Ինովացիոն տեխնոլոգիաների անվտանգության ոլորտում գործող միջազգային Check point կազմակերպությունը Հայաստանում պիլոտային ծրագրեր է իրականացնում, համագործակցում է պետական հատվածի հետ և ֆինանսական, հեռահաղորդակցության ոլորտներում օգնում է սպառողներին: ԱՊՀ երկրներում Check point կազմակերպության բիզնեսի զարգացման տնօրեն Ալեքսանդր Սավուշկինը նշեց, որ կազմակերպությունում ԱՊՀ երկրների ուղղությամբ աշխատանքում է 3 մարդ: Նրանք փորձում են ամեն կերպ ակտիվացնել կազմակերպության գործունեությունն այդ տարածքում, իսկ Հայաստանում իրացնում են պատվերներ և օգնում պատվիրատուներին: Հայաստանում, Սավուշկինի բնորոշմամբ, բոլորը հասկանում են կիբեռանվտանգության կարևորությունը, սակայն միայն հասկանալը բավարար չէ:
«Կիբեռհարձակումներից պաշտպանվելու համար հարկավոր են միջոցներ, և որպես կանոն սպառողները ունենում են ֆինանսավորման խնդիրներ, սակայն հենց ինչ-որ մի բան տեղի է ունենում, նրանք ստիպված են լինում ավելի մեծ գումարներ ծախսել այն հնարավորինս շտկելու ուղղությամբ: Բայց երբ դեպքը պատահել է, վնասի մի մասը հնարավոր է վերադարձնել, իսկ մի մասը` ոչ»,- ասաց նա:
Սավուշկինի խոսքով` շատ հաճախ կիբեռհանցագործները «կոտրում» են ինչ-որ կառույցի տվյալները և պահանջում են դրա համար փոխհատուցում, սակայն հարց է առաջանում՝ նրանք դա անում են միայն փողի համա՞ր, թե, միգուցե, հակառակորդներն են պատվիրել:
Նա նկատեց, որ ամեն օր տեխնոլոգիաները զարգանում են, ինչի արդյունքում փոխվում է նաև կիբեռհանցագործների մտածելակերպը: «Հայաստանում մեր գտնվելու նպատակներից մեկն էլ ներկայացնելն է, թե կիբեռանվտանգության ինչպիսի մեթոդներ կան և ինչից են դրանք պաշտպանում: Երկու տարի առաջ մենք լրիվ այլ բաներ էինք ներկայացնում, իսկ այժմ՝ այլ, քանի որ փոխվում են տեխնոլոգիաները: Հարկավոր է, որպեսզի բոլոր մեթոդները հասանելի լինեն սպառողներին: Մեր նպատակը խնդիրները, դրանց հասցրած վնասները, հետևանքները և լուծումները ներկայացնելն է»,- ասաց նա` հավելելով, որ հետագայում պատրաստ են համագործակցել բոլոր ցանկացողների հետ:
Սավուշկինը նաև նշեց, որ բազմաթիվ հուշագրեր ունեն ստորագրած: Նրա խոսքով` ցանկացած տեխնիկա, ընդամենը երկաթի կտոր է, որի հետ հարկավոր է աշխատել: Ըստ նրա` մարդը համակարգում գտնվելով խոցելի է դառնում, իսկ կիբեռհարձակումներից պաշտպանվելու համար հարկավոր են ոչ միայն տեխնոլոգիաներ, այլև գիտելիքներ: Check point կազմակերպությունը փորձում է ոչ միայն ներկայացնել իր արտադրանքը, այլ նաև դրա հետ գործ ունենալը: