Թատրոնը սինթետիկ ժանր է, որն իր մեջ ամփոփում է արվեստի բոլոր տեսակները. Ժիրայր Դադասյան. life.panorama.am
Advertisement 1000 x 90

Թատրոնը սինթետիկ ժանր է, որն իր մեջ ամփոփում է արվեստի բոլոր տեսակները. Ժիրայր Դադասյան. life.panorama.am

Մարտի 27-ին աշխարհը նշում էր թատրոնի օրը: Առաջին անգամ տոնը նշվել է Ֆրանսիայում, որից հետո միայն տարածվել ողջ աշխարհում: Թատրոնի համաշխարհային օրը (World Theatre Day) տոնելու գաղափարը հաստատվել է Թատրոնի միջազգային ինստիտուտի (International Theatre Institute, ITI) որոշմամբ:

Life.panorama.am-ը տոնական օրվա կապակցությամբ ջերմ շնորհավորանքներ է հղել և զրուցել է Երևանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար ու տնօրեն, ՀՀ վաստակավոր արտիստ Ժիրայր Դադասյանի հետ, ով, ի դեպ, այսօր նշում է նաև ծննդյան օրը:
Զրույցի սկզբում Ժ. Դադասյանը շնորհավորեց թատրոնի գործիչներին և առհասարակ բոլորին՝ համարելով, որ այսօրվա տոնը համամարդկային է.

«Շնորհավորում եմ իմ կոլեգաներին, թատրոնի գործիչներին այս պրոֆեսիոնալ տոնի առթիվ: Շատ ուրախ եմ, որ մեր երկրում այս տոնը շատ արժևորված է, քանի որ այնպես չէ, որ բոլոր երկրներում է դա այդպես: Ուրախ եմ նաև, որ թատրոնի և առհասարակ մշակույթի նկատմամբ այսօր առանձնահատուկ վերաբերմունք կա նաև իշխանության կողմից: Հատկանշական է, որ շրջելով տարբեր երկրներում՝ նկատել եմ, որ այնտեղ խնդիրները շատ ավելին են, քան մեզ մոտ: Այս փաստի համար ես շատ ուրախ և հպարտ եմ: Այս տոնը և թատրոնի գործիչներինն է, և հանդիսատեսինը: Վստահ եմ, որ այս տոնը գնալով ավելի պիտի արժևորվի, քանի որ թատրոնը սինթետիկ ժանր է, որն իր մեջ ամփոփում է արվեստի բոլոր տեսակները՝ գրականություն, պոեզիա, երաժշտություն, գեղանկարչություն, ճարտարապետություն, քանդակագործություն, խոսք, շարժում, պար և այլն: Այո, թատրոնը արվեստների սինթեզն է»,- նշեց վաստակավոր գործիչը:

Ժիրայր Դադասյանը նկատեց նաև, որ տարիների ընթացքում թատրոնի կարևորությունը մեծանում է ու ավելի բարձր է գնահատվում հանրության կողմից:

«Ինչ խոսք, թատրոնի կարևորությունը գնալով մեծանում է, բայց դա արդյունքն է նաև թատրոնի գործիչների աշխատելաոճի: Օրինակ, երբ մենք սկսեցինք ամեն տարի Ծաղկաձորում անցկացնել Լ.Ենգիբարյանի անվան մնջախաղի միջազգային փառատոնը, դա մեծ խթան հանդիսացավ, որպեսզի հանդիսատեսը ավելի շատ հետաքրքրված լինի ու գա թատրոն: Ժամանակները փոխվել են, և բնականաբար մեթոդները՝ ևս: Ես սիրով նկատում եմ, թե մեր մշակույթի նախարարը ինչքան կարևորություն է տալիս մշակույթի զարգացմանը: Օրինակ, վերջերս նրա նախաձեռնությամբ հավաք էր կազմակերպվել, որի շրջանակում քննվել էր, թե թատրոնների, մշակութային կազմակերպությունների գործունեությունը որքանո՞վ է հասանելի սոցիալական կայքերում, դրանք որքանո՞վ են ակտիվ: Այս պարագայում գոհունակությամբ պետք է ասեմ, որ առաջին տեղում Մնջախաղի թատրոնն էր: Այսինքն՝ թատրոնի գործիչները պետք է օգտագործեն ժամանակակից բոլոր մեթոդները, այդ թվում փառատոններն ու այլ միջոցառումները, որպեսզի էլ ավելի լայն մասաներին հասանելի լինել: Այսօր թատրոնների հանդիսատեսի շարքերը դատարկ չեն և դա ուրախալի է, ինչ խոսք, ցանկալի կլիներ, որպեսզի հետաքրքրված լինելու պրոցեսն ավելի արագ կայանար: Պետք է հիշել, որ թատրոն գալով՝ փոխվում է հենց ինքը՝ հանդիսատեսը, քանի որ թատրոնը մարդու մեջ տեսակ է հղկում, այն խթանում է ինքնաբացահայտմանն ու ինքնաճանաչմանը: Թատրոնը մեկ մարդու հետ աշխատող արվեստ է և այդ մարդը պիտի գա թատրոն, որպեսզի այդ ազդեցությունը զգա: Հատկանշական է, որ շատերն անգամ չեն պատկերացնում, թե ինչքան կսիրեն թատրոնը, եթե միայն այցելեն»- ընդգծեց մեր զրուցակիցը:

Նրա խոսքով՝ ուրախալի է այն հանգամանքը, որ այսօր մեծ հետաքրքրությամբ թատերական գործունեություն են ծավալում նաև երիտասարդները: Նրա համոզմամբ՝ հենց երիտասարդներն են, որ պետք է ձևավորեն այսօրվա ժամանակակից թատրոնն ու գեղագիտությունը:

Հարցին, թե այսօր մեր երկրում ի՞նչն է պակասում թատրոնին, պատասխանեց.

«Ընդհանրապես մշակութային դաշտում ինձ ամենաշատը անհանգստացնում է մշակույթի կապիտալիզացիան, որի մասին վերջերս, ի ուրախություն մեզ, սկսել են շատ խոսել: Անհրաժեշտ են օրենսդրական միջամտություններ, որոնք մասնավոր ընկերություններին կշահագրգռեն ներդրում անել արվեստի ոլորտում, անգամ, եթե տվյալ ընկերությունն անձամբ չի տեսնում դրա կարևորությունը: Սա կօգնի արագ տեմպերով շտկել այն բացերը, որոնք կան այսօր»:



Նման նյութեր