Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) առաջնային նպատակներից է, որ դեպրեսիայով տառապող մարդիկ ամբողջ աշխարհում փնտրեն ու գտնեն համարժեք օգնություն: Առողջապահության համաշխարհային օրն այս տարի նվիրված է դեպրեսիային, օրվա կարգախոսն է «Եկ խոսենք»: Պետք է վերացնել մոտեցումը, թե դեպրեսիան խարան է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ ՝ ապրիլի 7-ին հրավիրված ասուլիսին այս մասին խոսեցին ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետոն, ՀՀ առողջապահության փոխնախարար Տիգրան Սահակյանը, Հայաստանում ԱՀԿ ներկայացուցիչ Եգոր Զայցևը, ԱՆ գլխավոր հոգեբույժ Սամվել Թորոսյանը:
«Դեպրեսիան հիվանդություն է, որով կարող են տառապել բոլոր տարիքի մարդիկ, բայց այն հիվանդություն է, որը ենթակա է արդյունավետ բուժման: Պատահական չի ընտրված խորագիրը՝«Եկ խոսենք»: Պետք է ընտանիքի անդամները, մտերիմները աջակցեն, խոսեն: Մենք չպետք է խարանենք հոգեկան հիվանդություններ ունեցող մարդկանց: Կարևոր է հասկանալ, որ շրջապատում որևէ մեկը կամ դու դեպրեսիայի մեջ եք: Մեկուսացումը, քնկոտությունը կամ անքնությունը, էներգիայի, տրամադրության անկումը, անինքնավստահությունը, մեղավորության զգացումը դեպրեսիայի նախանշաններից են: Սրանց ի հայ տ գալու դեպքում անպայման պետք է գործել, առաջին քայլը՝ խոսել: Ուզում եմ նշել, որ ԱՀԿ-ի առաջնային նպատակներից է, որ դեպրեսիայով տառապող մարդիկ ամբողջ աշխարհում փնտրեն ու գտնեն համարժեք օգնություն»,-ասաց Եգոր Զայցևը:
Խոսելով Հայաստանում կառավարության և ԱՆ կողմից ազգաբնակչության հոգեկան խնդիրների կանխարգելման և արդյունավետ կառավարման նպատակով իրականացվող քայլերի մասին` Տիգրան Սահակյանը նշեց, որ գործում է 2014-2019 թթ. ռազմավարությունը, որի հիմնական խնդիրն է ապահովել հոգեկան առողջության ծառայության մատչելիությունը և հասանելիությունը, ապահովել որակյալ ծառայությունների տրամադրումը, մշակել և իրականացնել վերականգնողական ծրագրեր և ծառայություններ, ապահովել հոգեկան առողջության ծառայությունների պատշաճ իրականացումը: «Դեպրեսիայի վաղ ախտորոշումը և ինքնասպանության նկատմամբ հակումների կանխարգելումը բավականին ընդգրկուն խնդիրներ են: Դրանք հնարավոր է լուծել սոցիալական մեկուսացման, գործազրկության, ալկոհոլի և թմրամիջոցների դեմ պայքարի ուժեղացմամբ: Դեպրեսիայի վաղ հայտնաբերումն ու ախտորոշումը հնարավոր կդարձնեն 21-րդ դարի ամենատարածված և հաշմանդամության հանգեցնող հիվանդության դեմ պայքար մղելուն: Որում նախարարությունը կլինի կազմակերպիչ, համակարգող և անմիջական կատարող»,- ասաց Տիգրան Սահակյանը:
«Դեպրեսիայով կարող են տառապել բոլորը՝ անկախ տարիքից, սեռից, սոցիալական կամ այլ պատկանելությունից: Բայց այն լիովին բուժելի հիվանդություն է: Դեպրեսիան բուժելու առաջին քայլն է խոսել մարդկանց հետ, որոնց վստահում եք»,- ասաց Բրեդլի Բուզետոն:
ԱՆ գլխավոր հոգեբույժ Սամվել Թորոսյանի խոսքով՝ ԱՀԿ-ի կողմից բարձրացված այս հարցը արդիական է ինչպես ողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում:
«300-350 մլն մարդ ամբողջ աշխարհում տառապում է դեպրեսիայով: Այն ազդում է առօրյա որոշումներ կայացնելու ունակության վրա: ԱՀԿ տվյալների համաձայն՝ 2020թ. այն կզբաղեցնի երկրորդ տեղը՝ որպես հաշմանդամության հանգեցնող հիվանդություն: Հաճախ այն ուղեկցվում է այլ հիվանդություններով՝ օնկոլոգիական, սիրտ-անոթային: Վերջին տասը տարիների հետազոտությունները ցույց են տվել, որ 2005-2015 թթ. ընթացքում դեպրեսիայով տառապող մարդկանց թիվը 18 տոկոսով աճել է: Հիվանդությանը նպաստում են սոցիալական, կենսաբանական և հոգեբանական գործոնները: Կանանց մոտ դեպրեսիան երկու ան գամ ավելի հաճախ է հանդիպում, քան տղամարդկանց: Ըստ ծանրության՝ կա դեպրեսիայի երեք աստիճան՝ թեթև, միջին և ծանր: Հայաստանում գրանցվել է դեպրեսիայի 180 ծանր դեպք»,-ասաց Սամվել Թորոսյանն ու հավելեց, որ Հայաստանում պետական բոլոր բուժհիմնարկներում հոգեկան առողջության ծառայություններն անվճար են: