«Կնոջ ավանդական կարծրատիպերից դուրս գալու մղումը բերեց հակառակ ծայրահեղության». Նարինե Սուլթանյան (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Կնոջ ավանդական կարծրատիպերից դուրս գալու մղումը բերեց հակառակ ծայրահեղության». Նարինե Սուլթանյան

Դերասանուհի, հաղորդավարուհի Նարինե Սուլթանյանը մշտապես աչքի է ընկել իր էլեգանտ ոճով: Նա իր տեսակով ապացուցել է, որ կարելի է լինել խելացի, և միևնույն ժամանակ՝ գեղեցիկ և կանացի:

Ինչո՞ւ են տղամարդիկ զարմանում, երբ պարզվում է, որ գեղեցիկ կինը նաև խելացի է և տիրապետում է գրագետ խոսքին: Արդյո՞ք այդ կարծրատիպային մտածելակերպի մեղավորները հենց կանայք չեն:

Վերջին շրջանում, երբ դիտարկում եմ իմ շրջապատի կանանց, հասկանում եմ, որ այդ կարծրատիպը վաղուց կորցրել է իր ուժը: Այժմ հաճախ կարելի է հանդիպել կանանց, ովքեր ավելի ինքնուրույն են և հասկանում են, որ հույսն իրենց վրա պետք է դնեն՝ միաժամանակ չեն մոռանում նաև իրենց արտաքինի մասին: Կարծում եմ՝ այդ կարծրատիպը փոխվել է ոչ միայն կանանց, այլև հենց տղամարդկանց համար, քանի որ հենց նույն տղամարդիկ ոչ պակաս կարևորում են կանանց ներքին բովանդակությունը: Իսկ արտաքինը, բարեբախտաբար, այսօր շատ հեշտ շտկելի է:

Ես ինքս հարգում եմ նման կանանց, ովքեր «կախյալ» չեն կարծրատիպերից, աշխատում են իրենց վրա և չեն վախենում իրենց ինքնատիպությունն ի ցույց դնելուց և սոցիումի գնահատականներից:

– Միշտ խնամված, կոկիկ տեսք ունեք: Ասես միշտ պատրաստ լինեք նկարահանման:

– Բնականաբար, մասնագիտությունս պարտավորեցնում է, ինչպես նաև տեսախցիկը: Բայց կոնկրետ իմ պարագայում սա տեսակի հարց է: Եթե նույնիսկ այլ, ոչ եթերային մասնագիտություն ունենայի, միևնույն է, կնոջ տեսակս չէի կորցնի: Ի ուրախություն մեզ, այսօր քիչ են հանդիպում չխնամված կանայք: Իսկ եթե կատարյալ լինելու ձգտում ասելով՝ նկատի ունեք պերֆեկցիոնիզմ, ես այդքան էլ այդպիսին չեմ, «գերազանցիկի» սինդրոմ երբևէ չեմ ունեցել: Միաժամանակ, չեմ կարող կեղծել, որ, եթե ինչ-որ բան եմ անում, ձգտում եմ անել լավ և առաջինն ինքս ինձ գոհացնել:

– Հավատո՞ւմ եք ի վերուստ տրված նշանների, որոնք հուշում կամ կանխազգուշացնում են շատ կարևոր մի բան: Առնչվե՞լ եք նման երևույթի հետ:

– Հավատում եմ այն գաղափարին, որ կյանքում ոչինչ հենց այնպես չի լինում, և կյանքի ցանկացած իրադրություն՝ լավ թե վատ, փորձություն է և ի վերուստ տրված խնդիր՝ թե ինչպես կկարողանաս այդ իրավիճակից դուրս գալ, ինչ հետևություն կանես և ինչպես կշարունակես գործել: Ի վերուստ տրված նշաններ չեմ փնտրում, բայց, իհարկե, հանդիպել եմ նման մարդկանց, ովքեր ցանկացած երևույթի կամ իրադարձության մեջ նշաններ են տեսնում: Իմ պարագայում, ես մի քիչ ավելի վերլուծող եմ, բայց և չեմ հերքում, որ մարգարեական պահեր կարող են լինել մարդկանց կյանքում:

– Շատ անգամ ասում ենք. «Դե, ճակատագիր էր…»: Չգիտես ինչո՞ւ՝ որոշել ենք, որ ճակատագրի իրականացվող «գործառույթը» մեր կյանքում կարող է միայն բացասական լինել: Եթե հավատում եք ճակատագրի նաև դրական լինելուն, կարո՞ղ եք Ձեր կյանքից օրինակներ բերել:

– Անշուշտ, ականատես եղել եմ այնպիսի դեպքերի, որտեղ հասկացել եմ, որ մարդը, այո, երբեմն անզոր է ճակատագրի դեմ: Կարծում եմ՝ այս հարցը վերաբերում է կյանքի որոշակի փուլերի, որի միջով անցնում են բոլորը: Այլ կերպ այս երևույթն անվանում են կյանքի «սև» կամ «սպիտակ» ժամանակաշրջաններ: Համոզված եմ, որ այստեղ միայն արտաքին հանգամանքների մեջ չէ խնդիրը, ուղղակի մարդուն անհրաժեշտ են որոշակի ներքին կամային որակներ՝ ճակատագրի հարվածները տանելու և հաղթահարելու համար: Ես նկատել եմ, որ մարդն ունի մի հետաքրքիր առանձնահատկություն՝ կյանքի վատ իրադարձությունների դեպքում ասում է. «Դե, ճակատագիր էր», դրական իրադարձությունները համարում է իր նվաճումը:

– Ո՞րն է ամենատարածված հարցը, որ Ձեր ուղղում են լրագրողները:

– Ինչո՞ւ չեք խաղում թատրոնում:

– Շարունակ քարոզվում է կնոջ և տղամարդու միջև հավասարության գաղափարը՝ հայ հասարակության մեջ: Քարոզողները մեծամասամբ եվրոպական տարաբնույթ ծրագրեր իրականացնողներն են: Չե՞ք կարծում, որ, եթե նրանք ծանոթ լինեին Թումանյանի հեքիաթներին, որտեղ կինն է օջախի իրական տերն ու տիրակալը, նման կոչերով հանդես չէին գա:

– Այստեղ կարելի է զուգահեռներ տանել նաև Նար-Դոսի պատմվածքների հետ, որտեղ կանայք այդքան էլ երանելի սոցիալական կարգավիճակում չէին՝ չմոռանալով, որ Թումանյանն ու Նար-Դոսը ստեղծագործել են նույն ժամանակաշրջանում: Ի վերջո, չմոռանանք Թումանյանի Անուշին, ով դարձավ հասարակության և այն ժամանակների բարքերի զոհը: Այսօրվա գենդերային հավասարության մոլուցքը պետք չէ խառնել Թումանյանի ժամանակաշրջանի կանանց հետ: Մենք ապրում ենք 21-րդ դարում, երբ ամեն ինչ շատ արագ է փոխվում՝ տեղեկատվական հոսքերի հորձանուտում: Չեմ կարող իմ երեխայից պահանջել, որ նա ապագայում մտածի այնպես, ինչպես ես եմ մտածում կամ ապրում: Բայց ամենաշատը կարևորում եմ այն հանգամանքը, որ նա երբեք չկորցնի իր կանացի էությունը՝ միաժամանակ կարողանալով պաշտպանել ինքն իրեն:

– Եվ, ի վերջո, ի՞նչ հավասարության մասին է խոսքը, եթե մենք ի սկզբանե տարբեր ենք: Դեֆորմացվելու այդ ձգտումը որտեղի՞ց է ի հայտ եկել:

– Ինչ վերաբերում է եվրոպական տարաբնույթ ծրագրեր իրականացնողների քարոզած հավասարությանը, ապա, կարող եմ ասել, որ պետք չէ այստեղ մեղավորներ փնտրել, քանի որ ամեն ինչ ունի իր տրամաբանական բացատրությունը: Իմ դիտարկմամբ՝ կնոջ ավանդական կարծրատիպերից դուրս գալու մղումը բերեց հակառակ ծայրահեղության: Եվ կինը սկսեց ապացուցել, որ, այո, ինքը կարող է… Եվ կնոջ չափից ավելի կարող տեսակը բերեց նրան, որ նա թուլացրեց իր տղամարդու դերը և կարևորությունն ընտանիքում, խարխլեց ընտանիքի հենասյան գաղափարը: Եթե յուրաքանչյուր կին, որքան էլ նա կարող և ուժեղ լինի, ընդունի և գիտակցի, որ միևնույն է, տղամարդն է օջախի հենասյունը, ամեն ինչ կընկնի իր տեղը:

– Ասում են, որ զույգը՝ նախքան ընտանիք կազմելն և ամուսնություն կոչվող անհայտ ծովը մտնելը, պետք է ափին պարզի բոլոր հարցականները: Ինչպիսի՞ն է եղել ընտանիքի մասին Ձեր պատկերացումը նախքան ամուսնությունը և ինչպիսի՞ն է այն այսօր:

– Համամիտ եմ մեր տատիկներից եկած թևավոր խոսքի հետ, որ «ամուսնությունն անկտրել ձմերուկ է»: Յուրաքանչյուր կին պետք է հասկանա, որ ամուսնական կյանքում ամեն ինչ կարող է լինել: Նախքան ամուսնանալը ես գիտակցել եմ, որ ամուսնությունը և առհասարակ հարաբերություններ կառուցելն ու դրանք պահելն այդքան էլ դյուրին գործ չէ: Կարևոր է գնահատականը՝ նույն երևույթը կարելի է տարբեր կողմերից դիտարկել: Կարծում եմ՝ պետք չէ ծանրացնել համատեղ կյանքի պրոցեսը: Ամուսնությունը և հարաբերությունները միակողմանի հիմքերի վրա չեն ձևավորվում, և երկու կողմերն էլ պետք է իրենց էմոցիոնալ ռեսուրսները ներդնեն խնդիրների ճիշտ հանգուցալուծման համար: Ընտանեկան երկարատև հարաբերություններում կարևոր են համեմունքները, ինչպես ճաշի մեջ: Անկանխատեսելիությունը, սպոնտանությունը, բնավորության անակնկալ դրսևորումներն աղ են ավելացնում հարաբերություններին:

– Անշուշտ, խոսքը վերաբերում է սիրո հիման վրա կառուցված ընտանիքներին: Զուր չեն ասում, որ ամուսնությունն ինստիտուտ է, որտեղ անընդհատ սովորում ես, բայց երբեք չես ավարտում:  

– Ի՞նչ փոխվեց Ձեր կյանքում երեխայի ծնվելուց հետո:

– Շատ բան փոխվեց: Առաջինն այն միտքն էր, թե ինչպե՞ս եմ ապրել մինչև հիմա առանց նրա: Երկրորդը՝ այն գիտակցությունն է, որ դարձել եմ շատ ավելի ուժեղ: Հասկացել եմ՝ որն է կնոջ իրական առաքելությունը: Անձնային որոշ հատկանիշներ են փոխվել. այն, ինչ նախկինում չէի անի կամ գուցե կամաչեի անել ինձ համար, այժմ կանեմ երեխայիս համար: Երևի թե դարձել եմ ավելի պայքարող:

– Նա հազվադեպ է ժպտում լուսանկարվելիս և կարծես թե չի սիրում լինել ուշադրության կենտրոնում, որքանով որ ես եմ հասկացել… Որքանո՞վ եք նման և որքանո՞վ՝ տարբեր:

– Սկսել ենք նմանվել իրար, որովհետև արդեն հաճախ է ժպտում: Նույնիսկ ուշադրության կենտրոնում լինելու ցանկությունն արդեն հասնում է նրան, որ սկսել է ինձ հետ մրցել: Բայց ես ուրախ եմ նրա այդօրինակ ձգտումների համար և կուզեի, որ իմ դուստրը վերցներ ծնողների դրական գծերը և դրանք օգտագործեր ի օգուտ իրեն:

– Երջանիկ երեխա մեծացնելու համար պետք է…

– Տալ նրան մաքսիմալ լավ մանկություն: Շատ սեր, անվտանգության և ապահովության զգացում և անընդհատ բարձրաձայն խոստովանել սերդ նրա նկատմամբ: Երբեք երեխային չփնովել, չկոտրել, հավատալ նրան և ասել, որ նա կարող է ամեն ինչ: Իսկ եթե նույնիսկ նկատում ես թերություններ՝ փորձել դրանք շտկել զրույցների միջոցով, առանց նախատելու: Կարևորել երեխայի անձն այնքան, որ նա ինքը փորձի վերլուծել ինքն իրեն, չվախենա իր տեսանկյունն արտահայտելուց: Մի խոսքով՝ հարգել երեխային և նրա անհատականությունը:

– Ձեր քրոջ դստեր հետ ասես քույրեր լինեք: Մտերիմ լինելով նրա հետ՝ զգո՞ւմ եք սերունդների մտածելակերպի ակնհայտ տարբերությունը:

– Իհա՛րկե զգում եմ: Բայց մյուս կողմից էլ՝ զգում եմ, որ այժմյան սերունդն ավելի հասուն է: Հիշում եմ ինձ այդ տարիքում, և համեմատելով՝ հասկանում, որ այն գիտակցության մակարդակը, որ նա ունի այժմ, ինձ մոտ ավելի ուշ է հասունացել: Շատ ուրախ եմ, որ նա կարողանում է այդքան լիքը և խորքային լինել:

– Գալիս է մի տարիք, երբ քույրը քրոջը զգում է մայրական անբացատրելի «գենետիկ կոդի» ողջ հզորությամբ: Ձե՞ր, թե՞ Մարինայի մեջ է այդ զգացմունքն առավել արտահայտիչ:

– Երբ փոքր էի, ես էի ավելի ակտիվ և փորձում էի իրեն եղբոր պես անընդհատ պաշտպանել: Հետո փոխվեցինք դերերով, քույրս սկսեց ապավեն լինել ինձ բոլոր հարցերում՝ փորձելով լուծել իմ խնդիրները: Այժմ կարող եմ ասել, որ հիմա մեզ մոտ էներգիայի երկկողմանի փոխանակման պրոցես է ընթանում՝ կախված իրավիճակից: Երկուսս էլ զգում ենք՝ երբ է անհրաժեշտ զրուցել, իսկ երբ՝ պարզապես լռել:

Քրիստինե Մարտիրոսյան



Նման նյութեր