aravot.am-ը գրում է. «Ելք» դաշինքի անդամների վրա զինված հարձակում կատարելու մեջ կասկածվող անձը՝ 39-ամյա Արթուր Այվազյանը՝ Մանախը, որը 2001թվականին դեռ 24 տարեկան հասակից 15 տարվա ազատազրկման էր դատապարտվել դաժան սպանություն կատարելու մեղադրանքով, մամուլում առավել հայտնի դարձավ Արթիկ քրեակատարողական հիմնարկում պատիժը կրելու տարիներին։ Բանն այն է, որ նա քրեակատարողական հիմնարկ այցելող լրագրողներին մշտապես ներկայանում էր որպես քաղբանտարկյալ՝ հայտարարելով, որ ինքը որևէ առնչություն չունի իրեն վերագրված մեղադրանքի հետ։ Մանախը եղել է ԱԺ պատգամավոր Առաքել Մովսիսյանի (հայտնի է «Շմայս» մականունով) եղբոր`«Ազատամարտիկների եւ կին վետերանների միություն» Հ/կ նախագահ Միհրան Մովսիսյանի թիկնապահը, եւ դատապարտվել էր հոկտեմբերի 27-ի գործով կարևորագույն վկաներից մեկի՝ Սամվել Ստեփանյանի (անվտանգության աշխատակից) սպանությունը պատվիրելու և կազմակերպելու համար։ Նշենք, որ ըստ քրեական գործի, Սամվել Ստեփանյանին սպանելուց հետո նրա դին պայթեցրել էին, որպեսզի մարմնի մասերը ցիրուցան լինեն ու այսպիսով հանցանքը կոծկեն։
Սամվել Ստեփանյանը սպանվել էր 2001 թ. հոկտեմբերի 14-ին, դին հայտնաբերվել էր Երեւանի Հաղթանակ կամրջի տակ: Ի դեպ, Արթուր Այվազյանին կասկածել են նաև ՀՀ պաշտպանության փոխնախարար Վահրամ Խոռխոռունու սպանության մեջ, սակայն նրա հանցանքը չի ապացուցվել։ Արթուր Այվազյանը մշտապես պայքարում էր իրեն վաղաժամկետ ազատ արձակելու համար, նույնիսկ դատի էր տվել Արթիկ քրեակատարողական հիմնարկի վարչական հանձնաժողովին, իսկ անցած տարի ազատ արձակվելուց հետո դիմել էր Մարդու իրավունքների Եվրոպական դատարան՝ վիճարկելով ՀՀ դատարանների կողմից իրեն պայմանական վաղաժամկետ ազատ չարձակելու որոշումները։
Նշենք, որ վերջինս 4 տարի առաջ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում հրաժարվել էր ՀՀ քաղաքացիությունից՝ հայտարարելով․ «Հրաժարվում եմ ՀՀ քաղաքացիությունից, քանի որ ես ու Սերժ Սարգսյանը, Աղվան Հովսեփյանը, ով իրավական ահաբեկչություն է իրականացնում երկրում, չենք կարող ունենալ մեկ աշխարհագրական հայրենիք»։
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: