«Step by Step with successful people» ֆորումի շրջանակներում երեկ հյուրընկալվել չորս հաջողակներ՝ դերասանուհի Աննա Գրիգորյանը, ճանաչված դիզայներ-ոճաբան Արամ Նիկոլյանը, «Teach for Armenia» ծրագրի հիմնադիր Լարիսա Հովհաննիսյանը և հումորիստ, դերասան Վաչե Թովմասյանը: Երեկոն վարում էր հումորիստ, հաղորդավար Սերգեյ Սարգսյանը։
Նշենք, որ «Step by Step with successful people» ֆորումն անցկացվում է արդեն 3-րդ անգամ: Այն հնարավորություն է ընձեռում երիտասարդներին հանդիպելու սիրված և իրենց ոլորտներում հաջողության հասած հայտնիներին և անմիջական շփման միջոցով ծանոթանալ նրանց հաջողության պատմություններին, հաղթահարած դժվարություններին:
Արամ Նիկոլյանն ու Աննա Գրիգորյանը հանդիման ընթացքում նշեցին, որ բուհում ուսանած տարիներն իրենց համար այնքան էլ շահեկան չեն եղել` Արամը չի սիրել մասնագիտությունը, Աննան` դժվար է յուրացրել: Իսկ Վաչեն ու Լարիսան` ճիշտ հակառակը. Վաչեն նկատեց, որ ի զարմանս շատերի` գերազանց է սովորել, իսկ Լարիսան` վստահեցրեց` ուսումը կյանքում գլխավոր արժեքներից է:
Դերասան Վաչե Թովմասյանը մեջբերեց իր դասախոսի խոսքերը. «Միշտ հիշում եմ` դասախոսս ասում էր, որ ամենակարևոր բանը կյանքում ճիշտ ուսում ստանալն է, ճիշտ գործ գտնելը, որը կապ չունի ուսմանդ հետ և ճիշտ կին, կամ ամուսին ընտրելը: Կարծում եմ` սրանք ամենակարևորն են, որին պետք է ուշադրություն դարձնենք բոլորս, իսկ հաջողության հասնելու ճանապարհները բոլորիս մոտ տարբեր են լինում»,-իր ելույթի ժամանակ նշեց Վաչե Թովմասյանը:
Հարցուպատասխանի ընթացքում Վաչեն բացահայտեց, որ մեծ հողատարածք ունի և ծիրանի աճեցմամբ է զբաղվում:
Ոճաբան Արամ Նիկոլյանը նկատեց. «Ես սովորել եմ Տնտեսագիտական համալսարանում, քանի որ ծնողներս տնտեսագետ էին, բայց դա իմ կյանքի ամենասխալ որոշումն էր, որը հետո հասկացա ու գնացի իմ երազանքի հետևից: Թեև արդարացի լինելու համար պետք է նշեմ, որ Ժողինստիտուսում ձեռք բերածս գիտելիքները հետո ինձ օգնեցին ճիշտ կառավարել իմ բիզնեսը»:
Մոդել, դերասանուհի և հաղորդավարուհի Աննա Գրիգորյանը ելույթի ընթացքում նկատեց` պետք է միշտ հիշել, ինչ լինում է մեր կյանքում, առաջին անգամն է մեզ հետ կատարվում ու չպետք է վախենալ առաջին քայլերից: Աննան ևս ոգևորված էր ֆորումի գաղափարով, սակայն նշեց. «Առաջին անգամն եմ նման պայմաններում շփվում ուսանողների հետ: Ինձ համար հետաքրքիր էր այս ամենը, նորություն էր ու հաճելի: Կցանկանայի երիտասարդները մի քիչ ավելի ակտիվ լինեին, մնացած ամեն բան շատ լավ է»:
«Teach for Armenia» ծրագրի հիմնադիր Լարիսա Հովհաննիսյանը կրթությունը համարում է ամենակարևորը, նա իր խոսքում, խրախուսելով երիտասարդներին, նշեց, որ երբևէ չպետք է հանձնվել, երբ կա երազանք: «Ես շատ եմ շփվում երիտասարդների հետ, բայց նման ֆորմատում առաջին անգամն եմ ներկա: Կարծում եմ` ներկա ուսանողները բավականին ակտիվ են, խելացի ու կրեատիվ մտածողությամբ. ես մեծ հույս ունեմ, որ նրանք մեր երկիրը առաջ կտանեն»,- նկատեց Լարիսա Հովհաննիսյանը:
Միջոցառմանը ներկա ուսանողների հարցերը բազմազան էին, որոնք վերաբերում էին ոչ միայն գործնականին, այլև` անձնականին: Բաց դաշտ ստեղծելու գաղափարը, ըստ կազմակերպության հիմնադիր Գրիգոր Ջանիկյանի, հատուկ է մտածված, որպեսզի հաջողության ձգտող ուսանողների և արդեն իսկ հաջողակ հայտնիների անկեղծ ու անմիջական շփումը կայանա:
«Միջոցառման հիմնական նպատակն է ուսանողությանն ու առհասարակ երիտասարդությանը հնարավորություն տալ ծանոթանալու հաջողության հասած մարդկանց հետ: Կարծում եմ և մեծ հույս ունեմ, որ մեր այս նախաձեռնությունը շարունակական կլինի»,- նշեց հիմնադիրը:
Հարցին՝արդյոք շատ ուսանողներ են հետաքրքրված, թե նախորդ մասնակիցները շարունակում են զբաղեցնել հանդիսատեսի շարքերը, պատասխանեց. «Ամեն անգամ ունենում ենք 200-ից ավել հանդիսատես: Ինչ խոսք, հանդիսատեսի շարքում կան նաև դեմքեր, ովքեր արդեն երրորդ անգամ են ներկա, բայց ուրախությամբ նշեմ, որ կան նաև նոր ուսանողներ: Ամեն դեպքում մեզ են դիմում 1000-ից ավել երիտասարդներ, մենք փորձում ենք, որպեսզի նոր մարդկանց հնարավորություն տրվի ներկա լինել: Ի դեպ` մենք ուսանողներին հրավիրում ենք սոցցանցերի միջոցով, նաև մեր կամավորներն են ակտիվ տարածում հրավերները, ինչպես նաև համագործակցում ենք համալսարանների ուսանողական խորհրդի հետ»:
Նախագծի կազմակերպիչ Աննա Լալայանը պատմեց, որ այս նախաձեռնության ամենադժվար մասը հայտնիների հետ պայմանավորվածություններ ձեռք բերելն է. «Քանի որ շոու բիզնեսի մասին հիմնականում վատ կարծիքներ են տարածվում, ուստի մենք որոշեցինք, որպեսզի այս անգամ ընտրենք հիմնականում շոու բիզնեսի ներկայացուցիչների, որպեսզի կոտրվեր այդ կարծիքը ու հայտնիներն անձամբ պատմեին իրենց անցած ուղու մասին: Մեզ համար ամենադժվարը նրանց հետ կապ հաստատելն էր, քանի որ հեռախոսահամարները դժվարությամբ էինք գտնում: Կարևորը, որ նրանք բավականին լավ արձագանքեցին, երբ լսեցին մեր նախաձեռնության մասին ու սիրով այսօր ներկա են: Ի դեպ` մենք նախապես հանդիպում ենք միմյանց հետ, պայմանավորվում, թե կոնկրետ ինչերին ուշադրություն դարձնեն խոսքը կազմելիս, բայց սովորաբար ֆորումի ընթացքում շեղումներ լինում են, քանի որ հարցերը բազմաբնույթ են ու անկանխատեսելի»: