Retro. «Լրագրողը պետք է իշխանություններից խելացի լինի»
Advertisement 1000 x 90

Retro. «Լրագրողը պետք է իշխանություններից խելացի լինի»

Նյութը 2009 թվականին հրապարակվել է «168 Ժամ» թերթում:

Մանանա Ասլամազյանը աշխատում է Փարիզում` «Ինտերնյուզ-Եվրոպա» կազմակերպությունում ու տարբեր երկրների (Շրի Լանկա, Նեպալ, Զիմբաբվե, Բիրմա, Մալազիա և այլն) լրատվամիջոցների համար ավելի մոտ է դարձնում ինֆորմացիոն աղբյուրները, որոնք տարբեր պատճառներով փակ են կամ էլ դժվար հասանելի են:

Մ. Ասլամազյանը վստահ է, որ ուսումնասիրելով հարևանների փորձը, կարելի է գտնել սեփական երկիրն ավելի «բաց» ու ազատ դարձնելու մոդելները։ Ինքն իրեն իդեալիստ ու օպտիմիստ համարելով (չնայած, որ Ռուսաստանը, որտեղ նա 30 տարի ապրել, աշխատել ու «Ինտերնյուզ» ոչ կոմերցիոն կազմակերպությունն է ղեկավարել, փաստորեն, ստիպել է իրեն հեռանալ ՌԴ-ից ու լուծարել «Ինտերնյուզը»)՝ Մանանա Ասլամազյանը մտածում է, որ Եվրամիության օրինակով կարելի է շատ արդյունավետ գործող նոր միություն ստեղծել ու անվանել այն «ԵվրոԿովկաս»։ «Եվրամիությունը ստեղծվել է Երկրորդ աշխարհամարտից հետո, և նախաձեռնողներն իրար հետ պատերազմող երկրներն են եղել, որոնք շատ երկար բանակցել են, զրուցել են, բանավիճել են ու արդյունքում ուժեղագույն տնտեսական միավորում են ստեղծել։ Եվ թող ինձ խենթ համարեն, բայց ես երազում եմ, որ մի օր մենք էլ նման միավորում կստեղծենք մեր տարածաշրջանում։ Եվ մեր «ԵվրոԿովկասը» ցնցող մշակույթ ու ուժեղ տնտեսություն ունեցող մի ընդհանուր դաշտ կդառնա»,- ասում է նա։

Էներգիայով, նոր գաղափարներով ու էմոցիաներով լեցուն Մ. Ասլամազյանի հետ զրուցեցինք հայաստանյան իրականության մասին, որտեղ կատարվող փոփոխությունները մենք հաճախ ինքներս էլ չենք նկատում: Իսկ դրանք մեզ շատ ազնիվ ու գեղեցիկ կերպով ցույց են տալիս այն մարդիկ, որոնք միաժամանակ Հայաստանից հեռու են, բայց միշտ «ներսում» են։

– Ինչպե՞ս է վերծանվում «բաց ինֆորմացիոն երկիր» արտահայտությունը։

– Աշխարհի համար «բաց» լինելը կախված է տվյալ երկրի մեծ ու ուժեղ լինելուց: Եթե երկիրը զարգացած տնտեսություն ունի, ու նրա որոշումներից շատ բան է կախված (վա՞տ, թե՞ լավ, դա երկրորդական հարց է), ուրեմն այն հետաքրքիր է աշխարհին, և նրա մասին շատ են գրում և խոսում: Նման երկրից կարելի է և օգնություն, և ստորություն ակնկալել: Իսկ Հայաստանից ոչ ոք ոչինչ չի սպասում, այդ պատճառով էլ` Հայաստանի մասին քիչ են գրում: Իսկ որտեղի՞ց կարող է հայտնվել բաց հայացքը, եթե Հայաստանում բոլորը ամենօրյա ծանր տնտեսական հարցեր են լուծում: Այդ դեպքում ուշադրություն էլ չես դարձնում, թե ինչ է կատարվում աշխարհում, միայն «ներսի» հարցերի վրա ես կենտրոնանում:

– Մեզ մոտ գրեթե բոլոր հեռուստաընկերությունները օլիգարխներին են պատկանում, և բոլորը իշխանությունների մասին միայն լավ բաներ են խոսում։ Դա ձեռնտո՞ւ է իշխանություններին: Չէ՞ որ անընդհատ գովաբանելով` հակառակ արդյունքի ես հասնում։

– Այսինքն, դուք ուզում եք, որ իշխանությունները խելացի, ազնվաբարո լինեն, խիղճ ունենան: Դուք օժտում եք նրանց այնպիսի հատկություններով, որոնք իշխանություններին ի սկզբանե հատուկ չեն: Մարդիկ իշխանության են ձգտում ոչ թե այն պատճառով, որ ազնիվ ու խելացի են, այլ` որովհետև իշխանության հասնելու մեծ ցանկություն ունեն: Խելացի իշխանությունները պետք է հասկանան, որ ԶԼՄ-ները այն աղբյուրն են, որից իրենք պետք է գիտելիքներ ստանան։ Բայց որպես կանոն, այդպես չի լինում։ Եվ հենց լրագրողները պետք է փորձեն ապացուցել, որ օբյեկտիվ մամուլ ունենալն ավելի ձեռնտու է։ Չեմ սիրում ասել՝ «ազատ մամուլ», քանի որ չի կարելի հասարակությունից ու սեփական մասնագիտության շրջանակներից ազատ լինել։ Ազատությունը նշանակում է, որ նյութը ազնիվ է պեղված, ազնիվ է մշակված ու օբյեկտիվորեն է ներկայացված։ Իսկ իշխանավորները հասարակության առջև հաշվետու են դառնում միայն այն դեպքում, երբ այդ երկրում ուժեղ քաղաքացիական հասարակություն կա: Ցավոք սրտի, նախկին խորհրդային տարածքի բոլոր պետություններում իշխանությունները գիտակցաբար ու անգիտակցաբար փորձում են սահմանափակել ազատ ԶԼՄ-ներն ու քաղաքացիական ազատությունները: Իրենց թվում է, որ այդպես ավելի հեշտ է վերահսկելը:

– ՀՀ-ում հիմա ավելի տարօրինակ իրավիճակ է. բոլոր հեռուստաալիքները զբաղվում են ինքնավերահսկմամբ՝ ասելով՝ մեզ պետք չէ հսկել, մենք ինքներս ենք մեզ հսկում:

– Երբ հեղաշրջումներ են տեղի ունենում, քաղաքական վերադասավորումներ են կատարվում, ԶԼՄ-ները իրենք են մոտենում այդ նոր քաղաքական ուժերին` փորձելով նրանց օգտակար լինել: Լրագրողին սկսում է թվալ, որ այդպիսով նա օգուտ է տալիս, իսկ իր սիրելի քաղաքական գործիչը նրան ավելի շատ ինֆորմացիա տալով ու փաղաքշելով՝ իրականում (կոպիտ ասած) «գնում» է նրան։ Երբ սկսում ես անվերապահորեն ընդունել մի կողմը, կորցնում ես քննադատական հայացքը, որը պիտի լրագրողի մասնագիտության հիմքը լինի։ Դա մեր մասնագիտության այբուբենն է. շուրջը կատարվող ամեն ինչին պետք է քննադատորեն մոտենալ։ Իսկ այն լրագրողները, որոնք չեն կորցնում քննադատական միտքը, հանկարծ կարող են պարզել, որ իրենց կյանքը բարդացել է։ Իշխանությունները սկսում են նրա վրա ազդել տնտեսական լծակներով, թողնում են նրան ինֆորմացիոն շրջափակման մեջ, զրկում են լիցենզիայից կամ էլ՝ «հրշեջ» ծառայություններ են ուղարկում՝ հանկարծ խախտումներ հայտնաբերելով։ Իշխանությունները կարող են զրկել ԶԼՄ-ները գովազդից։ Իսկ ԶԼՄ-ներն էլ հասկանում են, որ քննադատելով իշխանություններին՝ պակաս քանակի գովազդատու ու պակաս ինֆորմացիա կունենան։

– Իշխանությունները «վարժեցնո՞ւմ» են ԶԼՄ-ներին։

– Իհարկե։ Եվ հետո գալիս է այն պահը, երբ մարդիկ մտածում են՝ ի՞նչ է, ինձ բոլորից շա՞տ է հարկավոր, թող ուրիշները քննադատեն, իսկ ես կնախընտրեմ իմ աշխատողներին աշխատավարձ տալ ու հանգիստ աշխատել։ Հենց այդպես էլ սկսվում է «ինքնացենզուրան»։ Այդ մեխանիզմը գործում է գրեթե բոլոր հետխորհրդային պետություններում։ Դրա դեմ պայքարելու միակ միջոցը լրագրողների կրթության բարձրացումն է։ Կրթությունը միայն գրել ու կարդալ իմանալը չէ։ Պետք է հասկանալ, որ լրագրող լինելը միաժամանակ և գեղեցիկ, և սարսափելի է։ Եվ պետք է սովորել միշտ լինել հիմնավոր ու քննադատական, նա պետք է ձգտի իշխանություններից ավելի խելացի լինել, ավելի լավ ու լայն դիտարկի իրավիճակը։ Եվ ինչ էլ որ կատարվում է, լրագրողը պետք է էթիկայի նորմերը պահպանի ու մի քանի կարծիքներ ներկայացնի։ Դրանով իսկ արդեն նա իշխանություններից ավելի խելացի կլինի։ Մի խոսքով, պետք չէ ոչ վիրավորել, ոչ էլ շողոքորթել, ոչ խաբել, ոչ էլ բերանը բաց սպասել։ Իշխանությունները ընդամենը երկու ֆունկցիա ունեն. պետք է խելացի ու արդար օրենքներ հռչակեն ու հետևեն, որ այդ խելացի ու արդար օրենքները կատարվեն։ Այլ ֆունկցիա նրանք ունենալ չեն կարող։ Եթե օրենքները չեն կատարվում, ուրեմն երկրում կոռուպցիա է տիրում (տեսնում ենք, չէ՞, որ որոշ մարդկանց համար օրենքներն աշխատում են, իսկ ոմանց համար՝ ոչ), պետք է փոխել այդ իշխանությունները։ Օրենքների խախտման մասին ոչ միայն դատարանը պետք է արձանագրի, այլ՝ հենց լրագրությունը։ Վլադիմիր Պոզները հաճախ կրկնում է Գաբրիել Մարկեսի այս արտահայտությունը. «Էթիկան ու լրագրությունը անբաժան են, ինչպես մեղուն ու դզզոցը»։ Այսինքն, եթե մեղուն կենդանի է, ուրեմն այն անպայման պիտի դզզա, նրանք առանձին գոյություն ունենալ չեն կարող։ Լրագրությունը ամենօրյա աշխատանք ու կրթություն է, պետք է իմաստավորել տեսածը, հարցեր տալ, բանավիճել։ Լավ լրագրողը ինքն իր նկատմամբ պետք է պահանջկոտ լինի։ Հասկանում եմ, որ հիմա շատերը կիսատ-պռատ են իրենց մասնագիտությանը մոտենում, և կորել է քննարկելու, բանավիճելու ավանդույթը։

– Կարծում եմ, որ բոլոր ոլորտներում է այդպես, և մամուլը բացառություն չէ։

– Մենք ձևացնում ենք, որ աշխատում ենք, իսկ նրանք ձևացնում են, որ մեզ դրա համար վճարում են։ Կյանքի հանդեպ ունեցած նման ցինիկ վերաբերմունքը խորհրդային ժամանակներից է գալիս։

– Իսկ Հայաստանում կա՞ օբյեկտիվ մամուլ։

– Հայաստանում շատ փոքր է գովազդի շուկան, ինչը ԶԼՄ-ներին թույլ չի տալիս 100%-ով գոյատևել գովազդատուների փողերի հաշվին։ Պարզ է, որ ԶԼՄ-ների ղեկավարները պետք է գումար հայթայթեն։ Կարող են սեփական մեդիա ունենալ երազող օլիգարխներ հայտնվել, կարող է և գումար ստացվի իշխանություններից։ Որպես կանոն՝ պետական գումարները թերթերին ու հեռուստատեսություններին են հատկացվում «փակ» քննարկումների արդյունքում, և ոչ ոք չի իմանում այն իրական գումարների չափերի մասին, որոնք հատկացվում են Հանրային ալիքին կամ տպագիր մամուլին։ Հասարակական վերահսկողություն չկա, քանի որ քիչ են այն հասարակական կազմակերպությունները, որոնք քննարկման սկիզբ կդնեն, առիթներ կստեղծեն։ Հայաստանում ԶԼՄ-ների որակը կախված չէ նրանց աշխատավարձի չափից։ Կարելի է լուրջ ու խելացի թերթ լինել, բայց չունենալ եկամուտ, քանի որ այն հասարակությունը, որը սովոր չէ մտածել ու վերլուծել, նման թերթի կարիքը չի ունենա ու կնախընտրի զվարճալի կամ սկանդալային թերթեր գնել։ Տարիների աշխատանք է հարկավոր, որպեսզի մամուլի հանդեպ հարգալից վերաբերմունք մշակվի։ Բերեմ Անգլիայի օրինակը (քանի որ բոլոր ժամանակներում էլ «BBC» հեռուստաալիքը եղել է հավասարակշռված ու ճշմարտացի լրատվամիջոցի ամենացայտուն օրինակը), որտեղ լուրջ ԶԼՄ-ների կողքին շատ են «դեղին» թերթերն ու զվարճացնող ալիքները։ Եվ երբ անգլիացիներին հարցնում ես, թե ո՞ր լրատվամիջոցն է նախընտրում, նա պատասխանում է՝ դե, իհարկե, «BBC»-ն։ Այսինքն՝ նա ընդունում է, որ ամոթալի է միայն «դեղին» մամուլ կարդալը ու անթույլատրելի է միայն զվարճալի հաղորդումներ դիտելը։

– Հայաստանում ամոթալի չէ։ Ինչո՞ւ։

– Գիտեմ, որ ամոթալի չէ, և չգիտեմ՝ ինչո՞ւ է այդպես։

– Միգուցե քանի որ մենք «BBC» չունե՞նք։

– Հնարավոր է։ Հայաստանում բոլորը շատ լավ տեսնում են, որ մամուլը կամ խիստ քննադատական և ընդդիմադիր է, կամ էլ ամեն վայրկյան պատրաստ է «լպստել» իշխանություններին։ Օբյեկտիվ լրագրությունը աշխատանք է պահանջում, և հարկավոր չէ ճնշելու, «գնելու» ու ստիպելու մեջ մեղադրել իշխանություններին, դա միշտ երկկողմանի պրոցես է լինում։ Ժամանակին Պուտինը մի ֆրազ ասաց, որն ինձ շատ զայրացրեց, բայց որի մեջ, ցավոք սրտի, ճշմարտության որոշ չափաբաժին կար։ Նա ասաց. «Լրագրողների ու իշխանավորների հարաբերությունները նման են կնոջ ու տղամարդու հարաբերություններին. տղամարդը միշտ տիրանում է, իսկ կինը միշտ դիմադրում է»։ Իշխանություններին ընդհանրապես միշտ էլ հատուկ է հսկողություն սահմանելն ու ճնշում գործադրելը, այդ վարվելակերպը հատուկ է բոլոր տիպի իշխանություններին։ Եվ պետք է կարողանալ բարձրացնել դիմադրողականության աստիճանը։ Եթե կորպորատիվ միավորումներ, էթիկական նորմերի գոյություն ու լրագրողական համախմբվածություն կա, ապա դիմադրելը հեշտ է։ Երբ նույն սկզբունքներով ուղղորդվող ու իրար վստահող միավորումներ են ստեղծվում, շատ ավելի արդյունավետ է դառնում պայքարը՝ ԶԼՄ-ների ու իշխանությունների միջև հավասարազոր հարգալից վերաբերմունք ձևավորելու գործում։ Բայց Հայաստանում, ցավոք սրտի, միավորումները «բզկտված» ու ոչ պրոֆեսիոնալ են և իրար հետ չեն համագործակցում։ Չի կարելի անընդհատ ասել, որ իշխանությունները վատն են, պետք է անընդհատ մատնացույց անել, ճնշել, գրել ու ըմբոստանալ։ Եթե խելացի ու գրագետ լրագրողները չեն միավորվում, չեն պայքարում, գործադուլներ չեն անում ու ժամանակ առ ժամանակ սպիտակ թերթեր չեն թողարկում, այսինքն՝ չեն ցուցադրում, որ միահամուռ են, նրանք երբեք արդյունքի չեն հասնի։ Առանձին վերցրած` լրագրողին շատ հեշտ է ճնշել ու պատժել։ Եթե, օրինակ, ժամանակին բոլոր լրատվամիջոցները համախմբվեին, ապա իշխանությունները «Ա1+»-ին լիցենզիայից զրկել չէին համարձակվի։ Եվ «Ա1+»-ն էլ չէր հասնի Միջազգային դատարան ու չէր ստանա իր խեղճուկրակ մի քանի կոպեկները, այլ՝ մինչ այսօր էլ կհեռարձակվեր եթերով ու որոշակի ինֆորմացիոն բալանս կստեղծեր։ Բայց բոլորը միայն իրենց մասին են մտածում։ Փարիզեցի լրագրողներն, օրինակ, երբ իմացան, որ Ռուսաստանում լրագրողուհի է սպանվել, մի հսկայական հանրահավաք կազմակերպեցին։ Իսկ Հայաստանում ոչ ոք չարձագանքեց։ Եվ դա՝ այն դեպքում, երբ Հայաստանն իրեն այդքան մտերիմ է համարում Ռուսաստանին, որ շուտով, թվում է, նույնիսկ Ռուսաստանի մի մասը կդառնա։

– Մաս դառնալու դիտարկումը լուրջ հիմքեր ունի՞։

– Վախենում եմ, որ այո։ Հասկանալի է, որ ՀՀ իշխանությունները մտածում են Ռուսաստանում ապրող հարյուր-հազարավոր հայերի մասին։ Հաշվի են առնվում նաև հայ-ռուսական մշակութային կապերը, որոնք շատ հիմնավոր են։ Եվ ես տեսնում եմ, թե ինչպես է ռուսական բիզնեսը փորձում ծավալվել Հայաստանում։ Բիզնեսի հատկություններից մեկն էլ (ձեռք բերել այն ամենն, ինչ հնարավոր է, ու տիրել դրան՝ որքան կարելի է երկար) շատ հստակ է նկատվում։ Կարծում եմ, որ հիմա հայ-ռուսական հարաբերությունների վերլուծման փորձերից կորել է քննադատական վերաբերմունքը։ Եթե չեմ սխալվում, հիմա Հայաստանում ոչ մի քննադատական խոսք անգամ չի կարելի ասել Ռուսաստանի հասցեին։ Ամեն դեպքում հայ-ռուսական հարաբերությունները լրջորեն վերլուծել է հարկավոր, և եթե առողջ քննադատել կարողացող մարդիկ լինեն, անպայման պետք է նրանց օգտագործել։ Կարծում եմ, որ տնտեսական ճգնաժամը շատ լավ առիթ է՝ իրավիճակը վերանայելու ու ռուս սեփականատերերի գործողություններին առավել ուշադիր հետևելու համար։ Արդյո՞ք ռուս ձեռնարկատերերն իրոք ուզում են զարգացնել իրենց հայկական ձեռնարկությունները, թե՞ պարզապես «փոշեկուլի» դեր են կատարում։

– ՀՀ-ում հիմա ավելի շուտ հոգեբանական խնդիրներն են երևում, և հետո միայն` տնտեսական դժվարությունները։ Ո՞ր բանաձևը կարող է արթնացնել հասարակությանը։

