Life.panorama.am-ը դերասան Արմեն Մարգարյանի հետ խոսել է «Change» սիթքոմի և առաջիկա աշխատանքների մասին:
-Արմեն, կարծիքներ կան, թե «Change» սիթքոմը նոր եթերաշրջան չի ունենա, դրանք համապատասխանո՞ւմ են իրականությանը:
– Ոչ, նման բան չկա: Սիթքոմի երկրորդ եթերաշրջանի նկարահանումները կսկսենք հաջորդ շաբաթ: Ճիշտ է՝ զարգացումների մասին դեռևս ինքս էլ տեղյակ չեմ, բայց այն, որ սիթքոմը կունենա նոր եթրաշրջան, հաստատ է:
–Հիմա, եթե վերագնահատեք այս նախագծում Ձեր կատարած աշխատանքը, ի՞նչ բնորոշում կտաք:
– Անկեղծ ասած, երբ ստացա մասնակցության առաջարկը, երկար ժամանակ չէի կարողանում կողմնորոշվել՝ համաձայնել, թե ոչ: Մտածում էի, որ գուցե ինձ այդ ձևաչափում լավ չզգամ ու ինչ-որ բաներ լավ չստացվի. դերասանը շատ զգուշավոր պետք է լինի, որ իր հանդեպ կուտակած սերն ու հարգանքը չկորցնի, ուստի ես միշտ դերեր վերցնելուց առաջ երկար եմ մտածում այն հաղթահարելու մասին: Ինչևէ, երկար քննարկումներից հետո չէի կարողանում մինչև վերջ գտնել կերպարիս իրական տեսակն ու թե ինչպես է նա ներկայանալու: Այդ ընթացքում հանդիպեցի արդեն ընտրված դերասանների հետ ու հասկացա, որ նրանք ամբողջությամբ համահունչ են իրենց կերպարներին: Արդյունքում առաջարկեցի, որպեսզի ես էլ կեղծամով ներկայանամ. Այս գաղափարս սզկբում մտավախության պատճառ դարձավ անձնակազմում, բայց հետո, կարծես, թե չսխալվեցինք: Հիմա ուրախ եմ, որ ներգավվեցի այս աշխատանքում, որտեղ ինձ համար բացահայտեցի Հովհաննես Ազոյանին. Նա շատ տաղանդավոր ու լավ մտածողությամբ մարդ է: Նաև հիացած եմ մեր ռեժիսորով, ով, լինելով շատ երիտասրադ, շատ շնորքով է ու լավ է պատկերացնում, թե ինչի վրա պետք է շեշտը դնել: Նա կարողանում է դերասաններին չափի մեջ պահել, որպեսզի չշեղվեն կերպարների փակագծերից: Ընդհանուր թե դերասանական, թե ստեղծագործական թիմը շատ լավն է ու պրոֆեսիոնալ, ինչի համար ուրախ եմ:
-Նկարահանվել եք նաև «Շանթ»-ի «Օտարը» հեռուստասերիալում, փորձելու եք համատեղե՞լ երկու աշխատանքները:
– «Օտարը» հեռուստասերիալում ընդամենը երկու սերիայում կլինեմ: Հենց այդ պատճառով էլ համաձայնեցի նկարահանվել: Ինքս խուսափում եմ երկարատև նախագծերում նկարահանվել, քանի որ սիթքոմը ևս երկար ժամանակ է ինձնից պահանջում:
-Իհարկե, պրոֆեսիոնալ դերասանը պետք է կարողանա իրեն դրսևորել և դրամայում, և կոմեդիայում: Միաժամանակ՝ դերասանը երբեմն իր մեջ նախապատվություն է տալիս որևէ ժանրին: Ձեր պարագայում, ո՞ր ժանրն է հաղթողը:
– Ժամանակի ընթացքում մտածում էի, թե կոմիկ կերպարներն են ինձ համահունչ, հետո ասում էին, թե դրամատիկ ժանրում ևս կարողանում եմ ինձ դրսևորել: Կոնկրետ ինձ համար ժանրային խտրականություն չկա ու երբեք էլ չի եղել: Ինձ համար կարևոր է գտնել տվյալ կերպարիս հոգեվիճակը. ես պատրաստ եմ յուրաքանրյուր հոգեվիճակ ընկալել ու ներկայացնել: Դերասանը պետք է կարողանա երկու ժանրում էլ խաղալ, տարանջատել չի կարելի: Նախկինում նման տարանջատում չի էլ եղել, հիմա են այդպես բնորոշում, երբ նախկին КВН-ի մասնակիցները սկսեցին զբաղվել կոմեդիկ նախագծերով, աստիճանաբար նրանց սկսեցին համարել կոմիկ դերասաններ: