Հարցազրույց վավերագրող, լրագրող, հանրային կապերի մասնագետ ՎԱՐԴուհի Սիմոնյանի հետ:
– Վերջին տարիներին, կարծես թե, նորաձև է դարձել սեփական լրատվամիջոց ունենալը: Առավել հաճախ նորաստեղծ լրատվամիջոցները պատկանում են որևէ քաղաքական ուժի, կուսակցության կամ քաղաքական պերսոնայի, ֆիանանսավորվում են նրանց կողմից և զբաղվում ակնհայտ քարոզչությամբ: Ինչպե՞ս եք գնահատում հայաստանյան իրականության մեջ ԶԼՄ–քաղաքականություն նման հարաբերությունները, հնարավո՞ր է ստանալ օբյեկտիվ լրատվություն՝ լրատվական դաշտի բևեռացվածության պայմաններում:
– Գիտեք, դա ամենավատ բանը չէ, որ պատահել է ԶԼՄ-ներին: Ամենավատն այն է, որ նա մեռել է: Այն, ինչ դասական իմաստով սահմանված ու ձևակերպված էր որպես զանգվածային մեդիա, այսօր արդեն գոյություն չունի և ոչ միայն Հայաստանում, այլ ամբողջ աշխարհում:
Մեդիայի կլասիկները անկախ մամուլը տեղակայել էին պետության և շուկայի կողքին որպես ժողովրդավարության ֆունդամենտալ արժեք: Բայց նյութը, սպառողական էգոիզմը կերավ նախ ժողովրդավարության առասպելը, ապա և անկախ մամուլի բլեֆը: Ամերիկյան մեդիահետազոտողներն արդեն գրում են, որ մասմեդիան տնտեսական և քաղաքական իշխանության գործակալ է դարձել և հնչեցնում է միայն այդ կլանների ներդրած ֆինանսների ռոմանսները: Քաղաքական և տնտեսական ազդեցիկ շրջանակները տիրել են ամբողջ մեդիալանդշաֆտին:Նույն Գերմանիայի օրաթերթերի ուղիղ կեսը հինգ ընկերության սեփականությունն է, ամսագրերի 70 տոկոսի դեպքում կրկնվում է 6,7 տիրոջ անուն: Անգլիայում չկա գոնե մեկ տպագիր մամուլի օրինակ, որի հետևում կանգնած չլինի որևէ ազդեցիկ կոորպորացիա, ընգծեմ՝ ոչ թե ինչ-որ ուժի ականջներ, այլ հստակ իրավաբանական հասցե:
Սա, առաջին հայացքից բավականաչափ տագնապալի փաստ է թվում, և միջազգային հեղինակավոր կազմակերպությունները մեկը մեկի հետևից ստեղծում են փորձագիտական հարթակներ, որպեսզի սանձեն մեդիամոնոպոլիաներն ու մասմեդիային վերադարձնեն բազմակարծությունը: Բայց, իմ համեստ կարծիքով, եթե անգամ անկեղծ են այդ ջանքերը, միևնույն է, դրանք անիմաստ ջանքեր են:
Թվանշային նոր ժամանակը, ժամ-ժամ ծավալվող քաղաքացիական լրագրությունը նոր խնդիրներ է դրել մասմեդիայի առջև: Նա այլևս նախկին բարի հրեշտակը չէ, որ խոսում էր ճշմարտության անունից, բայց մատը մատին չէր տալիս, որ այդ ճշմարտությունը դառնա օրենսդրական ակտ կամ գոնե մի տողով մտնի երկրի բյուջե, այսինքն՝ դառնա քաղաքական վարք, աշխարհընկալում: Եվ ամենևին էլ զազրելի չէ, որ այսօր մասմեդիայի ռոմանտիզմի շրջանն ավարտվում է. մարդկանց այլևս չես զարմացնի զուտ ճշմարտախոսությամբ՝ նրանք քեզնից ավելի լավ գիտեն ինչն ինչոց է և հստակ գործողություններ են քեզնից պահանջում:
Լրատվամիջոցը իրադարձությունների հետևից քարշ գալու և փոստատարություն անելու փոխարեն, պետք է դառնա գործող անձ, կազմավորի գործընկերային հզոր ցանցեր, հենց ինքը ստեղծի իրադարձություններ և դառնա քաղաքական օրակարգ թելադրող կողմ: Իսկ դրա համար պետք է գտնել հաղորդակցությունը տնտեսական և քաղաքական հզոր կառույցների, անձերի հետ: Առանց ձևեր թափելու պետք է հայտարարել, որ մենք ձգտում ենք իշխանության: Այո, հակառակ դեպքում, մենք ի վիճակի չենք կյանքի կոչել մեր հռչակած գաղափարները:
Կարելի է, իհարկե, մի քիչ էլ ձգել ռոմանտիզմի այս շրջափուլը, գլուխը պատին տալ և անդադար կոծել, որ մեր աղեկտուր լացն ու ատամների կրճտոցն անլսելի է մնում իշխանությունների կողմից: Բայց սա լրագրությունը վերջապես կվերածի գուսանության: Քաղաքացիական լրագրությունն արդեն այդ սազն առել է մեր ձեռքից, իսկ մեր նպատակը, կարծես, հասարակության հետ առճակատումը չէ: Եվ ուրեմն, ինչու ենք ձևեր թափում. պետությունն էլ կառավարվում է մեկ կուսակցության կամ կուսակցությունների կոալիցիայով չէ՞: Իշխանությունը կուսակցություն չէ՞: Անգամ ցանկացած պաշտոնական հաղորդագրությունն է կուսակցական քարոզչություն, որովհետև դա հաղորդում է այն մասին, որ հաղթած կուսակցությունը շարունակում է բուռն աշխատել: Բոլոր նախարարությունների և գերատեսչությունների պաշտոնական տեղեկատվությունը հենց իշխող կուսակցության /կամ կոալիցիայի/ քարոզն է, նրա քաղաքական լեգիտիմացումը: Այստեղ գլխավոր հարցը մեկն է՝ հանրային վստահության քվեն: Իսկ դա տրվում է միայն այն մեդիապերսոններին, որոնք իրենց մասնագիտական արժանապատվությունն ու խիղճը չեն մանրել, երբ նրանց գաղափարները չեն համընկել գործատուի օրվա կուրսին, գերադասել են գործազուրկ մնալ, բայց երբեք վաճառքի չհանել իրենց համար թանկ արժեքներ:
Հայաստանում եղել են ու կլինեն մասնագիտական պատիվ ունեցող անկախ լրագրողներ: Ապագայի մասմեդիայում էլ նրանք կլինեն գլխավոր գործող անձինք, հենց նրանց բլոգները կդառնան այն եզակի բովանդակությունը, որով հանդես կգա ապագայի լրատվամիջոցը: Հավատացեք, իմ այս կանխատեսմանը, իսկ այս փուլում, եկեք չսարսափենք անգամ կուսակցական մեդիայից, որքան էլ նրանք սարսափելի լինեն:
– Օրերս ականատես եղանք մի դեպքի, որը հարված էր ժուռնալիստական էթիկային և ցույց էր տալիս քաղաքականացված լրատվամիջոցների իրական դեմքը: Մասնավորապես, խորհրդարանում Նիկոլ Փաշինյանի և Հեղինե Բիշարյանի միջև տեղի ունեցած վիճաբանությունից հետո Փաշինյանին պատկանող լրատվամիջոցը («Հայկական ժամանակ» օրաթերթը) տեղեկատվություն հրապարակեց «Հայկական վերածնունդ» կուսակցությանը պատկանող Հ3 հեռուստաընկերության վերաբերյալ: Լրատվական դաշտը հերթական անգամ հարթակ դարձավ կուսակցական էժան քաշքշուկի համար: Ինչպե՞ս կգնահատեք նման իրողությունները հայկական լրատվական դաշտում: Հնարավոր համարո՞ւմ եք ինչ–ինչ մեխանիզմներով այս հարցի կարգավորումը:
– Անշուշտ, կա հակում քաղաքական և հասարակական ինստիտուտները վերածել «տեցի կրուգի»: Իհարկե, անհնարին է քաղաքական վարքուբարք ակնկալել այնտեղից, ուր հավաքագրել են հատուկ հունար ունեցողների, որոնք կոչված են գաղափարական վակուումն ու պարապը հագեցնել թամաշի տեսարաններով: Բայց կրկեսային այս ռեինկարնացիան լուրջ լրատվամիջոցի համար բնավ էլ չպիտի լուր, նորություն լիներ, անգամ 18+ նշանով: Նորությունն այն հրաշքը կլիներ, որ հանկարծ պարզվեր, որ վիճաբանող կողմերից գոնե մեկը կարդացել է վիճաբանության առարկա ընտրական օրենսգիրքը, կամ նույն հարցով ամբիոն բարձրացողների գոնե 5 տոկոսն է կատարել այդ սխրանքը:
