Տիգրան Պասկևիչյան. Պետության և ազգի պատերազմը
Advertisement 1000 x 90

Տիգրան Պասկևիչյան. Պետության և ազգի պատերազմը

Տարիներ առաջ Մեծ Հայրենադարձությունն ուսումնասիրող նախագծի շրջանակում նկարահանումներ էի անում Բեյրութում և Անջարում։ Հարցազրույցներից գրեթե բոլորում կարմիր թելի պես անցնում էր «ազգ-հայրենիք» հակադրությունը։

Եթե հարցվողը հնչակյան էր, ասում էր. «Մենք հայրենասեր էինք, անոնք՝ ազգասեր», եթե դաշնակցական էր, ասում էր. «Մենք ազգասեր էինք, անոնք՝ հայրենասեր»։ Սա ասում էին Սովետական Հայաստանից հնչած հայրենադարձության հրավերն ընդունելը կամ մերժելը պատճառաբանելիս։

Հայրենիքում ծնված-մեծացածիս համար հեշտ չէր հասկանալ այդ «պատերազմը», թեև ապրել էի 88-ի շարժումն ու անկախ պետության դժվարին ընթացքը։

88-ի շարժումն ազգինն էր, ազգինն էլ կմնար, եթե տրամաբանորեն (կամա թե ակամա՝ կարևոր չէ) չհանգեցներ անկախության, որովհետև, որքան էլ դառը լինի խոստովանելը, պետության տեսիլք և հեռանկար չուներ այդ շարժումը։

Հարյուր հազարավոր մարդկանց մտապատկերում Հայրենիքն էր՝ անորոշ ու անձևակերպելի։

1990-ին պետության վերածված Հայրենիքը (ինձ համար սկիզբն Անկախության հռչակագիրն է, հետո պետք է լիներ փաստող հանրաքվեն),  օրինաչափորեն հակազգային էր։ Սա ասում եմ ոչ թե կրկնելով ժամանակի քաղքենուն ու անվանական մտավորականին բնորոշ նիհիլիզմը, այլ արձանագրում եմ փաստն՝ իբրև պատմական և, եթե դեմ չեք՝ դրական։

Անկախ բոլոր հանգամանքներից՝ պետությունն ազգի ծնունդն է, մի երեխա, որին, սակայն, ծնողը զրկում է հուզական, զգացմունքային, երազային, տեսլապաշտական մոլորություններից։

Ու հենց լույս աշխարհ է գալիս այդ մանուկը, ազգը կարկամում է. այս կաղապարը մեզ համար չէ, այս հաստատությունը նեղ կոշիկի պես սեղմում է, այս կարգը թև չի տալիս երևակայությանն ու ներշնչանքին, որովհետև

-պետությունը միշտ իրապաշտ է, ազգը՝ հարատև անէապաշտ,

-պետությունն ունի հարևաններ, ազգը՝ հակառակորդներ ու թշնամիներ,

-պետությունն ուրիշ պետությունների հետ է նստում-վեր կենում, ազգը՝ լավագույն դեպքում ընդունում, մեկ-մեկ էլ հարգում է ուրիշներին,

-պետության սահմանը գրաֆիկա է, ազգի սահմանը՝ նատյուրմորտ,

-պետության սնունդը տնտեսությունն է, ազգինը՝ բնամթերքը,

-պետությունն ամոթ չունի (կարողանում է քիչ վճարել, քիչ է վճարում), ազգն ամոթից մեռնում է, երբ էրեխի վերջին զանգի փողը չի ճարում,

-պետությունը բանակ է, ազգը…՝ ազգ-բանակ՝ հիշատակելի դեմքերի ու դեպքերի անիմացիայով,

-պետությունը չի կարող ասել. «Վեր կաց գերեզմանից Անդրանիկ փաշա», ազգը մղում է հոգեփոխության (ռեինկարնացիայի),

-պետության համար մարդ-անհատը գրոշի արժեք չունի, ազգի համար՝ ունի,

-պետությունը մշակույթ է, ազգը՝ դհոլ-զուռնա, երգ ու պար,

-պետությունը չի արտագաղթում, ազգը թափառական է,

-պետությունը պատմություն է կերտում, ազգը պատմություն սպառող է։

Ազգին ու պետությանը մոտեցնողը պետք է լիներ քաղաքացիական հասարակությունը, բայց այդ գործառույթը ստանձնած զանգվածը, ցավոք,  մնաց պետության թշնամին ու ազգի ստրուկը։

Խաղաղության հրավերն ազգ ու պետություն մերձեցնելու բացառիկ հնարավորություն է։ Կօգտագործվի՝ շատ լավ, չի օգտագործվի՝ ափսո՜ս։

Բայց չասենք նորից, թե մեղավորը ընչաքաղցն էր ու չքավորը։

ilur.am

Լուսանկարը՝ petersark.com-ի