Retro. «Մեզ միավորում է հիմարությունը»
Advertisement 1000 x 90

Retro. «Մեզ միավորում է հիմարությունը»

Նյութը 2011 թվականին հրապարակվել է «168 Ժամ» թերթում:

Մեր ազգային առանձնահատկությունները դժվար չէ ճանաչելը, եթե կարողանանք հետևել մեր պատմության ընթացքին` ինչպես ենք արձագանքել ժամանակի մարտահրավերներին: Իսկ մեր արձագանքը եղել է խիստ հակասական` ունեցել ենք Մեծ Հայք, հետո կորցրել: Ընդունել ենք քրիստոնեություն, սակայն այն «կիրառելու» բարդություն ունենք, տարել ենք բարոյական հաղթանակներ, մոտ 1000 տարի պետություն չենք ունեցել: Ունեցել ենք 12 մայրաքաղաք: Ավանդաբար բռնել ենք գաղթի ճամփան: Ունեցել ենք Առաջին, ապա Երկրորդ, այժմ էլ Երրորդ Հանրապետություն: Սակայն այսօր էլ օրակարգում են գրեթե նույն խնդիրները, ինչ, դատելով պատմիչների աշխատասիրություններից, ունեցել ենք միշտ: Եվ այդ ձախողումների պատճառով է, որ մեր ժողովուրդը շարունակում է մնալ 2-3 միլիոն` հայրենիքում: Եռակի ավելի` Սփյուռքում: Ինչո՞ւ ենք ավանդաբար նույն սխալներն անում: Այս թեմայով ավելի լավ զրուցակից, քան մշակութաբան, փիլիսոփա Ռուբեն Անգալադյանն է, դժվար է գտնել:

– Պարո՛ն Անգալադյան, մեր պատմությունն այնքան հարուստ է հակասություններով, ինչպես մենք ինքներս: Պատմությո՞ւնն է թելադրում ազգի, ժողովրդի գործողությունները, թե՞ ժողովուրդն է թելադրում իր պատմությունը: 

– Տեսեք, ունեցել ենք 12 մայրաքաղաք: Անգամ Փարիզում ցուցահանդես բացեցինք: Դա, եթե կուզեք, քաղաքական տեսանկյունից խայտառակություն է: Այնքան անկայուն ազգ ենք, որ մայրաքաղաք ստեղծելու 12 պրոյեկտ ենք տվել և չենք կարողացել 11 մայրաքաղաքը պաշտպանել: Հնարավոր է զիջել մեկ մայրաքաղաքը, երկրաշարժի պատճառով տեղափոխել երրորդը: Բայց եթե ազգը հպարտանում է, բերում-ցույց է տալիս, թե ինքը 12 մայրաքաղաք է ունեցել, սա սարսափելի է: Մինչև անգամ` մշակույթի տեակետից, որովհետև, եթե ամբողջական պատկեր ես ուզում ստանալ, չես կարող: Ի՞նչ տեղի ունեցավ այս 20 տարիներին. սովորական մարդը տեսավ, որ սա մի երկիր է, ուր արդարություն չկա: Նա էլ համբերեց 20 տարի. ավելի չի կարող: Եվ մեր ազգը դարձավ սփյուռքի ազգ` էթնիկական տարածքներում ապրում է ավելի քիչ հայ, քան սփյուռքում:

– Բայց Հայաստանի համար սփյուռքն ընկալվում է որպես խոշոր ձեռքբերում:

– Սփյուռքը մեր ձեռքբերումը չէ: Գիտե՞ք, մենք այնքան համառ և, մի տեսակգ բութ ենք, որ նույն սխալները, որ 50-70 տարի Սփյուռքն արել է, մենք նորից անում ենք: Այն դասավորումը, որ Սփյուռքն ինքն իր համար ստեղծել է, գուցե ճիշտ էր փոքր գաղութների համար` եկեղեցի են կառուցել, հարուստներին, վաճառականներին լուրեր էին պետք` թերթ են հրատարակել, իրենց պետք է եղել ճաշել` ռեստորան են բացել: Եղել է մի փոքրիկ ենթակառուցվածք, որը սպասարկել է տվյալ փոքր գաղութը: Ինչ վերաբերում է մեծ զանգվածներին, մենք չենք կարող երկխոսել խոշոր ազգերի հետ: Չի՛ կարող հայկական դպրոցը ունենալ նույն մակարդակը, ինչ ֆրանսիական, ռուսական դպրոցը: Սովետական Միությունում մեր հայկական դպրոցը զիջում էր ռուսական դպրոցներին: Եվ զիջում էր ոչ թե լեզվով, այլ մտածելակերպով, աշխարհընկալմամբ, հոգեբանությամբ:

– Վստահ եմ` մեղքը բարդելու եք հայոց լեզվի վրա:

– Տեսե՛ք. հայերենն արտացոլում է հայ ժողովրդի կոնսերվատիվ մոտեցումները: Դարեր շարունակ պետություն չենք ունեցել, պետք է կոնսերվատիվ լինենք, որ պահպանենք մերը: Մենք չենք կարող աշխարհի հանդեպ բաց լինել: Բաց լինելու համար պետք է ունենաս ընդհանուր իմունիտետ` բանակ, օրենքներ, պաշտպանված լինես: Առանձին վերցված մարդու դաշտն այնքան պիտի պարզ ու լայն լինի, որ յուրաքանչյուր` անգամ խոշոր անհատը, որ գալիս է Հայաստան, գտնի իր տեղը: Իսկ երբ խոշոր անհատը գալիս է, իսկ տեղը շատ փոքր է` մի ոտքի համար, կանգնում է մի քիչ, հետո հեռանում:

– Ցանկացած խնդրին անդրադառնալիս` գալիս-հանգում ենք արտագաղթին: Երկրի առաջին դեմքերը պարզապես վստահ են, որ դեմոգրաֆիկ աղետի մասին զրույցները չարամիտների չափազանցություններն են:

– Մեր ազգի կորիզը 20-25.000 ընտանիք է: (Երբ յուրաքանչյուր ազգ որոշակի քանակության է հասնում, ունենում է ընտանիքներ, որոնք արտացոլում են տարբեր շերտեր, բայց բոլորը միասին կազմում են տվյալ ազգի կորիզը: Այսինքն` այն կոնստրուկցիան, որի վրա կառուցվում է ազգը: Գալիս են նոր մարդիկ, գնում են, բայց կորիզը մնում է): Եվ մենք հիմա այդ ընտանիքներից ենք կորցնում: Գյուղացիությունն է դուրս գալիս: Գյուղացիությունն ազգի արգանդն է: Ամերիկացիներն ասում են.«Աստված ստեղծել է գյուղը, մարդը` քաղաքը»: Գյուղացին առաջին շերտն է, որի վրա կազմվում է ազգային բանահյուսությունը, լեզուն, ամեն ինչ: Մենք միշտ ասում ենք` տեսեք` ինչ հզոր բանակ ենք ստեղծել: Ի դեպ, զորակոչվողներն Իսրայելի բանակ հանձնում են իրենց սերմը հատուկ բանկ: Այսպիսով` պետությունը ցույց է տալիս, որ չի թողնի տվյալ զորակոչիկին` առանց սերունդի: Հետևություններն արեք ինքներդ: Մեր բանակը ստեղծվել է այն պայմաններում, ինչ պայմաններում ժամանակին ստեղծվել է Առաջին Հանրապետության բանակը: Այսօր ոչ մի նոր բան չի ստեղծվել. ֆիդայիները, տղաները գնացին Արցախ` կռվելու, ոչ ոք իրենց չէր կազմակերպել: Դա՛ էր բանակի կորիզը, և այսօր այդ կորիզը մնում է: Այո, բանակը հաղթել է պատերազմում, բայց Արցախում հաղթել է Սովետական Հայաստանի պոտենցիալը: գՀույսը կորցրած հայը եթե դուրս է գալիս, այնպես է գնում, որ մխրճվի ու մնա տվյալ երկրում:

– Սակայն օտար երկրում մխրճվելը, այսպես թե այնպես, սթրես է:

– Սկզբնական էտապում բոլորն, ովքեր գնում են, ուզում են ազգային երգուպարը, լեզուն, դպրոցը, հետո կամաց-կամաց դա կորչում է: Սա նորմալ է: Համայնքային կյանքն այն սոցիալիստական կյանքը չէ, ուր բոլորը հավասար են: Հարուստները հարուստ են, աղքատներն աղքատ են: Եվ էգոիզմը դառնում է ամենակարևոր հատկանիշը:

– Արտագաղթը հետևանքն է: Իսկ պատճառնե՞րը. ինչո՞ւ մենք` ՀՀ քաղաքացիներս, կարևոր ու թանկ չենք մեր պետության համար, որ պետությունն այսքան հեշտությամբ պատրաստ է մեզ կորցնել:

– 20-ականներին ընդունելով սոցիալիզմը (ջարդ տեսածների համար դա միանշանակ փրկություն էր` բոլորը պետք է լինեն հավասար, երջանիկ)` մեր ազգը աշխատեց: Տղամարդը դարձավ կարևորագույն օղակ տանը: Կինը ևս. 20-30-ական թթ. ամենաբեղմնավոր շրջանն է, երբ մեր պոպուլյացիան շատացավ: Դա առողջ սերունդ էր, որը 40 թ.-ին գնաց պատերազմ և ցույց տվեց, որ մենք հնացած, վախկոտ ազգ չենք, որ 1-ին համաշխարհայինի ժամանակ թյուրիմացություն է եղել: Պատահական չէ, որ Բեռլինում եղավ նաև հայկական դիվիզիան, իսկ վրացիներին Ստալինը թույլ չտվեց Բեռլին մտնել: Բայց ո՞րն է մեր դժբախտությունը. մենք անմնացորդ տրվում ենք: Սովետի ժամանակ Վրաստանում` Կախեթիայում, բոլոր հայերը դարձան վրացի: Այսինքն` երբ հայերս տիեզերքի հետ էինք խոսում, վրացական կոմունիստական կառավարությունը հայերին վրացի էր դարձնում: Բայց մենք նման խնդիրներով հետաքրքրված չէինք: Մենք մարդու վրա ուշադրություն չենք դարձնում: Սա մեր մեծագույն դժբախտությունն է: Մարդը մեզ համար գին չունի: Այն դեպքում, երբ եվրոպական որոշ երկրներում ծննդաբերությունը մինուսի վրա է, սակայն տարբեր երկրներից երեխաներ են որդեգրում, որ գենոֆոնդը հարստացնեն, որ` կենդանու բնազդներն արթուն մնան մարդու մոտ: Հայաստանից ևս վերցնում են: Մենք դառնում ենք օտար տան որոշակի աղյուսներ. մեր գենետիկան ենք տալիս։ Իրենք վերլուծում են, հասկանում` ումից ինչ պիտի վերցնեն, որ ստանան այն մարդուն, ով կարևորագույնն է: Յուրաքանչյուր ազգ ստեղծում է իր երևակայության մեջ իդեալական մարդու տեսակը: Այդ տեսակն է մշակույթ ստեղծում և նաև այդ մշակույթն օգտագործում` որպես սպառող: Մեզ մոտ քաոս է: Ասում են` Բելգիայում այսպիսի օրենք կա, եկեք մենք էլ ընդունեն, լա՜վ էլ օրենք է: Մեր ղեկավարությունն իր ազգը չի տեսնում, չի մեկնաբանում:

– Նշեցիք Երկրորդ համաշխարհայինի ժամանակ մեր դերակատարության մասին: Դրան հաջորդում է արդեն Արցախյան պատերազմը, ուր մենք ևս հաղթանակ արձանագրեցինք` թող որ Սովետական Հայաստանի նյութական և բարոյական պոտենցիալով: Այսինքն` գոնե մինչև 90-ականների սկիզբը ամեն ինչ վատ չէր:

– Անկասկած: 80-ականներն ամբողջովին պատրաստեցին 88-ը, իսկ եթե սերունդով վերցնենք` 60-65թթ. սերունդը, որ մտնում էր կյանք, եկավ ու կանգնեց` որպես տվյալ շարժման ղեկավար: Բայց ներքին կարգախոսը եղավ հեռու ազգային մոտեցումներից: Ամենակարևորը` մարդը պիտի գին ունենա, մենք պետք է լինենք շիտակ, բոլորն օրենքի առաջ պիտի լինեն հավասար: Ես հոգնել եմ լեգենդներից, ես ուզում եմ ապրել այս երկրում, ուզում եմ այս երկիրը լինի բոլորի համար: Այնպիսի տպավորություն է, որ շտապում են, ուզում են ինչ-որ բանի արագ հասնել: Չեմ հասկանում` ինչու են այդքան շտապում սխալվել: Մշակույթը` որպես այս բոլոր պրոցեսների արտացոլում, հիանալի ցույց է տալիս ամեն ինչ: Քաղաքում երկու սերունդ վրա-վրա քանդակ է դնում: Ասում եմ` սա մեր մայրաքաղաքն է. 150 տարի հետո էլ այս քաղաքում լինելու են հանճարեղ մարդիկ, բայց արդեն տեղ չկա, որ նրանց քանդակները դնեն: Ստիպված կլինեն հանել մեր դրածներից: Հարգեք ապագան, որ ապագան հարգի ձեզ:

– Արտագաղթը բնորոշ է հետխորհրդային բոլո՛ր երկրներին: Սակայն Դուք պնդում եք, թե հայերի դեպքում այն ունի առանձնահատկություններ:

– Հայերն ունեն օտար էթնոսում ապրելու մեծ փորձ: Այն սերունդը, որն անկասկա՛ծ հաջողություն կունենար ամենուր, արդեն դուրս է եկել: Հիմա դուրս է գալիս այն տեսակը, որը տատանվում էր, սպասում էր` ո՞ւր է գնալու, ինչքա՞ն կաշառք է տալու: Ուզբեկն էլ է դուրս գալիս իր երկրից, սակայն վերջին 300-400 տարվա ընթացքում առաջին անգամ է այսպիսի մեծ զանգված դուրս գալիս դեպի քրիստոնեական աշխարհ: Ըստ պաշտոնական տվյալների` երկիրը տարեկան լքում է մոտ 24.000 մարդ, ավելի մատչելի` մի Աբովյան քաղաք:

– Ասացիք` կաշառք: Այսինքն` գնացողների մեծ մասը գիտակցում է, որ, օրինակ, Ռուսաստանում, ուր գնում է, ևս նույն խնդիրների առաջ կանգնելու է: Այդ դեպքում ինչո՞ւ է նախապատվությունը տրվում գնալուն: 

– Գնացողն իր հողի վրա իր արժեքը գիտի: Ասում է` ես լավ գյուղացի եմ, լավ արհեստավոր եմ: Երբ դուրս է գալիս, արդեն ասում է` ինչ պետք է, այն էլ կանեմ: Իսկ նա շատ բան կարող է անել: Ա՜յ դրանով էլ է հայ մարդը տարբերվում մյուս ազգերից: Ազգը, որը 1000 տարի պետություն չի ունեցել, այնքան փորձ է ձեռք բերում: Նա շինարար է, էլեկտրիկ է, բանաստեղծ է, ուսուցիչ է, գյուղացի, վարորդ:

– Եվ բոլորը` միանգամից:

– Ոչ մի ուզբեկ հայի հետևից չի կարող հասնել: Հետո` հայը զուսպ է. ագրեսիվ է այնքանով, ինչքանով պետք է: Մի կողմից դրական է, որ ազգը ձեռք է բերում հսկայական փորձ, բայց վատ է, երբ իր երկրից դուրս է գալիս: Իսկ ինքը պիտի դուրս գա, որովհետև այլ տարբերակ չի տեսնում: Վիրավորված է ազգային արժանապատվությունը:

– Ինչո՞ւ չփորձել ուժերը` փոխել հայրենիքը: Հնարավոր չէ՞ մնալ և փորձել շտկել իրավիճակը երկրում:

– Միևնույն գաղափար կրող, դաստիարակված, աշխարհի լավագույն համալսարաններում կրթված 20.000 մարդ է պետք: Դա՛ է կրիտիկական զանգվածը: Այդքան մարդ է պետք, որ ըմբոստանա, և չինովնիկը նորմալ մարդ կդառնա: Անգամ բանակում բարձրաստիճան զինվորականները չինովնիկ են: Պետք է տեսնեք, թե փոքր ազգերի լավագույն բանակները ոնց են խնամում իրենց զինվորին: Մենք ասում ենք` բանակում ամենակարևորը կարգապահությունն է: Ո՛չ, ամենակարևորը վստահությունն է, երբ զինվորը վստահում է բարձրաստիճան զինվորականին: Երկրորդը բարությունն է, ապա նոր` կարգապահությունը: Այսօր բանակում կեղծավորություն է, որից պետք է ազատվել: Կեղծավորության միջոցով ղեկավարելը հեշտ է:

– Նշեցիք` անհրաժեշտ է 20.000-անոց կրիտիկական զանգված: Որտեղի՞ց վերցնենք այդ 20.000-ը, այն էլ` կրթված և դաստիարակված: Եվ ի՞նչ պետք է անի կրիտիկական այդ զանգվածը:

– Այդ 20000-ն իր տեղում պիտի հասկանա` ինչ է նշանակում պետություն, մարդ: Մենք ասում ենք` ամեն ինչ վատ է: Եթե այս երկրում ուզում ենք ապրել, պետք է մեր պատմությունը ճիշտ մեկնաբանենք: Ճիշտ չենք մեկնաբանում: Մենք ի վիճակի չենք ինտեգրվել հանրությանը: Որտեղ էլ լինի` հայն անվերջ իր մասին է խոսում: Կինոփառատոն է. եկել է մարդ, ուզում ես իմանալ` նա իր երկրում ինչպես է ապրում, ինչ է անում, մենք ասում ենք.«Պատմեք այնտեղի հայերի մասին կամ ձեր հայկական գեների մասին»: Ելնելով այդ հասարակ օրինակից` որևէ միջազգային խնդիր չենք կարողանում բարձրացնել: Նախագահն ի վիճակի է, չէ՞, էկոլոգիական խնդիր բարձրացնել: Ի վերջո, մեր երկիրը բարձրավանդակում է, չունի ծով: Մենք բնությունը չենք սիրում: Անտառները փշալարերով կիսել են: Սեփականություն, ուրիշ ոչինչ: Սա մեծագույն դժբախտություն է: Եթե կա մի բան, որը մեզ միավորում է, մեր հիմարությունն է, ոչ թե խելքը:

– Նման վարքագիծն առաջարկվում է վերևի՞ց: Այսինքն` քաղաքական ընտրանին ցածր արժեհամակարգի կրող է, և դա ուղղակի կամ անուղղակի անցնում է ներքևների՞ն: Թե՞ դա հասարակության ընտրությունն է:

– Ի՞նչ ընտրանի: Ընտրանին ստեղծվում է երկար ժամանակում: Էլիտա ստեղծելու համար չափանիշներ են պետք` ինչ է նշանակում ինտելեկտ, ինչ է նշանակում մաքրություն, բարություն: Բարությունն այսօրվա մեր կյանքում էշությունն է, հիմարությունը: Տարբեր բացասական հոմանիշներ կարող եք դնել:

– Իրո՛ք, երբ ինչ-որ մեկին հեռուստատեսությամբ հարցնում են` ի՞նչ թերություն ունեք, ասում է` չափազանց բարի եմ:

– Նորմալ պետության մեջ, եթե մարդն ուզում է իր ուժն ընդգծել, ասում է` ես բարի եմ: Մեր ամբողջ արժեհամակարգն է խեղաթյուրված: Այսպես շարունակելը տգիտություն է: Պետք է լուրջ մարդկանցով, երկրից դուրս, ստեղծել հիմնադրամ` համազգային ծրագրեր ամրապնդելու և նոր ձևի կառավարման մեթոդներ մտցնելու Հայաստան: Պետք են երկրի բարգավաճման հեռանկարներին ուղղված երկարատև ծրագրեր: Պետք է պլանավորենք` ուր է հասնելու երկիրը 15 տարի անց: Թեև լուրջ երկրները հաշվարկում են անգամ առաջիկա 115 տարին:

Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ

16.09.2011

168.am



Նման նյութեր