– Դժվար հարց է։ Միգուցե հանրապետությունը միավորող գաղափարներից մեկը կարող է դառնալ առաջին հայացքից՝ ծիծաղելի թվացող և հենց հայերի կողմից քննադատվող այն միտքը, որ հայերը ընտրյալ ազգ են։ Եվ այստեղից հետևություն անել, մտածել, որ եթե մենք այդքան խելացի ու ընտրյալ ենք, ապա ինչո՞ւ ենք այդքան աղքատ ու վատ ապրում։ Ուզում եմ ասել, որ կարելի է «խաղարկել» մեր վերաբերմունքը մեր իսկ հանդեպ։ Եկեք ինքներս մեզ ապացուցենք, որ եթե հազարամյակներ առաջ կարողացել ենք դիմակայել, ապա այսօր նման կերպ ապրելու իրավունք չունենք։ Ես իմ սիրելի Երևանում վերջին անգամ եղել էի 4 տարի առաջ, և հիմա անցնելով իմ մանկության քաղաքի փողոցներով, դառը զգացմունքներ ունեցա։ Հասկանալի է, որ գարնան սկիզբը լավ ժամանակ չէ, որ հենց այդ օրերին է գետնի տակից դուրս գալիս աղբը, բայց, միևնույն է, այդպես չի կարելի։ Քաղաքը կորած է աղբի մեջ։ Եվ դա շատ տխուր ու վիրավորական է։ 4 տարի առաջ էլ էր նույնը, իսկ դա նշանակում է, որ մարդիկ շարունակում են վատ ապրել, և դա ոչ մի կապ չունի աղքատության հետ։ Մենք երբեք չենք կարողացել մաքրել ու զարդարել մեզ շրջապատող տարածքը, դա կարծես ազգային յուրահատկություն է դարձել։ Բնակարանը մաքուր ու պլպլան է, իսկ բակը կեղտի մեջ է կորած։ Միգուցե կարելի է մի բանաձև գտնել ու խաղալ ազգային ինքնասիրության վրա։

– «Թասիբի՞» գցել։

– Այո։ Եվ շատ եմ ցանկանում աշխարհի տարբեր անկյուններում ապրող կրթված ու բարեկեցիկ հայ երիտասարդներին կոչ անել՝ եկեք Հայաստան։ Պետք չէ ընդմիշտ վերադառնալ, պարզապես ժամանակ առ ժամանակ եկեք Հայաստան ու ձեր գաղափարներն ու փորձն այստեղ բերեք, խառնեք այն հայաստանցիների փորձի հետ։ Մոսկվայում, օրինակ, վերջերս «Երիտասարդ ինտելեկտուալ հայերի» միավորում է ստեղծվել (իմ զարմուհին էլ է այդ միավորման անդամ), որտեղ հավաքվում են լավ կրթություն ստացած, որպես մասնագետներ կայացած հայ երիտասարդները, որոնք դեռ հայ են, դեռ պահպանում են հայերեն լեզուն, բայց շուտով լրիվ ասիմիլացվելու են։ Եվ նրանք հավաքվում են, տեսականորեն հիշում են իրենց հայրենիքը, կարոտի մասին են խոսում։ Հենց այդպիսի երիտասարդների է հարկավոր հրավիրել Հայաստան։ Եվ թող նորագույն ազգային շարժում ստեղծվի, ասենք՝ «Եկեք մեր փոքր Հայաստանը տնտեսապես կայուն ու ծաղկող այգու վերածենք» կարգախոսով։ Սկզբից պետք է պատկերացնենք այն կերպարը, որին ուզում ենք հասնել, և հետո քայլ առ քայլ իրականություն դարձնենք։ Եվ հիմա ասեք, ո՞վ կարող է դա ամենից լավ անել, եթե ոչ լրագրողները։ Իսկ ես երեկ հեռուստացույց էի նայում ու ռուսական հյութերի գովազդին էի անընդհատ հանդիպում։ Եվ քիչ էր մնում խելագարվեի. այդ ինչպե՞ս պատահեց, որ մրգերով ու արևով առատ ՀՀ-ում գովազդվում են Ռուսաստանի արտադրության հյութերը։ Ինձ միշտ թվում էր, որ բնական հյութերի արտադրությունը պետք է հայաստանյան տնտեսության գլխավոր ճյուղերից մեկը լինի։ Թվում է, որ ՀՀ-ում այժմ ամեն բան գլխիվայր է շուռ եկել։ Եթե Հայաստանը հայտարարում է, որ բարձր տեխնոլոգիաներն ու ծրագրավորումը գերակա ճյուղ է, ապա ասացեք՝ ինչո՞ւ իմ հյուրանոցում ինտերնետ կապ չկա։ Գիտեմ, որ շատ հայ ծրագրավորողներ հաջողությամբ համագործակցում են աշխարհի հետ, բայց դա քաղաքի կյանքում չի նկատվում։ Հնդկաստանի Բանգալոր քաղաքն, օրինակ, որտեղ կենտրոնացված են գրեթե բոլոր ծրագրավորող ընկերությունները, խիստ տարբերվում է այլ հնդկական քաղաքներից։ Բանգալորը մաքուր, ժամանակակից քաղաք է, որտեղ պահպանվում են երթևեկության կանոններն, ու մարդիկ ավելի բարեկեցիկ են։ Իսկ քիչ հեռու գտնվող Կալկաթայում իրավիճակը բոլորովին այլ է, այնտեղ կեղտոտ ու տխուր է։ Նոր տեխնոլոգիաները փոխում են կյանքի ավանդույթները, կյանքի հանդեպ նոր հայացք են ձևավորում։

– Մեզ երևի փողոցներն ավլող ռոբոտներ են հարկավոր, քանի դեռ ոչ մի հայ ավլել չի ուզում։

– Կատակը` կատակ, բայց պետք է ինչ-որ բան փորձել անել։ Շատ բան հարկավոր չէ, մտածել ու իրենց մտքերը ձևակերպել կարողացող մարդիկ են հարկավոր։ Մտքերը պետք է շատ պարզ լինեն, որպեսզի հնարավոր լինի մարդկանց համախմբել։ Ես տեսնում եմ, որ իմ սիրելի, իմ խելացի հայ ընկերները շարունակում են սիրելի ու խելացի լինել, բայց ներքին հոգնածության պատճառով այլևս ոչինչ անել չեն ցանկանում։ Հայաստանից կորել է զրնգուն ձայնն ու «վառվող» հայացքը։

– Ի՞նչ անել, որ «կրակը» վերականգնվի։

– Միգուցե մեզ մեր «Օբամային» է պետք գտնել, որպեսզի կարողանանք նրան հավատալ այնպես, ինչպես ամերիկացիներն են հավատում ու սիրում իրենց Օբամային։ Հմայիչ լիդեր է հարկավոր, որը երկրի զարգացման նոր գաղափարներ ունի։ Եվ այդ գաղափարները հասկանալի ու ընդունելի պիտի լինեն բոլորի համար։ Ոչ փող է պետք, ոչ էլ ուժ, պարզապես սեփական հայրենիքի հանդեպ սեր է պետք։ Մենք փոքր ենք, խելացի ենք, հպարտ ենք, որ երկրում էլ որ հայտնվում ենք, մեր տեղն անպայման գտնում ենք։ Իսկ ինչո՞ւ միասին մեր հողի վրա չհավաքվենք ու միասին այն չզարգացնենք։ Այդ պարզ ու ճշմարիտ գաղափարախոսությունը պետք է խարիզմատիկ մարդիկ առաջ քաշեն։ Որքան տեսնում եմ` Հայաստանի նախագահին ընդունում են, բայց նրան սիրահարված չեն։

– Լիդերին սիրահարված լինելը պարտադի՞ր է։

– Շատ ցանկալի է։ Դա նույնքան կարևոր է, որքան կրթված ու գրագետ երիտասարդական շերտ ու օբյեկտիվ ու քննադատական հայացք կրող ԶԼՄ-ներ ունենալը։

Նունե Հախվերդյան

20.02.2009

168.am

 



Նման նյութեր