Հայրս հյուրասեր էր չափից ավելի: Հայի հյուրասիրության պատմություններով չես զարմացնի, բայց այն ինչ-որ կերպ չափավորվում է, երբ հասնում են դժվարին ժամանակներ: Այդ դժվարին ժամանակները հայրս քանիցս է ապրել, բայց հյուրընկալ նրա բնույթը դույզն-ինչ չի փոխվել: Ամենածանրը մանկության տարիներն էին. բայց աքսորականի ճակատագիրը կիսելով անգամ, թերթ վաճառելով և խնայելով վաստակած կոպեկները, նվերների բոխչաներով՝ հիմնականում մթերքով լի, տարին մի քանի անգամ, անհուսալի նավով կտրելով Սևանի կատաղի ալիքները, այցելել է իր մորն ու ավագ քրոջը՝ համարյա իր ողջ վաստակածը նրանց նվիրելով: Սիրում էր նվերներ անել, և ամենաճոխ նվերները նրա հաճախակի հյուրասիրություններն էին:
Խորոված անելու մեծ վարպետ էր: Երևանի հենց կենտրոնում գտնվող մեր մենատնից 1960-ականների վերջին Աջափնյակի նորակառույց բազմաբնակարան շենքերից մեկը տեղափոխվելուց հետո էլ այնպիսի պայմաններ էր ստեղծել, որ իր շենքից անպակաս լիներ խորովածի բույրը: Շենքի տարբեր մուտքերում դրված երեք մետաղե, ծանր, տարողունակ մանղալները նրա պատվերով էին սարքվել: Օգտվում էին ոչ միայն մեր, այլև շրջակա շենքերի բնակիչները: Հաճախ տանում, հետ չէին բերում: Հետևից գնում, շենքի տղամարդկանցով հետ էին բերում. ոմանք էլ ընդդիմանում էին, թե՝ ինչու՞ եք տանում մեր բաժին մանղալը, հանրային է: Ու ստիպված էին հատիկ-հատիկ բացատրել, թե չէ՛, եղբայր Հակոբինն է, ազատ դրել է, որ բոլորն օգտվեն: Շենքի տեղը բացատրելիս հաճախ ասում էին՝ մանղալների շենքը, մուտքերը հաշվում էին մանղալներով:
Մեղրի նման իրար միացնող, մեկտեղ բերող, հեռուներին մտերմացնող բնավորություն ուներ հայրս: Ուրախանում էր վաղուց կորցրած հարազատներին գտնելիս, ամեն ինչ անում էր նրանց դարձյալ բարեկամության շարքերը վերադարձնելու համար, բոլոր արյունակիցների առաջին ճոխ խնամականչերը մեր տանն էին կազմակերպվում, ամենաուրախ ու անկեղծ քեֆերի ձայնը մեր տնից էր լսվում: Բայց միշտ պահպանում էր չափն ու սահմանը: Կաներ խորովածը, կբարձրանար տուն, կնստեր սեղանի գլխավերև ու կսկսեր թամադայությունը: Բնությունից օժտված էր գեղեցիկ խոսք կառուցելու շնորհքով, հետն էլ կատակներ էր անում, հյուրասիրությունը զարդարում խոսք ու զրույցով: Մեր տանը թե դրսում՝ միշտ գերադասում էին նրան թամադայի դերում տեսնել: Իր կատակ պատմություններն այնքան համով-հոտով էր շարադրում, խոսք ու զրույցն այնքան լի ու աշխույժ էր, որ կարելի էր նույն բանը հարյուր անգամ լսել ու չձանձրանալ: Միշտ մի նոր երանգ, մի հետաքրքիր մանրամասն էր ավելացնում ծանոթ պատմությանը, այնպես որ սեղանակիցները շունչները պահած սպասում էին հերթական պատմության հանգուցալուծմանը, ասես առաջին անգամ էին այն ունկնդրում:
Հավանաբար, խոսք կառուցելու իր շնորհքը ժառանգել էր ծնողներից. տասնյակ անգամներ համակ լսելիք դարձած ես ունկնդրել եմ տատիս հետաքրքիր պատումները, թե ինչպես է իր քահանա հոր տանը հյուրընկալված Կոմիտասի համար երգել, և այդ պատմությունն անձրաձույթ պատրաստ էի լսել էլի ու էլի… Բայց միայն խոսք կառուցելու շնորհքով չէր օժտված հայրս: Մարդկային հարաբերությունները կարգավորելու մեծ վարպետ էր: Չէր սիրում կոնֆլիկտներ տեսնել իր ընկերների, հարազատ-բարեկամների մեջ: Երկուստեք կհամոզեր, կհաշտեցներ: Չէր սիրում բամբասանքը և թույլ չէր տալիս իր մոտ բամբասել: Տանել չէր կարող պարծենկոտությունը, հատկապես տղամարդկանց բացբերանությունը, չէր ներում ստախոսությունը: Արդարամիտ էր, սխալդ երեսիդ էր ասում, սրտում քեն չէր պահում:
Ասում էր՝ հյուրերիդ լավ պատիվ տալուց հետո ճանապարհելիս գրպանները մի-մի բուռ չամիչ լցրու… Որոշ լռությունից հետո ավելացնում էր՝ որ բերանները պարապ չմնան, ու չհասցնեն քննել-քննադատել քեզ, սեղանդ, մասնակիցներին: Գիտեր մարդկային բնույթը և նախանձն ու չկամությունը փորձում էր ի չիք անել յուրովի: Բամբասանքին ու չարակամությանն ընդդիմանալու իր միջոցը մի բուռ քաղցր չամիչն էր…
Հասմիկ Սարգսյան