Հաղորդավար Արման Խարազյանը բավականին դժվար ճանապարհ է անցել մինչև հեռուստատեսություն հասնելը։ Tert.am Life–ի անկեղծ զրույցների շարքում այս անգամ անդրադարձել ենք Արմանին։ Նա առաջին անգամ խոսել է ընտանեկան վիճակի, փոքր տարիքում ծնողներին կորցնելու և տարբեր աշխատանքներ անելու մասին։
-Արման, տևական ժամանակ է՝ էկրաններին ես, սակայն մենք գրեթե ոչինչ չգիտենք քո մասին՝ կադրից դուրս։ Կպատմե՞ս ընտանիքիդ մասին։
-Վաղ հասակում կորցրել եմ ծնողներիս։ Ինձ ու զույգ քրոջս մեծացրել են տատիս ու պապիս։ Հիմա արդեն տատիս այն տարիքում է, որ առավել հետևողականություն ու ուշադրություն է պահանջում, հասկանալի պատճառով ես չեմ հասցնում դա, այդ իսկ պատճառով դայակ եմ վարձել, որպեսզի հոգ տանի նրա մասին։ Քույրս ամուսնացած է, ունի իր ընտանիքը:
–Վաղ տարիքում լիարժեք չես գիտակցում ծնողների կորուստը։ Այդ գիտակցությունը գալիս է տարիների հետ։ Ինչպե՞ս այդ ամենն անդրադարձավ քեզ վրա։
– Պարզապես հարմարվում ես այն մտքին, որ ոչինչ չես կարող փոխել քո կյանքում, ուղղակի պիտի փոխես վերաբերմունքդ իրավիճակի հանդեպ, ինչպես ասում են` կյանքն այն խնդիրն է, որն ապրելով ես լուծում: Դժվարանում եմ բացատրել, երևի կյանքը կոփում է, մանկուց սովորել եմ ավելի ուժեղ լինել։
–Փոքր տարիքում գիտակցումը, որ պիտի վերաբերմունքդ փոխես իրավիճակի հանդեպ, միանգամից չի լինում։ Ինչպե՞ս եկար այդ գիտակցությանը, ո՞րն էր ամենաբարդ փուլը։
– Իրականում, ամեն ինչ գիտակցում ես, երբ այդ ամենին խորքային նայում ես չափահաս տարիքում։ Փոքր ժամանակ երեխային հեշտ է խաբել հետաքրքիր նվերներով, քաղցրավենիքով։ Այդ ամենը թեթև է անցնում։ Ամենադժվարը, երևի, դպրոցական տարիներն էին։ Դպրոցում տեսնում ես, որ քեզ հետ սովորող աշակերտն ունի այնպիսի բաներ, որոնք դու չունես։ Մեծ տարիքում դրան իրատեսորեն ես նայում, սակայն փոքր տարիքում գալիս ես տուն ու տատիկ–պապիկից պահանջում դա։ Փառք Աստծո, նրանք ամեն ինչով ապահովել են մեզ, դրա համար ոչինչ ծանր չի անցել։
Տարիների ընթացքում ցանկացած բարդ իրավիճակի բախվելով` ապրելակերպ ես դարձնում գիտակցությունը, քանի որ հանգամանքները չես կարող փոխել։
–Վիշտը մտերմացնում է մարդկանց։ Ի՞նչ հարաբերություններ ունես քույրիկիդ հետ։ Երկվորյակներ եք։ Ներքին կապ ունե՞ք։
–Շատ ջերմ։ Ներքին կապ, երևի, ավելի շատ քույրս ունի։ Երբ հիվանդ եմ, զգում է, անմիջապես զանգում է, գրում։
–Մեր նախորդ հարցազրույցում ասել էիր, որ փոքրուց աշխատել ես։ Փաստորեն, մանկուցստանձնել ես տան տղամարդու դերն ու հոգսը վերցրել քեզ վրա։
-Հանգամանքների բերումով տարիքիցս շուտ մեծացա։ Փոքր տարիքում հասկանում էի բաներ, ձեռնարկում գործողություններ, որոնց մասին իմ հասակակիցները չէին էլ մտածում։ Դեռ դպրոցական էի, պապիս մահացավ։ Տատիս մենակ էր։ Ֆինանսական որոշակի խնդիրներ էին զգացվում։ Եթե գողություն չես անում, միակ ճանապարհն աշխատելն է։ Ընտանեկան վիճակը ստիպեց վաղ հասակից աշխատել և փորձել որոշ չափով օգնել տատիս։
Առաջին գործը, որ արել եմ, խնձոր վաճառելն էր։ Մեր հարևանը Սիսիանից խնձոր էր բերում, ես մեր շենքի բակում վաճառում էի այն։ Մի քանի անգամ առիթ եղավ, ասաց` կնայես, մինչև բարձրանամ վերև, հետո հասկացա, որ, ինչու ոչ, կարող եմ դա որպես գործ անել։ Հետո գործարանում աշխատանքի անցա։ Մեր մյուս հարևանն այնտեղ էր աշխատում, ասաց` կուզե՞ս մեզ մոտ աշխատել, գնացի, սկսեցի յուղել իրենց հաստոցները։ Տարբեր աշխատանքներ եմ արել։ Նկարներ էինք նկարում, քանդակներ անում ու վաճառում ցուցահանդեսների ժամանակ։ Իհարկե, դասերը տուժում էին, բայց դպրոցում ըմբռնումով էին մոտենում բացակայություններս։
–Երբ փոքր տարիքում աշխատում ես, մի կողմից անընդհատ գովեստի ես արժանանում, ինչը ոգևորիչ է, մյուս կողմից սրտնեղում ես, որովհետև հասակակիցներդ խաղում են, իսկ դու արդեն պարտավորություններ ունես։ Ինչպե՞ս էր այդ ամենն անդրադառնում քեզ վրա։
–Ես չէի կենտրոնանում դրա վրա, որովհետև հասկանում էի, որ սա է իմ կյանքը։ Պետք է հաղթահարես կյանքի դժվարությունները։ Առհասարակ, ցանկացած իրավիճակի փորձում եմ թեթև կողմից նայել։ Կյանքն ինքնին դժվար է, եթե դու էլ դժվարություններ փնտրես, միայն կավելացնես դրանք: Գիշերը 2-3–ին աշխատանքս վերջացնում, գալիս էի տուն, քնում էի, առավոտյան 8–ին արթնանում։ Չէի էլ մտածում` ինչու են մյուսները 11–ին քնում կամ 9–ին արթնանում։
Ամբողջությամբ՝ life.tert.am