեներալ։ Որտե՞ղ են այն հիմնավորումները, որ այս մարդիկ գեներալի կոչում են ստացել, և ինչքանո՞վ է բարոյական՝ մարդկանց, որոնց հրաման են տվել մարտական հերթապահություն իրականացնել անմիջականորեն, զինգրքույկի գրառումը չճանաչել։ Եթե քաղաքական այրերը հստակ ասում են՝ պատերազմական վիճակի մեջ ենք, ապա սրան համապատասխան՝ պետք է լինեն նաև իրավական կարգավորումներ։ Ինչքանո՞վ է բարոյական, որ այս կիսապատերազմյան վիճակի մեջ ծառայություն իրականացնողի ծառայությունը չի ճանաչվում՝ որպես պատերազմական ծառայություն, բայց մեզանից պահանջում են վճարումներ անել։ Դուրս է գալիս, որ անվտանգության ապահովման ամբողջ ծանրաբեռնվածությունը դրված է քաղաքացիների վրա»։
«Պետությունը պետք է պատասխանատվություն կրի իր քաղաքացիների համար։ Հայրենասիրությունը խոսքով չի, բլբլացնելով չի, սա արդեն հայրենասիրության հերն անիծել ա, հայրենասիրության հիմքում պատասխանատվությունն է այն անձանց նկատմամբ, որոնք իրենց կյանքն են նվիրաբերում երկրին։ Սա պետք է դրսևորվի օրենքի փոփոխությամբ, սոցիալական, հոգեբանական, ֆինանսական աջակցություններով»,- հավելեց Արթուր Սաքունցը։
Անի Թորոսյան