«Արցախյան պատերազմի սկզբում հայրս գերի ընկավ». դերասանուհի Նարինե Գրիգորյանը պատերազմի դաշտում անցած մանկության մասին. life.tert.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Արցախյան պատերազմի սկզբում հայրս գերի ընկավ». դերասանուհի Նարինե Գրիգորյանը պատերազմի դաշտում անցած մանկության մասին. life.tert.am

Դերասանուհի Նարինե Գրիգորյանի ծնողներն Արցախից են։ Նա ծնվել և մեծացել է Հրազդանում, իսկ պատերազմի տարիներին, երբ 8 տարեկան էր, ծնողների հետ տեղափոխվել է Արցախ։ Tert.am Life-ը դերասանուհու հետ զրուցել է պատերազմի դաշտում անցած մանկության մասին։

«Մայրս ու հայրս ղարաբաղցի են, սակայն եկել և սովորել են Պոլիտեխնիկում, հետո նշանակում ստացել Հրազդանում։ Ես ամռանն էի գնում Ղարաբաղ։ Երբ շարժումը սկսվեց, ամբողջ ընտանիքով տեղափոխվեցինք Ղարաբաղ, որպեսզի ղարաբաղցին տեր կանգնի Ղարաբաղին։ Մենք գնացինք պապիկիս հիմնած գյուղը` Նորագյուղ, որը Խոջալուի դիմացն է։ Այնտեղ տուն կառուցեցինք, այգի տնկեցինք ու սկսեցինք ապրել պատերազմի մեջ»,- հիշեց Նարինեն։

Լինելով մարդ, ով վերապրել է Արցախյան պատերազմն ու իր մանկական ընկալումն ունի այդ ամենի վերաբերյալ` Նարինեն մինչև վերջերս հրաժարվում էր նկարահանվել Արցախյան պատերազմի մասին ֆիլմերում։

«Չգիտեմ` ինձ հետ ինչ էր կատարվում, միշտ ասում էի` չեմ կարողանում խաղալ Ղարաբաղի մասին ֆիլմում։ Մի շրջան կար, երբ մեր տանը ընդհանրապես չէինք խոսում այդ մասին։ Հետո դա ինքնաբերաբար անցավ։ Հիմա նույնիսկ ներկայացում եմ պատրաստվում անել այդ թեմայով։ Երբ մայրիկիս ասացի մտադրությանս մասին, ասաց` ինչպես կարելի է փորձել հիշել ու նորից վերապրել այդ ամենը։ Իրականում փորձում ես այդ վերքերը չհիշելով ապրել, հետո հասկանում ես, որ, գուցե, խոսելով հաղթահարես դա։ Ես ուրախ եմ, որ  հիմա սկսել ենք կարողանալ խոսել այդ վերքերի մասին։ Ես թատրոնում վավերագրական ժանրում եմ պատմում պատերազմի մասին։

Կարծում եմ` այդպես ավելի անկեղծ է։ Չեմ կարողանում ընկալել գեղարվեստական մոտեցումները։ Երբեմն, լինում են տարբերակներ, որոնք ինձ համար ծիծաղելի են` որպես պատերազմ տեսած մարդ։ Զարմանում եմ, որ պատերազմն այդպես են ընկալում։ Կինոն  ավելի մոտ է իրականությանը։ «Կյանք ու կռիվն» ինձ դուր է գալիս` որպես պատերազմի մասին ֆիլմ։ Շավարշ Վարդանյանն էլ, ով եղել է վավերագրական օպերատոր պատերազմի ժամանակ, հիմա ֆիլմ է նկարահանում այդ մասին, և ես խաղում եմ այնտեղ։ Երբ ես կարդում էի իր սցենարը, զգում էի, որ գրողը գիտի` ինչ է պատերազմը։ Այն ժամանակ դեռ չգիտեի, որ ինքը եղել է ռազմի դաշտում։ Իհարկե, ֆիլմում գեղարվեստական տարրեր կան, սակայն անկեղծության շունչը զգացվում է»,- պատմեց դերասանուհին։

Նարինեն, Արման Նավասարդյանն ու Վարշամ Գևորգյանն այժմ պատրաստվում են ներկայացման, որում ցույց կտան նույն սերնդի 3 երեխայի մանկություն` Նարինեինը` Արցախում, Արմանինը` Շամշադինում,  Վարշամինը` Երևանում. «Բոլորիս մանկությունն առնչվել է պատերազմի  հետ, բայց տարբեր գոտիներում` պատերազմական, սահմանամերձ և մայրաքաղաքային։ Այսպիսով` կներկայացնենք ամբողջ Հայաստանը»։

Պատերազմի սկզբում Նարինեի հայրը  գերի է ընկել և 22 օր անցկացրել գերության մեջ։ «Ադրբեջանցի բժիշկը փրկել է հորս։ Քանի որ պապան տուն չէր գալիս, մեզ ասել էին, որ թուրքերը տարել են իրեն, սակայն հետ է գալու։ Ամեն օր սպասում էինք։ Երբ եկավ, չէինք էլ պատկերացնում` ինչերի միջով է անցել։  Հայրս մեզ անեկդոտ պատմեց,  կարծում էի` գերությունն էլ է ծիծաղով անցել։ Մինչև վերջին 4 տարին չգիտեի` ինչ է ապրել։ Չէինք խոսում այդ մասին։ 4 տարի առաջ մի ձայնագրություն լսեցի` իր հարցազրույցը, այդպես իմացա իրականությունը։ Հիմա ներկայացման համար ինչ-որ հարցեր եմ տալիս, պատմում է, զարմանում եմ։ Ես, գրեթե, ոչինչ չեմ իմացել։ Իմ մանկական ընկալումն ու իրականությունը բացարձակ տարբեր էին։ Վերջերս Մարկես էի բեմադրում։ Պիեսի մեջ հերոսուհին գալիս է հոգեբուժարան զանգելու, իրեն գժի տեղ են ընդունում և պահում։ 2-3 ամսում նա բացարձակ փոխվում է։ Դերասաններն ասում էին` ինչպես կարող է 2 ամսում մարդն այսպես փոխվել։ Ասում էի` կարող է։ Ես տեսել եմ` հայրս 1 ամսում ինչպես էր փոխվել»,- ասաց Նարինեն ու հավելեց, որ իրենց ներկայացման մասին մանրամասն պատմում է այդ ամենի մասին։

Ամբողջությամբ՝ life.tert.am



Նման նյութեր