Տիգրան Պասկևիչյան. Խեղճ Կրեբս
Advertisement 1000 x 90

Տիգրան Պասկևիչյան. Խեղճ Կրեբս

Բանակից տուն գալուց հետո շատ դժվար է։ Բանակը պայմանականությունների տարածք է։ Դու պայմանական ես, դիմացինդ՝ հավանական։ Սնունդն ու հագուստը ձրի են, սխրանքը՝ նույնպես։

Սխրանքի արժեվորումը թող մնա երիտասարդ-թերհաս լրագրողներին, որոնք թարմ շիրմիդ դրվելիք ծաղիկների համար վճարելու փոխարեն կպեղեն չորրորդ դասարանի ուսուցչուհուդ, որ պատմի, թե (տարօրինակ զուգադիպությամբ) բոլոր շարադրություններում ինչպես էիր երազում մեռնել՝ համենայնդեպս իմացյալ մահով։

Բոլորովին այլ է բանակից ողջ ու առողջ տուն գալը։ Պիտի սովորես կամ աշխատես, պիտի արմունկներով ճամփա բացես ու տեղ գտնես արևի տակ, եթե, իհարկե, քեզ համար օտար-հեռավոր քաղաքներում արևն ավելի վառ ու պայծառ չի ճառագում։

Կիսապատերազմական կամ, ինչպես ասում են՝ ստատուս քվոյի պայմաններում սնունդը, հագուստն ու սխրանքը նույնպես ձրի են. առաջին երկուսի մասին թույլ չեն տալիս մտածել, երրորդի մասին՝ չես հասցնում։

Սահմանամերձ գյուղերում՝ նկատած կլինեք, հերթափոխից առաջ թե հետո բոլորը կամուֆլյաժով են ման գալիս՝ ներառյալ հարսանիք-ծնունդ-կնունքի առիթները։

Վախենում են, խաղաղությունից են վախենում։

Որ խաղաղությունից վախենում են, կարծում եք՝ պատերա՞զմ են ուզում։ Ո՛չ։ Պատերազմից ավելի շատ են վախենում։

Որ խաղաղությունից  վախենում են, կարծում եք՝ երկրի անվտանգությո՞ւնն են փայփայում։ Ո՛չ։ Պատերազմից ավելի շատ են վախենում։

Որ խաղաղությունից վախենում են, կարծում եք՝ հրաշքի՞ են սպասում։ Հրաշքից շատ ավելի են վախենում. պատերազմին ու խաղաղությանը քչից-շատից ծանոթ են, հրաշքն է անծանոթ։ Ոչ մի երաշխիք, որ հրաշքը քո, հատկապես քո՛ հրաշքն է լինելու։

Թուրքիան շան ոտի հետ գնացած երկիր էր առաջին աշխարհամարտից հետո, մեկ էլ դարձավ այն, ինչ այսօր կա։

Հայաստանը չեղած տեղից պետություն ունեցավ (հրաշք չէ՞ր), մեկ էլ կորցրեց՝ դառնալով դաշնակցականների քունն ու բոլշևիկների երազը։

Նիկոլ Փաշինյանը մի լավ խոսք ունի, որն, հավանաբար՝ Սասուն Միքայելյանից է լսել, Սասունն էլ երևի՝ Սպարապետից, ասում է. «Խաղաղություն ես ուզում, պատրաստվիր պատերազմի»։ Հրաշքն այսպես է լինում՝ դիպուկ և իմաստուն։

Որ պատրաստվում են պատերազմի, կարծում եք գիտե՞ն՝ ինչից չեն վախենում։

Որ պատրաստվում են պատերազմի, կարծում եք՝ տե՞րն են իրենց վախի։

Վախն անտեր է։ Ի՜նչ տեր։ Վախի տերը սուտն է։

Էռնեստ Հեմինգուեյը մի պատմվածք ունի՝ «Տանը»։ Իր գործերից լավագույնը չի, բայց նվազագույն միջոցներով ներկայացնում է պատերազմի ու խաղաղության սահմանին մնացած մարդուն։ «Քաղաքում այնքան էին լսել գերմանացիների վայրագությունների մասին պատմությունները, որ իրական դեպքերն արդեն տպավորություն չէին գործում։ Կրեբսը հասկանում էր, որ լսելի դառնալու համար պետք է ստել». 1925 թվականին գրում էր Հեմինգուեյը։

Այսպես էր երեկ, այսպես է հիմա, եթե խաղաղությունը պայմանավորված է պատերազմով, և երբ պատերազմը չի ձևակերպում իր երազանքը։

ilur.am