«Փաստ» օրաթերթը գրում է. «Քարտեզագիր, աշխարհագրագետ Գրիգոր Բեգլարյանը նախաձեռնել է պատմական Հայաստանի համապարփակ քարտեզագրության աշխատանքները: Այն լույս է տեսնելու որպես եռհատոր ատլաս և կրելու է «Ատլաս հայաստանյայց աշխարհի» անվանումը: Ներառելու է ողջ պատմական Հայաստանը` Կասպից ծովից մինչև Էգեյան ծովը և Կովկասից մինչև Պարսից ծոցը: Շուրջ 781 հազար քառակուսի կիլոմետր տարածություն:
Բանն այն է, որ ատլասի վերջին հատորում ընդգրկվելու են շրջակա այն երկրները, որոնք քաղաքակրթական առումով կախվածություն ունեն Հայաստանից: Կամ որ նույնն է` գտնվելիս են եղել և այսօր ել գտնվում են հայ ժողովրդի քաղաքակրթական ազդեցության տակ: Դրանք են Ատրպատականը, ներկա Իրաքի տարածքը` Միջագետքը, Փոքր Ասիայի թերակղզին, որը ժամանակինԲյուզանդիայի կազմում էր կամ Հյուսիսային Կովկասը` Դաղստանը, Վրաստանը, Աղվանքը:
Հեղինակը բնականաբար իր աշխատանքները չէր կարող լիարժեք դարձնել առանց պատմական տեղանունների ստուգաբանության, որոնք տեքստային տարբերակով ներառվելու են ատլասում:
Հետաքրքիր բացահայտումներ է անում Գրիգոր Բեգլարյանը: Ըստ գիտնականի, հսկայական այս տարածության տեղանունների ճնշող մեծամասնությունը հայկական են: Պատմական տարբեր ժամանակների միջով հետ գնալով, նա իր ստուգաբանությամբ հասնում է մինչև բառի բուն արմատին, որը, ըստ գիտնականի, արդեն ունի հայկական նշանակություն: Այսինքն` հիմքում հայերեն բառն է:
Անշուշտ մեր հարևանները և ընդհանրապես տվյալ ժողովուրդները վաղուց են հրաժարվել հայկական ամեն ինչից: Մոռացել են կամ ցանկացել են մոռանալ, թե հայկական քաղաքակրթական ազդեցությունն ինչպիսին է եղել իրենց վրա: Կամ` իրենց կողմից յուրացված, իրենցը դարձրած բառերի հիմքում հենց հայերենն է: Ավելին` մինչև հիմա Արևմտյան ու Արևելյան Հայաստանները ռազմակալած մեր հարևաններն են մեր ազդեցության տակ, թե քաղաքակրթական, թե լեզվական առումներով:
Գրիգոր Բեգլարյանի մոտեցումն այսպիսին է` իր բառով ասած էքստրեմիստական է: Նա հայերենն է համարում հնդեվրոպական լեզուն, որից սկիզբ են առել մյուս լեզուները: Բայց եթե դա չեք ցանկանում ընդունել, ապա միանշանակ է, որ հայերենն է հնդեվրոպական լեզվին ամենամոտ լեզուն:
Եթե, ըստ հեղինակի, մարդկության քաղաքակրթության օրրանը Հայաստանն է, և այստեղից է այն տարածվել աշխարհի մյուս տարածաշրջաններում և հասել այլ ժողովուրդների, ապա տրամաբանական է, որ վերջիններիս տեղանունները ևս իրենց հիմքում պետք է կրեն հայերենը: Պարզապես այդ բառերը տառադարձված են և ամեն մի լեզվում հնչում են յուրովի:
Ու օրինակներ է բերում: Քարտեզներում առաջին հայացքից մենք թուրքական անվանումներ ենք տեսնում: Բայց` միայն առաջին հայացքից: Իրականում այնտեղ թուրքական ոչինչ չկա: Օրինակ` Գյանջան ընդամենը Գանձակի տառադարձված տարբերակն է:
Կամ Էրզրումը, որը թվում է, թե թուրքական բառ է, իրականում արաբական անվանում է, որի հիմքում կրկին հայկական արմատն է: Այն ծագել է Արծն կամ Արզն–Արզնի հնագույն հայկական քաղաքի անվանումից, որը գտնվելիս է եղել մոտիկ տարածքում:
Անգամ ստան արմատը, որն համարում ենք պարսկական կամ պարթևական ծագմամբ, հայկական հնագույն բառ է: Նշանակում է`ըզտուն: Այսինքն` Ռուսաստան` ռուսաց տուն, կամ Հայաստան` հայոց տուն:
Իսկ գոմ բառի համար Գրիգոր Բեգլարյանը բոլորովին այլ բացատրություն ունի: Այն եթե այսօր նշանակում է անասունների կացարան, ապա հազարամյակներ առաջ ունեցել է դիցարանի նշանակություն: Իր հաշվարկով` շուրջ յոթ հազար տարի առաջ:
Ավելին` պարսիկներն են մեր լեզվին շնորհակալ, որ իր մեջ պահել է զրադաշտական ժամանակների պարսկական արմատները, որոնք պարսկերենում վաղուց դադարել են գոյություն ունենալ` ատրուշան, բագին, մեհյան և այլն, և այլն:
Կամ Բաքու քաղաքի անվանումը որտեղի՞ց է գալիս: Այն Բագավան բառն է, որ տառադարձվելով դարձել է Բաքու: Կամ Ղարաբաղ բառն ինչո՞ւ անվանենք թուրքական բառ և թարգմանենք Սև այգի: Ինչպես հնարեցին անգլիացիները: Ղարաբաղը հնագույն հայկական բառ է, որը նշանակում է խառը բագ: Այսինքն` շատ բագիններ»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի այսօրվա համարում: