«Հովհաննես Շիրազին ժողովուրդը սիրում էր ոչ միայն որպես բանաստեղծի, այլև որպես հայ մարդու, քաղաքացու. նա ժողովրդի ըղձասացն էր»,- «Հայ ձայնի» հետ զրույցում ասաց մեծանուն բանստեղծի որդին՝ քանդակագործ, գեղանկարիչ Վանանդ Շիրազը:
«Շիրազի հենքն ու հենարանը ժողովուրդն էր: Անկաշառ, ազնիվ ու արդար էր, իսկ կյանքն ու գործը միանման էին: Ժողովուրդը հենց այնպես ոչ ոքի չի ընդունում, նա ենթագիտակցորեն զգում է արդարն ու ճշմարիտը՝ իր հետ տանելով նրան դեպի հավերժություն», – ասում է կրտսեր Շիրազը՝ շեշտելով Շիրազի գրականության շատ բազմաշերտ ու բազմանյութ, ամենամարդասեր ու ինտերնացիոնալ բանաստեղծություն լինելու հանգամանքը: Ըստ գեղանկարչի՝ Շիրազն ինչքան ազգային է, նույնքան համամարդկային: 40-ականներին նա իր «Բիբլիականով» բացեց դեպի երկինք՝ Աստծու մոտ տանող երկնքի դռները:
«8 տարեկան էի, երբ մահացավ հայրս: Նրան գործողության մեջ չեմ հիշում, բայց ամենաթանկ ու տպավորիչ հիշողություններից մեկը հետևյալն է՝ երեկոները հավաքվում էինք իր գրասենյակում, և յուրաքանչյուրիս մի թեմա էր տալիս, որի վերաբերյալ հեքիաթ պետք է հորինեինք… Նա մեզ մտածել էր սովորեցնում, ասես դրդում էր, որ ստեղծագործեինք՝ ցանկանալով, որ իր զավակները լինեն արվեստի, հոգու աշխարհի մարդիկ. և այդպես էլ եղավ՝ բոլորս արվեստի աշխարհի մարդիկ դարձանք»,- ասում է բանաստեղծի որդին:
«Ամեն ինչում զգում եմ հորս շունչը: Արա Շիրազը սիրում էր կրկնել՝ Շիրազը մեզ գաղափար է տվել՝ հայրենիքի, ազգի, մարդու, մարդկության ու մարդասիրության գաղափարը, որը մեր արվեստում է երևում՝ դառնալով կյանք ու գաղափար»:
Ըստ հանճարի ժառանգի՝ Շիրազի նման մեծության ժառանգը լինելը երկակի նշանակություն ունի: Հասարակության մեջ սերն ու հարգանքը, անշուշտ, մեծ է, բայց որպես անհատ այդ մեծ ազգանունը, Հովհաննես Շիրազի զավակը լինելու իրողությունը, մանավանդ ստեղծագործող մարդուն երբեմն կարող է ճնշել կամ ընկճել ազատությունը, «բայց այս ամենից զատ ավելի կարևոր է այն մեծ սերն ու հարգանքը, որը ժողովրդի կողմից վայելում ես. դա ամենամեծ գանձն է, որը որևէ հայր կարող է կտակել իր զավակին: Պարտավորեցնող է լինել Շիրազի որդին…»: