ՕՐՕ-ի ներկայացուցիչը՝ ԼԳԲՏ-ի անձանց իրավունքների վերաբերյալ. lgbtnews.am
Advertisement 1000 x 90

ՕՐՕ-ի ներկայացուցիչը՝ ԼԳԲՏ-ի անձանց իրավունքների վերաբերյալ. lgbtnews.am

Ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցում է թվով 9 քաղաքական միավոր, որոնցից յուրաքանչյուրը հանրությանն է ներկայացրել իր նախընտրական ծրագիրը: LGBTnews-ն այս անգամ ԼԳԲՏԻ անձանց իրավունքների վերաբերյալ զրուցել է «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ներկայացուցիչ, «Ժառանգության» կուսակցության անդամ և «Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոն հասարակական կազմակերպության ղեկավար Հովսեփ Խուրշուդյանի հետ։

– Պարո՛ն Խուրշուդյան, մենք ուսումնասիրել ենք ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարականական ընտրություններին մասնակցող քաղաքական միավորների նախընտրական ծրագրերը, այդ թվում այն դաշինքի ծրագիրը՝ «Օսկանյան-Րաֆֆի-Օհանյան», որի ներկայացուցիչն եք դուք: Ձեր ծրագրում որևէ հիշատակում չկա ոչ միայն ԼԳԲՏԻ անձանց և նրանց իրավունքների իրացման մասին, այլ մենք տեքստում չգտանք ընդհանրապես որևէ փոքրամասնությունների (ազգային, կրոնական և այլ) վերաբերյալ հիշատակում: Ինչո՞վ է պայմանավորված ձեր ծրագրում այդ բացը:

– Շնորհակալ եմ հարցի համար: Մեր ծրագրում նշված է ՀՀ բոլոր քաղաքացիների իրավունքների և ընդհանրապես՝ Հայաստանում ցանկացած մարդու իրավունքների պաշտպանության կարևորման մասին: Բացի ծրագրից, ես տեղյակ եմ, որ մենք ունենք «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնության կողմից ուղարկված հարցաշարին մեր դաշինքի կողմից տրված պատասխաններ, որոնք քննարկվել են դաշինքի շտաբում եւ հաստատվել ու կարող են համարվել «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ծրագրի պաշտոնական մեկնաբանություններ: Հարցաշարի հարցերից մեկը վերաբերում է հենց ԼԳԲՏ անձանց իրավունքներին: «Արդյո՞ք նույնասեռականները պետք է ունենան նույն իրավունքներն ու ազատությունները, ինչպես մյուս քաղաքացիները» հարցին պատասխան է տրվել «այո»: Եվ տարօրինակ կլիներ ունենալ այլ պատասխան: Եթե պետությունը, ժողովրդի կողմից իրեն տրված իրավունքի ուժով իր քաղաքացիների պարտականություները սահմանելիս, խտրականություն չի դնում նրանց հանդեպ, այսինքն, օրինակ, հարկերը հավաքագրվում են բոլորից՝ անկախ իրենց պատկանելությունից այս կամ այն սեռային կամ սեռական խմբին, օրենքին ենթարկվել ևս բոլորը պարտավոր են հավասարապես, ապա անհասկանալի կլիներ, եթե իրավունքները ևս հավասարապես չամրագրվեին բոլորի համար:

– Ի տարբերություն ձեր և մյուս քաղաքական միավորների նախընտրական ծրագրերի՝ Հայաստանի կոմունիստական կուսակցությունն, օրինակ, կարևորել է ԼԳԲՏԻ անձանց իրավունքների հարցը, բայց հակառակ՝ բացասական առումով: Ինչո՞ւ, ըստ ձեզ, ընտրություններին մասնակցող ուժերից մեկը խիստ բացասական շեշտադրմամբ հիշատակում է իր ծրագրում ԼԳԲՏԻ անձանց իրավունքների հարցը, իսկ դրան հակադրվող՝ դրական շեշտադրմամբ հիշատակում այլ քաղաքական ուժերի ծրագրերում չկան:

