Ապրիլի 2-ի խորհուրդը մեր հասարակության տարբեր շերտերի կողմից տարբեր կերպ էր ընկալվում. Մի մասի համար ապրիլի 2-ը Արցախյան քառօրյա պատերազմի տարելիցն էր, իսկ մյուս մասի համար՝ ՀՀ խորհրդարանական ընտրությունները: Կեսգիշերից հետո քաղաքի տարբեր անկյուններից հրավառություններ էին երևում՝ դրանք արձակվում էին ընտրատեղամասերի տարածքներից: Արցախյան քառօրյա պատերազմի տարելիցին հրավառություն արձակելն ինչպես քաղաքացիներից շատերին, այդ թվում հաղորդավարուհի Լուսինե Բադալյանին, խիստ զայրացրել է: Այս ցավոտ երևույթի վերաբերյալ իր ֆեյսբուքյան էջում Լ. Բադալյանը հանդես է եկել գրառմամբ.
«Մի բան էլ ասեմ ու էլի չքվեմ: Երեկ, եթե հանկարծ մեկս շփոթվեր ու ուրախ նկար հրապարակեր, արագորեն կգամեիք անարգանքի սյունին, «ազգի դավաճան» պիտակը կխարանեիք ճակատներիս ու կուղարկեիք գրողի ծոցը, բայց գիշերվա ժամը 3-֊ին համատարած հրավառությունների մասով` չեմ տեսնում ձեր ձեռքերը։ Ինչու՞, որովհետև… դրա համար էլ ունենք այն, ինչ ունենք… էլ չբողոքեք»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է հաղորդավարուհի՝ դնելով հետևյալ հեշթեգը. #մեռնեմՍտոկհոլմյանՍինդրոմին:
Life.panorama.am-ը թեմայի շրջանակում զրուցեց Լուսինե Բադալյանի հետ: Մեր նկատառմանը, որ հրավառությունները մեր հասարակության միայն մի մասին են վրդովեցրել, հաղորդավարուհին պարզաբանեց.
«Մարդ ամեն ինչին սովորում է և մեր ժողովուրդն էլ դրա ամենալավ դրսւեորումն է: Այն, ինչ երկու տարի առաջ տրագեդիա էր մեզ համար և անգամ այն պայմանները, որում մենք ապրում ենք, այսօր արդեն ավելի նորմալ է ընկալվում: Հիմա մենք ավելի լավ ենք համարում կյանքի այն փուլը, երբ շատ վատ բան չի լինում, այսինքն՝ հիմա լավ ենք, եթե շատ վատ բան չի եղել: Մեր ժողովուրդը անընդհատ վատին սովորում է, համակերպվում ու անցնում առաջ: Գուցե մի քանի տարի առաջ նման հրավառություն լիներ ու մարդիկ ավելի շատ արձագանքեին, բայց նրանք էնքան վատ բաներ են տեսել, որ արդեն էլ ուշադրություն էլ չեն դարձնում»:
Լուսինե Բադալյանի խոսքով՝ քառօրյա պատերազմից մեկ տարի անց մենք չենք գիտակցել խաղաղության գինը.
«Մենք չենք հասկացել խաղաղության գինն, իսկ թե ինչո՞ւ՝ դրա պատճառը չգիտեմ: Մենք վաղուց արդեն ոչինչ ճիշտ չենք գնահատում: Հարցին, թե մենք արդյոք սովորեցինք խաղաղության գինը գնահատել, իհարկե, ոչ և դրա լավագույն արդյունքը երեկվա ընտրությունների արդյունքներն են: Մենք չենք սովորել գնահատել խաղաղության գինն ու չենք էլ սովորի, քանի որ իրականում չգիտենք էլ՝ ինչ է կատարվում: Մենք ուզում ենք խաղաղություն լինի, ուզում ենք լավ երկրում ապրել, բայց մենք չգիտենք դրա ճանապարհը, այդքան գիտելիք չունենք, որ հասկանանք, թե ինչ է պետք անել դրա համար: Իհարկե, մեզնից բոլորն են ուզում, որ խաղաղություն լինի, որ զինվորները առողջ վերադառնան իրենց տուն, բայց այլ բան է, որ մենք չգիտենք այդ խաղաղությանը հասնելի ճանապարհը: Իսկ սա իմանալու պարտավորություն հասարակ քաղաքացին ուղղակի չունի: Թերևս մեր հասարակությունը չափից շատ քաղաքականցվում է հենց մենակ սրա համար, նրանք զգում են, որ քաղաքական գործիչների պակաս կա, ովքեր գիտեն խաղաղության հասնելու ճանապարհը: Արդյունքում այն, ինչ չեն կարողանում անել քաղաքական գործիչները, ժողովուրդը իր վրա է վերցնում այդ պարտականությունները և սկսվում է իսկական քաոս»,- նշեց Լուսինեն ու շարունակեց.
«Իրականում քաղաքացին պարտավոր չէ այդ ճանապարհներն իմանալ, նա պետք է ապրի, աշխատի, իր ընտնիքում լինի և իր պարտականությունները կատարի՝ որպես քաղաքացի: Իմ միակ երազանքն այն է, որ ունենանք այպիսի քաղաքական գործիչներ, որոնց շնորհիվ քաղաքացին իր կյանքով կապրի՝ վստահ լինելով, որ ճիշտ քաղաքական գործիչները կարողանում են քաղաքականությունն ինքնուրույն կառավարել, ինչպես բոլոր քաղաքակիրթ երկրներում, որտեղ մարդիկ անգամ անուն-ազգանունով չգիտեն իրենց քաղաքակն գործիչներին: Մեզ մոտ հասարակ ժողովուրդը քաջատեղյակ է քաղաքական դեմքերի ընտանիքների, բաեկամների, ունեցվածքների մասին, որովհետև նրանք ուզում են խորապես հետաքրքրվել, իմանալ, թե ովքեր են էդ մարդիկ, ովքեր չեն կարողանում մեր կյանքը գոնե մի քիչ բարելավվել: Սա է խնդիրը»:
life.panorama.am