Ինչ-որ մեկի վրա ծիծաղելը ինտլեկտի նշան է: Ծիծաղելը, ոչ թե չարախնդալը, ծաղրելն ու կիսադառը հումորով ցավեցնելը: Հումորը ստիպում է սրել միտքն ու բառը, հարմարվել անհարմար իրավիճակներին ու միշտ լավատես մնալ:
Մեկս մյուսի, ինքներս մեզ, քաղաքականացված այս ամսին նաև քաղաքական գործիչների վրա ծիծաղելու կարողությունը սովորաբար ազգային ինտելեկտի, անկեղծության և ժողովրդականության նշան է: Արտասահմանյան վառ օրինակներն էլ լավ կհիշենք: Ջորջ Բուշը վաղուց անտի՝ մուլտհերոս է, Օբաման երեխաների հետ ծամածռվում ու նկարվում է «Նյու Յորք թայմսի» համար, Ուինսթոն Չերչիլի սարկազմի և սեփական թերությունները հումորային առավելություն դարձնելու մասին էլ ավելորդ է հիշատակելը:
Իրականացված բազմաթիվ հետազոտություններն ապացուցել են, որ հումորը, հատկապես սև հումորը, գերադաս ինտելեկտի նշան է: Իհարկե սև հումորի մասին խոսելիս տեղին է նաև հիշել, որ այն չպետք է հասնի անտակտության, սահմանագիծը պետք է լավ զգալ, բայց և բոլոր հնարավոր առիթներին կիրառել այն:
Հայաստանում, այս շատ խելացի երկրում, հաճախ եմ ճակատով բախվել «անհումորության պատին»: Մեր համաքաղաքացիները չեն կարողանում ձերբազատվել սեփական կարողություններին և ձեռքբերումներին անհարկի կարևորություն տալուց: Մտածում են՝ եթե որևէ մեկը սրամտի իրենց մասին, ապա տրորում է անձը, նշանակում է՝ հարգանք չի տածում, թերագնահատում է: Դրա համար էլ ցանկացած անմեղ հումոր ընկալում են իբրև անձնական վիրավորանք ու երբեմն տարիներով չեն մոռանում այն՝ փնտրելով վրեժի տարբերակներ: Ըստ իս, սա ցավալի երևույթ է: Միգուցե դրա պատճառն այն է, որ մարդիկ չափից դուրս լուրջ են վերաբերվում իրենց, կամ էլ նրանք չափից դուրս պաշտպանողական են, սակայն ինչո՞ւ:
Սեփական անձին հումորով չվերաբերվելն իհարկե պիտի ազդեր նաև ավելի լայն շերտերի վրա, և քաղաքականությունը դրանցից մեկն է: Սա այն ոլորտն է, որտեղ հումորն իսկապես անհրաժեշտ է, այլապես տեղ-տեղ դառնությունից կարելի է իսպառ մոռանալ, թե ինչպես է պետք դեմքի մկաններով ժպիտ կառուցել:
«Հարկ է զգուշանալ քաղաքական գործիչներից, որոնք կատակել չգիտեն: Հավանաբար նրանք ոչ միայն ցածր ինտելեկտ, այլև վառ դրսևորված թերարժեքության բարդույթ և վախ ունեն: Վախ, որ մարդիկ կտեսնեն դա, կհասկանան, որ այն չեն, ինչ ցույց են տալիս: Ես չեմ ասում, որ մենք պետք է մոռանանք հարգանքի մասին, չափը միշտ էլ կարևոր է: Պետք է հարգալից լինել մեր կարևոր ինստիտուտների և իշխանավորների նկատմամբ: Հումորը պետք է առողջ լինի և ելք փնտրի այն ճանապարհներում, որտեղ լուրջ ասված խոսքը չի կարողանում հաջողել»:
Քարոզարշավը եռում է, և արդեն նկատել ենք, թե որքան սուր և անհանդուրժողական պատասխանի են արժանանում այն քաղաքական գործիչները, որոնք ինչ-ինչ առիթների դեպքում հումորային մի բան են ասում դիմացինի մասին: Ուրախ ու անմիջական քայլերը դիտարկվում են իբրև անլրջություն, այդպես էլ չի գիտակցվում, որ ծիծաղող քաղաքական գործիչն ուրախ մարդ է: Եթե ուրախ է, ուրեմն իր շուրջբոլորն էլ կցանկանա ուրախություն տեսնել: Հետևաբար ամեն ինչ կանի, որպեսզի փողոցներով այսքան մռայլ ու մտահոգ քայլելու փոխարեն իր համերկրացիները ժպտալու շատ առիթներ ունենան: Եվ եթե հենց ինքը կարող է դիմացինի մասին դիպուկ ակնարկով, կամ սեփական անձին վերաբերող որևէ հումորով ուրախացնել մարդկանց, ստիպել քննարկել և անգամ հումորի այլ տարբերակ հորինել, ինչո՞ւ չանել դա:
Քարոզարշավը ժամանակավոր է, հումորը՝ հավերժ: Ուրեմն, ինչպես կասեր մեծ կենսասեր բարոն Մյունհաուզենը՝ ժպտացե՛ք, պարոնայք, ժպտացե՛ք…
Սիրով՝ ձեր Արիանա