«Կապիտալիզացիա». newsbook.am
Advertisement 1000 x 90

«Կապիտալիզացիա». newsbook.am

Օպերան մի բան է, օպերան մի բան է… Օպերան մի բան է, որ ամեն մարդու բան չէ: Հատկապես՝ բոմժերի, չտեսների, հոգնածների: Օպերայում միջազգային ստանդարտով պիտի լինի թանկ ռեստորան, մարզասրահ և հատկապես շոգեբաղնիք: Բուֆետ կա, բայց հոտը՝ վատ, ուտելիքները՝ վատ, սուրճը՝ վատ: Թատրոնի շենքի ներքևում սրճարան էլ կա, բայց՝ ռաբիսոտ: Բուֆետը քանդվի, տեղը ռեստորան գցվի, սիրուն, որ հետո «նստվի, զրուցվի, ուտվի, խմվի, մարսվի… օպերան»: Հիշո՞ւմ ես Տարկովսկու «Զոհաբերության» մեջ, որ պատմում էր.

«Փոքրիկ մի այգի՝ փնթի, գերաճած: Տարիներ ի վեր ոչ ոք նրանով չէր զբաղվել: Եվ ինձ… Ինձ թվում էր, թե ոչ ոք այնտեղ ոտք չի դրել: Մայրիկն արդեն շատ հիվանդ էր: Նա գրեթե դուրս չէր գալիս տնից: Սակայն այս ամբողջ ավերածության մեջ կար ինքնին գեղեցիկ մի բան: Այո, հիմա ես գիտեմ, թե ինչն էր գեղեցիկ: Երբ եղանակը լավն էր, նա հաճախ նստում էր պատուհանի մոտ և նայում այգուն: Նա նույնիսկ այնտեղ հատուկ աթոռ ուներ:

Մի օր ես որոշեցի կարգի բերել ամեն ինչ, պարտեզը նկատի ունեմ: Խուզել գազոնը, այրել խոտը, կտրել ծառերը: Ընդհանուր առմամբ, ստեղծել ինչ- որ բան իմ ճաշակով, սեփական ձեռքերով: Եվ այս ամենը մայրիկիս ուրախացնելու համար: Երկու շաբաթ անընդմեջ այգում աշխատում էի մկրատներով, մանգաղով, փորում էի, կտրում, սղոցում, մաքրում: Բառացիորեն, քիթս խրվել էր հողի մեջ: Ես աշխատել էի ամբողջ ուժով, որպեսզի ամեն բան անեի հնարավորինս արագ: Մայրս օրեցօր թուլանում էր: Նա արդեն դուրս չէր գալիս անկողնուց:

Բայց ես ուզում էի, որ նա հասցներ նստել իր աոթռին և տեսներ… այո, տեսներ իր նոր այգին:  Կարճ ասած, երբ ամեն ինչ պատրաստ էր, ես լվացվեցի, հագա մաքուր ներքնաշորեր, նոր բաճկոն, նույնիսկ՝ փողկապ: Ես նստեցի իր աթոռին, որպեսզի նայեմ այգուն իր աչքերով:

Այո … Ես պատրաստվում էի հաճույք ստանալ: Պատուհանից դուրս նայեցի ու տեսա … Եվ ի՞նչ տեսա… Որտե՞ղ է անհետացել ամենայն հրաշալին, ողջ բնականությունը: Դա այնքան զզվելի էր. բռնության բոլոր հետքերը: Հիշում եմ, մի անգամ, երբ քույրս դեռ փոքր էր, գնացել էր վարսավիրանոց և կտրել մազերը: Դե, որովհետև այդպես նորաձև էր, հասկանում եք: Նա աներևակայելի գեղեցիկ մազեր ուներ՝ ոսկի-ոսկի վարսեր՝ նման լեդի Գոդիվային: Նա տուն եկավ շատ գոհ: Եվ ահա, նրան տեսավ հայրս: Նա լացեց: Կարծում եմ՝ այգու հետ նույն բանն էր եղել»:

Տարկովսկի շատ եմ սիրում: Մենք էլ ունենք ուրիշ արվեստագետներ: Փակ շուկան սարքեցին, կռիսանոցը վերացավ: Հեչ էլ, թե Ճարտարապետների միության նախագահն ասաց՝ Կորցրինք շենքը: Գլխավոր ճարտարապետն էլ, թե՝ Աղճատվեց շենքը: Մեր քաղաքը ավելի բարեկարգ՝ չմոռանալով հինը: Քանի՞ պուլպուլակ էր՝ տենց՝ 750-ի մեջ մի 2000: Կարևորը՝ օդորակիչները չմոռանան ճակատին: Պետք է բոլորին համոզել, որ չխառնվեն, չնավսեն՝ ով չի ալարում:

Ամեն ինչ տեղը տեղին կանենք: Թե չէ հարցերին վերջ չկա. Ովքե՞ր են լինելու բացվելիք ռեստորանի, շոգեբաղնիքի, մարզասրահի տերերը: Ի՞նչ բիզնես պայմանագիր է լինելու: Մասնավոր կողմն ինչպիսի՞ պարտավորություններ է ունենալու Օպերայի շենքի, օպերային արվեստի նկատմամբ: Ինչպիսի՞ ներդրումներ են ակնկալվում, պարտավորություններ են դրվում շենքում ծավալվելիք բիզնեսի վրա: Ի՞նչ երաշխիքներ կան, որ մասնավորի և պետության համագործակցությունը լինելու է փոխշահավետ: Ի՞նչ ընդգրկմամբ և քանի՞ փուլով է այս ամենը քննարկվում: Ինչպե՞ս է որոշում ընդունվում:

Մի խոսքով՝ ինչպիսի՞ «կապիտալիզացիա»: Կարծում էին, թե օպերան դարն ապրեց, բայց տես՝ չեմ ասում՝ Չինաստանում, Թայվանում, հենց Եվրոպայում՝ Լիոնում, Փարիզում, Կոպենհագենում, Օսլոյում նորերը կառուցեցին: Օսլոյում, ասեմ, 600 աշխատատեղ բացվեց, շաբաթը 7 օր՝ առավոտ-գիշեր բաց է՝ վրան ու մեջը հանրային տարածքներ, կրպակներ: Սա պայմանավորված է նոր խավի պահանջներով, որի համար հաղորդակցումը օպերային մշակույթի արարողակարգի հետ իմիջի և սկզբունքի հարց է. մարդկանց տեսնել, մարդկանց երևալ, մեծ աստիճաններին, նաև՝ օպերա, մարդավարի:

Տարածքի անհրաժեշտություն, որտեղ շնորհքին հագնված, զարդարված կանայք, տղամարդիկ հնարավորություն ունենան մարմնապես ներկա գտնվելու, հանդիպելու, ինչո՞ւ ոչ՝ նաև շոգեբաղնիքում: Իսկ մենք ունենք: Մնում է… ու…

Մարինա Բաղդագյուլյան

newsbook.am