– Ինչ վերաբերում է կոմունիստական կուսակցությանը, ապա մի ուժ, որն իր քարոզչական հոլովակների համար որպես ֆոն ընտրում է Խորհրդային կայսրության դրոշն, ընդհանրապես պետք է իրավունք չունենա մասնակցել ընտրարշավին՝ որպես հակապետական միավորում: Ինչ վերաբերում է մնացածին, ապա ես կարծում եմ, որ այս հարցում կա նաև մեր քաղհասարակության, հատկապես ԼԳԲՏ անձանց իրավունքներով զբաղվող հասարակական կազմակերպությունների պասիվության խնդիրը: Լավ կլիներ, որ նրանք քաղաքական ուժերի հետ աշխատեին ընտրությունների մեկնարկից առաջ, երբ նրանց ծրագրերը դեռ հրապարակված չէին: Մեր դաշինքի դեպքում, ցավոք, ծրագրում ոչ բոլոր ոլորտներում դաշինքի դիրքորոշումներն են ներկայացված այնքան մանրամասն, որքան մենք ինքներս էլ կուզեինք, սակայն թեկուզ ուշացումով՝ մեզ հասած հարցադրումների պաշտոնական պատասխանները, կարծում եմ, մասամբ կլրացնեն այդ բացը:

Ես կարծում եմ, որ ցանկացած մարդու կամ խմբի իրավունքների ոտնահարումը, նրա հանդեպ խտրականությունը, հասարակությունից նրա օտարումը վնասում է պետական և հասարակական անվտանգությանը, հաճախ խոցելի է դարձնում նրանց տարբեր օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից շանտաժի և հավաքագրման տեսանկյունից, ու որքան շուտ հասկանանք դա և կարողանանք մեր երկրում բացառել նման խտրական վերաբերմունքը մարդկանց հանդեպ՝ այնքան լավ բոլորիս համար և պետությանը:

– «Օհանյան-Րաֆֆի-Օսկայնան» դաշինքը կո՞ղմ է ԼԳԲՏԻ անձանց ամուսնության իրավունքի ամրագրմանը հայաստանյան օրենսդրությունում: Ազգային ժողովում ներկայացված լինելու դեպքում դաշինքը կներկայացնի՞ ԱԺ-ում քաղաքացիների իրավահավասարությունն ապահովող նման օրինագիծ: Ձեր նախընտրական ծրագրում ասվում է՝ «Մենք անելու ենք հնարավորը, որ երիտասարդները սովորեն, ընտանիք կազմեն եւ աշխատեն Հայաստանում»: Արդյո՞ք սա ուղիղ կերպով վերաբերվում է նաև ԼԳԲՏԻ երիտասարդներին:

– Չեմ կարող պատասխանել ձեր հարցին, քանի որ նման հարց դաշինքում չի քննարկվել: Ամեն դեպքում, կարող եմ կռահել, որ դաշինքի, ինչպեսև մեր հասարակության մեծամասնությունը պատրաստ չէ ընդունել այդ իրավունքի օրենսդրորեն ամրագրումը: Այս խնդիրը անգամ շատ եվրոպական երկրներում դեռ լուծում չի ստացել: Ամեն դեպքում, եթե Հայաստանում կան նույնասեռական ընտանիքներ և կա դրանք կազմող քաղաքացիների քաղաքացիաիրավական հարաբերությունների կանոնակարգման խնդիր, ապա այն պետք է նախ քննարկվի քաղաքացիական հասարակության ներսում՝ մասնագետների ներգրավմամբ:

– Ակադեմիական գրականությունում հանդիպող տվյալների համաձայն՝ հասարակությունների մոտ 5 տոկոսը կազմում են ԼԳԲՏԻ անձինք: Պրոյեկտելով այդ թիվը Հայաստանի ընտրողների պաշտոնական թվի վրա՝ կարող ենք ենթադրել, որ խոսքը մոտ 120 հազար ՀՀ քաղաքացիների մասին է, որոնք օրենսդրական բացերի, հասարակության բոլոր շերտերում, այդ թվում՝ քաղաքական դաշտում տարածված հոմոֆոբիայի պատճառով խտրականության են ենթարկվում: Ի՞նչ է անելու «Օսկանյան-Րաֆֆի-Օհանյան» դաշինքն Ազգային ժողովում՝ այդ խտրականությունը սնող օրենսդրական բացերը չեզոքացնելու ուղղությամբ: Խոսքը ոչ միայն նույնասեռ ամուսնությունների, այլ նաև որդեգրման իրավունքի, արյան դոնորության, տրանսգենդեր անձանց սեռափոխության վիրահատությունների և փաստաթղթային խնդիրների մասին է:

– Այս հարցին, կարծում եմ, արդեն պատասխանեցի այն իմաստով, որ նման հարցեր դեռ չեն քննարկվել դաշինքում: Սեռափոխության վիրահատությունների մասով այս պահին կարող եմ իմ անձնական կարծիքն ասել. առանձնապես խնդիր չեմ տեսնում նման իրավունքի ամրագրման մեջ: Մարդու հոգին առաջնային է, իսկ մարմինը՝ ոչ միայն երկրորդական, այլ նաև ենթակա հոգուն, գիտակցությանը, ու եթե կինը իրեն տղամարդ է զգում կամ համարում և հակառակը, ապա ավելի լավ կլինի թե՛ իր և թե՛ հասարակության համար, որպեսզի իր ֆիզիոլագիական սեռը համապատասխանեցնի իր հոգեբանական, սոցիալական սեռին:

– Հայաստանը պարտավորություն է ստանձնել Եվրամիության առաջ ընդունել հակախտրական օրինագիծ: Այդ օրինագիծն այս պահին Կառավարությունում մշակման փուլում է, բովանդակությունն անհայտ է: Ձեր դաշինքն Ազգային ժողովում մեծամասնություն չկազմելու դեպքում պահանջելո՞ւ է, որ օրինագծում նշվի ԼԳԲՏԻ անձանց հանդեպ խտրականության բացառման դրույթը, կամ կառավարություն կազմելու դեպքում ներառելո՞ւ է օրինագծում այդ դրույթը:

– Դե, եթե Դաշինքը պաշտոնապես ընդունում է, որ նույնասեռականները պետք է ունենան նույն իրավունքներն ու ազատությունները, ինչպես մյուս քաղաքացիները, ապա տրամաբանական է, որ այն նաև կողմ կլինի, որ հակախտրականության մասին օրենքում նշվի ԼԳԲՏԻ անձանց հանդեպ խտրականության բացառման դրույթը: Եվ այստեղ կարևոր չէ՝ 120 հազար են նման քաղաքացիները, թե ընդամենը մեկը. Հայաստանի Հանրապետության ցանկացած քաղաքացի, Հայաստանում ապրող ցանկացած մարդ ունի մյուսների հետ հավասար իրավունքներ, և եթե դրանք խախտվում են, ապա դրանց պաշտպանությունը պետք է ամրագրվի օրենքով:

– Դուք ձեր ծրագրում նշում եք, որ խնդիր եք դիտարկում «եվրոպական չափանիշներով ժամանակակից քաղաքական մշակույթի արմատավորումը»: Եթե քաղաքական մշակույթ ասվածը լայն դիտարկենք, ապա կարո՞ղ ենք ասել, որ ձեր դաշինքը ԼԳԲՏԻ անձանց իրավունքների ճանաչման և ամրագրման հարցում պետական այնպիսի քաղաքականություն է պատրաստ որդեգրել, ինչպիսին, օրինակ, Շվեդիայի, Նիդեռլանդների և այլ առաջադեմ պետությունների կառավարությունները:

– Շվեդիայի կամ Նիդեռլանդների կառավարությունների քաղաքականության նման քաղաքականություն ունենալու համար նախ Հայաստանի հասարակությունը պետք է կրթվի, հասարակության մեջ առկա խնդիրները պետք է սկսեն ազատորեն քննարկվել, վերլուծվել, մարդկանց միջից պետք է հանվեն վախերը իրենց շատ դեպքերում անծանոթ երեւույթներից, իրենցից տարբերվող մարդկանցից ու պետք է նաև մեր նույնասեռական, տրանսգենդեր համաքաղաքացիների հետ միասին որոշենք, թե ինչպես առավել օպտիմալ եղանակով լուծել իրենց խնդիրները, պաշտպանել իրենց, ինչպեսև ցանկացած այլ փոքրամասնության և ընդհանրապես յուրաքանչյուր անհատի իրավունքները, որպեսզի ցանկացած անձ ինտեգրված լինի հասարակությանը, իրեն օտարված չզգա, զգա պետության պաշտպանությունը երջանկությանը հասնելու իր ուրույն ճանապարհում, որպեսզի ինքն էլ պատրաստ լինի ինքնազոհաբար պաշտպանել այդ պետությունը:

Ընդհանրապես, որքան բարձր մակարդակ ունի սոցիալական երկխոսությունը հասարակության ներսում, այնքան անվելի պակասում են սոցիալական աններդաշնակության, հակադրության, հակահասարակական վարքի ռիսկերը: Ցավոք, այսօր Հայաստանում ոտնահարված են քաղաքացիների բացարձակ մեծամասնության տարրական իրավունքները, և քանի դեռ չունենք իրապես ժողովրդավարական ընտրություններ, լեգիտիմ իշխանություններ և իրավական պետություն՝ ժողովրդավարական քաղաքական ուժերը, քաղաքացիական հասարակությունը պետք է շարունակեն պայքարը յուրաքանչյուր քաղաքացու իրավունքների պաշտպանության համար:



Նման նյութեր