Բայց սա պարզելու համար լրագրողն ինքը պիտի ծանոթ լինի այդ կենսական օրենքի դրույթներին, ի վերջո, Աժ-ի լուսաբանումը մեծ հաշվով պիտի ծառայի հանրային իրավագիտակցության բարձրացմանը, քաղաքացիական հասարակության ձևավորմանը, իսկ առանձին էկզոտիկ կենդանիների մասին տեղեկատական քաղցն այլ աղբյուրների հաշվին էլ կարելի է բավարարել: Բայց սա ապագայի երազանք է թվում, երբ տեսնում ես, թե ինչպես է «բ-փ»-ի ուղղագրությունը չիմացողը մեդիամենեջեր հռչակվում և համատարած աղբով լցնում տեղեկատվական միջավայրը:
Կարելի է ենթադրել, որ պետության համար սա կառավարելի քաոս է, հակառակ դեպքում պետական կարգավորիչները չէին ուշանա: Այլ բան է, որ ավելի քաղաքակիրթ տարածքներում արդեն հրաժարվել են մարդու սահմանափակ ինֆոտարածությունը աղբով զմռսելու մանիպուլյատիվ տեխնոլոգիայից: Որովհետև հասկացել են, որ երբ մարդուն հանգամանալից բժժացնում և հիմարացնում ես, միևնույն է, դրանից նրա ուտելու ցանկությունը բնավ էլ չի բթանում, և ցանկացած բունտի համար խելակորույսի ստամոքսահյութից ավելի գործուն ռումբ դժվար է պատկերացնել: Մեր դեպքում այդ տեխնոլոգիան, ուղղակի մահաբեր է, որովհետև ժամանակ առ ժամանակ հարկ է լինում զանգվածներին մարտի ուղարկել, և միշտ չէ, որ հասարակական մարմնից կհասցնես արագ հանել թմրեցուցիչ ներարկիչը՝ արագ նստեցնելով ռազմահայրենասիրական ասեղի վրա:
– Հաշվի առնելով նախկին տարիների փորձը՝ ի՞նչ կարող ենք սպասել նախընտրական շրջանում ընդդիմադիր, իշխանական և ընդհանրապես կուսակցական ԶԼՄ–ների գործունեությունից:
ԶԼՄ օրենդրությունը չի սահմանում ընդդիմադիր կամ իշխանական լրատվամիջոց հասկացությունները, ուստի, եթե ոմանք իրենց այդպիսին հռչակում են, ապա հաստատ օրենքից դուրս են: Ավելի լավ կլինի մեկընդմիշտ հրաժարվել այդ բնորոշումից, մանավանդ, որ, իրեն ընդդիմադիր դիրքավորած լրատվամիջոցը օրվա երկրորդ կեսին կարող է Հանրապետականից ավելի իշխանական դեմք ընդունել: էլ չենք խոսում կուսակցական ԶԼՄ-ների մասին, որոնց քաղաքական դիքորոշումը կարող է փոխել մի հարկային տեսուչի այցը կուսառաջնորդի բիզնես տարածք:
Հարցնում եք՝ ի՞նչ կարող ենք սպասել նրանցից նախընտրական շրջանում: Պատասխան՝ հաղթանակներ, միայն հաղթանակներ: Արդեն 30 տարի է, նույն կինոյի հերոսները սերիալից սերիալ ահագին ծերանում են, իհարկե, բայց շարունակում են բոլորին հաղթել: Եթե խիստ երկրորդական դերակատարման համար չի գտնվում անգամ մի այլ Ահարոն Ադիբեկյան, ապա ինչպես կարող է անգամ մի ձևական քաստնինգ հայտարարվել գլխավոր դերերի համար: Քաղաքական դաշտն ականապատ է՝ ահա ճշմարտությունը:
Ինչ կարող ենք անել մենք՝ լրագրողներս: Ընդհանրապես, բոլոր ԶԼՄ-ներում շրջանառվում են քաղաքական նույն դեմքերը: Այդ մենք ենք հանրայնացրել նրանց և շարունակում ենք ամեն օր մի երկու տասնյակ մարդու խոթել հանրության ականջն ու աչքը՝ թույլ չտալով, որ մարդիկ գոնե մեկ ժամ մոռանան նրանց մասին: Ժամանակն է մեր էջերից հավաքել նրանց, ովքեր մեզ տասնամյակներ շարունակ հաղորդումներ են տվել իրենց անգործության և անպետքության մասին: Այլ ելք ուղղակի չկա՝ մենք նրանց ծնել ենք, մենք էլ պիտի սպանենք, իսկ քաղգործչի մահը գուժում է հենց մեդիայի լռությունը:
Ժամանակը չէ՞, որ մենք հարթակ դառնանք նոր, ժամանակակից գիտելիք կրող, նոր մտքեր ու գաղափարներ առաջադրող երիտասարդ ու միջին սերնդի պրոֆեսիոնալների համար: Մեդիան հենց նոր քաղաքական իրավիճակ, նոր էլիտաներ, նոր մարդ, նոր իրականություն ստեղծելու արվեստն է:
Գոհար Ավետիսյան