Մարդ, ով կարծես այս կյանքից չլիներ (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Մարդ, ով կարծես այս կյանքից չլիներ

Magaghat.am կայքի թղթակցին հյուրընկալել էին հայ ականավոր դերասան Ազատ Շերենցի որդին՝ Արմեն Շերենցը, և թոռնուհին՝ Արաքսյա Առաքելյանը։

Արմեն Շերենցը պատմում է, որ հայրը ծնվել է Թբիլիսիում, մեծացել է մանկատանը, պատերազմից հետո է գտել ծնողներին և տեղափոխվել Գյումրի։ Որդու համոզմամբ հայրը կարծես այս կյանքից չլիներ, գործնական մարդ չէր։ Նրա մեջ միամտություն, երեխայական պարզություն կային, բայց շատ լավ և շատ շուտ կարողանում էր մարդկանց ճանաչել։ Շատ էր սիրում Հովհաննես Թումանյանի ստեղծագործությունները, անգիր գիտեր դրանք, սիրում էր նաև Շեքսպիրի գործերը, կարդում էր Հեգելի երկերը, նրա սիրելի արտիստը Չառլի Չապլինն էր։

Ազատ Շերենցն ամաչկոտ մարդ է եղել, իր համար որևէ պաշտոնյայից երբեք ինչ–որ բան չի խնդրել, բայց ուրիշների համար դա կարողանում էր անել։

Որդին պատմում է, որ հայրը շախմատ խաղալ չգիտեր, այնուամենայնիվ ժամերով կանգնում էր խաղատախտակի մոտ, դիտում էր խաղը, և բոլորին թվում էր, թե ինքն էլ է լավ խաղում։ Նա չի սիրել կենցաղային գործերը, փորձել է ամեն կերպ դրանցից խուսափել։

Սիրում էր երիտասարդների հետ ընկերություն անել, հատկապես մտերիմ էր Մհեր Մկրտչյանի հետ: Այն ժամանակ Մհերը դեռ հայտնի դերասան չէր, թատերական կրթություն էլ չուներ: Բայց քանի որ շատ տաղանդավոր էր, Շերենցը նրան հորդորել է Գյումրիից գնալ Երևան և սովորել:

Շերենցի և Մհեր Մկրտչյանի մտերմությանն առնչվող հետաքրքիր շատ դրվագներ կան։ Արմենը պատմում է, որ հայրը մեղր շատ էր սիրում, մի անգամ չարաշահել էր և շատ վատ զգացել, բայց այդ մասին հայտնել էր միայն Մհերին: Նա էլ ասել էր` պետք է ամեն ինչ անենք, որպեսզի այս վիճակից դուրս գաս, թե չէ որ հայտնի դառնա ինչից ես մահացել`շատ ամոթ կլինի…

Գյումրիում՝ Շերենցի տանը, ամեն ուրբաթ օր դերասաններ, երաժիշտներ էին հավաքվում, խոսում էին տարբեր թեմաներից, վիճում կատակում: Որդին հիշում է հոր նախասիրությունը. շատ էր սիրում ծխախոտ և սուրճ։ Պատահել է` ծխախոտն առանց հանգցնելու քնել է, և անկողինը վառվել է։

Թոռնուհու` Արաքսյայի հիշողություններում պապիկը տպավորվել է որպես շատ բարի, երեխայական միամտություն ունեցող մարդ։ Արաքսյան վերջերս գտել է պապիկի օրագիրը, որտեղ գրված է նրա և կնոջ` Քնարիկ Երանոսյանի առաջին հանդիպման մասին։ Ազատ Շերենցը խաղալիս է եղել Գյումրիի թատրոնում, իսկ նրա ապագա կինը և քույրը նստած են եղել դահլիճի առաջին շարքում: Երիտասարդ Շերենցն օրագրում գրել է, որ առաջին շարքում նստած աղջիկը գրավել է իր ուշադրությունը։ Այնուհետև հանդիպել են թատրոնից դուրս, և այդպես սկսվել է սիրո պատմությունը։ Ի դեպ՝ Քնարիկ Երանոսյանը Հայաստանի արվեստի առաջին կին գործիչն էր։

Արաքսյան հիշում է նաև պապի մահվանն առնչվող իրադարձությունները. երբ Շերենցը վախճանվել է, Մհեր Մկրտչյանը զանգահարել է և ասել, որ վատ է զգում, ներկա կլինի միայն հուղարկավորությանը: Սակայն նա այդպես էլ չի եկել։ Միայն հետո է պարզ դարձել, որ Շերենցի մահվան հաջորդ գիշերը ինքը ևս մահկանացուն կնքել է։

ԶԱՌԱ ԱՍԿԱՐՅԱՆ
2014թ.