Բոլոր զույգերի նման վիճում ենք, հաշտվում. Տիգրան Ներսիսյանն ու Նելլի Խերանյանը 30 տարի է՝ միասին են. life.panorama.am
Advertisement 1000 x 90

Բոլոր զույգերի նման վիճում ենք, հաշտվում. Տիգրան Ներսիսյանն ու Նելլի Խերանյանը 30 տարի է՝ միասին են. life.panorama.am

Մարտի 27-ին Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կայացած «Արտավազդ» մրցանակաբաշխութայն ժամանակ ՀՀ վաստակավոր արտիստ Տիգրան Ներսիսյանը արժանացավ «Լավագույն տղամարդ դերակատար» տիտղոսին՝ «Պեպո» ներկայացման մեջ Պեպոյին մարմնավորելու համար:

Նոր կոչման, վաղը կայանալիք իր և կնոջ՝ Նելլի Խերանյանի, 50-ամյակին և բեմական գործունեության 30-ամյակին նվիրված հոբելյանական երեկոյի, ինչպես նաև իր ու կնոջ երիտասարդության և համերաշխության գաղտնիքի մասին Տիգրան Ներսիսիյանը խոսել է Life.panorama.am-ի հետ:

«Առհասարակ, երբ արածդ աշխատանքը գնահատվում է, միշտ էլ հուզվում ես, և երբ որևէ կերպ պարգևատրվում է քո գործունեության մեջ, միշտ էլ հաճելի զգացումներ ես ունենում: «Արտավազդ» մրցանակաբաշխության ժամանակ, արժանանալով «Լավագույն տղամարդ դերակատար» տիտղոսին, ապրեցի այդ զգացումները: Ի  վերջո, «Արտավազդ»-ը մեր թատերական միակ մրցանակաբաշխությունն է, որը մեր՝ թատերական գործիչների միության ստեղծածն է, և կրկնակի հաճելի է, որ մրցանակ ես ստանում քո ու քո կոլեգաների ստեղծած մրցանակաբաշխության ժամանակ: Այս պարագայում պարտավորությունը կրկնապատկվում է ու կրկին հուզումնալի զգացողություններ պարգևում»,- խոսելով մրցանակաբաշխությունից՝ նշեց Տ. Ներսիսյանը:

Անդրադառնալով այն փաստին, որ մեր երկրում կոչումներն ու նման մրցանակները հաճախ «կռվախնձոր» են դառնում ու միշտ չէ, որ այս կամ այն արտիստի հաջողությունը կիսում են գործընկերները, ՀՀ վաստակավոր արտիստը նկատեց.

«Իմ խորին համոզմամբ՝ այդ երևույթն ամբողջ աշխարհում կա՝ սկսած «Օսկարից»: Այս կամ այն մրցանակի կամ կոչման հանձնումը շատ սուբյեկտիվ որոշում է, քանի որ դրանք որոշվում են պրոֆեսիոնալների մի խմբի կողմից, և մյուսներն էլ կարող են չհամաձայնվել: Ընդհանրապես արվեստի գնահատականը շատ տարբեր կարող է լինել, դա ճաշակի, տեսակի, աշխարհայացքի խնդիր է նաև: Ինչ խոսք, մեզ մոտ մի փոքր ավելի սուր է այս երևույթն արտահայտված, ու կարծում եմ, դա այն պատճառով է, որ մենք դեռևս մեր ուսերից լիովին չենք թոթափել սովետական ժամանակներից եկած մտածողությունը՝ կապված մրցանակների, պարգևների ու կոչումների հետ: Այս պատճառով լինում են նաև դեպքեր, երբ արդարացի որոշումներ չեն կայացվում: Ես միշտ ասել եմ, որ օրինակ կարող ենք մեր իրականությունից հանենք սովետական շրջանից եկած կոչումները, բայց չէ որ, մենք նույն կերպ ենք վերաբերվում նաև մեր անկախ պետականության ժամանակահատվածում ստեղծված պարգևներին: Սակայն այս դեպքում էլ այդ քննարկումները, թե ինչու սրան տվեցին, այլ ոչ թե նրան, դարձյալ կան, հետևաբար, սա արդեն ոչ թե կոչումների, այլ սովետական շրջանից մեզ ժառանգություն մնացած մտածողության խնդիր է: Մրցանակներն ու պարգևները պետք է արդար տրվեն և որոշվեն պրոֆեսիոնալների կողմից՝ հաշվի չառնելով շահն ու համակրնաքը: Եթե այսօր շատերը խոսում են այն մասին, որ պետք է վերացվեն կոչումները, քանի որ արտերկրում նման բաներ չկան, ապա պետք է հիշել, որ արտերկրում կան այնպիսի հեղինակավոր մրցանակաբաշխություններ, որոնցում մրցանակ ստանալն արդեն մեծ կոչում է: Ուրեմն կարելի է մտածել մեզ մոտ էլ նույն «Արտավազդ»-ն ավելի հեղինակավոր դարձնելու մասին»:

Վաղը՝ մարտի 31-ին, կկայանա Տիգրան Ներսիսյանի և Նելլի Խերանյանի հոբելյանական երեկոն՝ նվիրված իրենց 50-ամյակին և բեմական գործունեության 30-ամյակին: Մեր զրուցակցի խոսքով՝ կարևոր երեկոյից առաջ հուզմունքը մեծ է.

«Մեր  50-ամյակին և բեմական գործունեության 30-ամյակին նվիված այս երեկոն հաշվետվության նման մի բան է լինելու, որի ժամանակ կներկայացնենք մեր կյանքում կատարած ողջ գործունեությունը՝ ծնված օրից, մինչ օրս: Իմ և Նելլիի համար սա մեծ պատասխանատվություն է, որը, հուսամ, հաջող կներկայացնենք: Վաղը մեր կողքին կլինեն մեր ընկերներն ու գործընկերները, նրանք, ովքեր սիրում ու գնահատում են մեր աշխատանքը,- նշեց մեր զրուցակիցն ու շարունակեց.

«Պետք է ասեմ, որ ամբողջ աշխատանքները փորձում ենք մենք կատարել, իհարկե, մեզ հարազատ մարդկանց օգնությամբ: Շնորհակալ ենք Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի ողջ անձնակազմին՝ ի դեմս տնօրինությանը և գեղարվեստական ղեկավար Արմեն Էլբակյանին: Շնորհակալ ենք թատրոնի բանվորներից, լույսի և ձայնի մասնագետներից, մինչև դերասաններ, ովքեր մեզ իրենց կարևոր աջակցությունն են ցույց տալիս: Չեմ կարող չհիշատակել նաև Մշակույթի նախարարությանը՝ ի դեմս Արմեն Ամիրյանի, նրանք ամեն ինչ արել են, որպեսզի այս երեկոն կայանա, ինչպես նաև Երևանի Քաղաքապետարանին, որը մեծագույն օգնություն է իրականացրել բեմի ձևավորման հետ կապված»:

Զրույցի վերջում խոսելով Տիգրան Ներսիսյանի և Նելլի Խերանյանի երիտասարդության գաղտնիքի և համերաշխության մասին, մեր զրուցակիցը շատ պարզ ու կարևոր հատկանիշ մատնանշեց.

«Իրականում ոչ մի գաղտնիք չկա, այլ միայն կա սեր: Երբ սերը կա ստեղծածդ բույնում, ուրեմն ամեն ինչ կա այդտեղ: Մենք էլ, բոլոր զույգերի նման, վիճում ենք, հաշտվում, մենք էլ ունենում ենք ֆինանսական, կենցաղային խնդիրներ, սնվում ենք նույն սնունդով, ինչ բոլորը, նույն կերպ ենք վաստակում մեր հանապարզօրյա հացը, ոչ մեկ մեզ սկուտեղի վրա լավ կյանք չի մատուցում, բայց այդ ամենին զուգահեռ կա նաև սեր: Ի դեպ՝ հոբելյանական երեկոյի պաստառին չի նշվում, բայց իրականում վաղը մենք եռատոն ենք նշելու, քանի որ լրանում է նաև մեր համատեղ կյանքի 30-ամյակը»:



Նման նյութեր