Պահքը ուրախություն է, հոգու խնդություն, այլ ոչ թե փորձություն. Տեր Շահե. life.panorama.am
Advertisement 1000 x 90

Պահքը ուրախություն է, հոգու խնդություն, այլ ոչ թե փորձություն. Տեր Շահե. life.panorama.am

Մեծ Պահքի վերջին շաբաթը կոչվում է Ավագ շաբաթ, որի յուրաքանչյուր օրն ունի իր խորհուրդն ու խրատը: Այսօր Ավագ հինգշաբթին է, որը նվիրված է Տիրոջ վերջին ընթրիքին: Եկեղեցիներում մատուցվում է Սուրբ Պատարագ՝  ի հիշատակ Վերջին ընթրիքի ժամանակ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատման: Այս օրը առավոտյան կատարվում է Ապաշխարողաց կարգ, որին մասնակից հավատացյալները Մեծ պահքի պահեցողությունից հետո արձակվում են իրենց մեղքերից: Իսկ երեկոյան կատարվում է Ոտնլվայի արարողություն: Ինչպես Քրիստոսը Վերջին ընթրիքի ժամանակ լվանում է իր աշակերտների ոտքերը՝ որպես հեզության և խոնարհության օրինակ, այնպես էլ եկեղեցիներում հոգևորականները եկեղեցու խորանին՝ ծնկաչոք լվանում և յուղով օծում են 12 մանուկների ոտքերը:

Life.panorama.am-ը Մեծ պահքի վերջին՝ Ավագ շաբաթի, ինչպես նաև Սուրբ Զատիկի տոնի մասին  խոսել է Տեր Շահե քահանա Հայրապետյանի հետ:

«Մեծ պահքը վերջացավ նախորդ ուրբաթ, որը համընկավ Աստվածածնի Ավետման տոնին, իսկ այս շաբաթը համարվում է Ավագ շաբաթ, որի ընթացքում ճշմարիտ հավատացյալները շարունակում են պահքը մինչև Սուրբ Զատիկ, այսինքն՝ Մեծ պահքը տևում է 49 օր: Ավագ շաբաթը խտացնում է Քրիստոսի վերջին օրերի բոլոր դրվագները»,- նշեց Տեր Շահեն ու վստահեցրեց.

«Սխալ է այն մտածողությունը, թե պահքը փորձություն է: Սա կենցաղ է, կյանք: Եթե Աստված մեզ օգնական է, ուրեմն պահքը ուրախություն է, հոգու խնդություն, այլ ոչ թե փորձություն: Պահքի միջոցով թոթափում ես այս աշխարհի բոլոր ցանկություններն ու հնարավորություն ես ունենում մնալ Քրիստոսի հետ, իսկ սրանից առավել ուրախություն աշխարհում չկա: Եվ ինչպես Գրիգոր Տաթևացին է ասել՝ «Եթե չեք հավատում, գնացեք բժիշկների մոտ ու տեսեք, թե ինչ օգտակար է պահքը»: Այսինքն, նույնիսկ մարմնական առողջության համար պահքն օգտակար է, բայց այն երբեք չպետք է ընկալել որպես դիետա, քանի որ այն ուղեկցվում է աղթոքներով, ապաշխարհությամբ ու ինքնաքննությամբ, որպեսզի մարդն ազատվի ավելորդ սովորություններից, ոչ պատշաճ վարմունքից և այլն»:

Հայերս սիրում ենք ճոխ ու առատ սեղաններ, խոսելով Սուրբ Զատիկի տոնական սեղանի անհրաժեշտ մթերքներից՝ Տեր Շահեն նկատեց.

«Ճրագալույցի պատարագից հետո, որը տեղի է ունենում շաբաթ օրը, երեկոյան մեր սեղաններին պետք է լինի ավանդական փլավը, ձկնեղենն ու ներկած ձվերը: Իհարկե, այս հարցի շուրջ ավելի ճիշտ ցուցումներ կտան ազգագրագետները, սակայն պետք է հաշվի առնել, որ հատկապես Մեծ պահքին հետևելուց հետո առողջությանը վնաս կարող է հասցնել միանգամից ծանր ուտեստներ ճաշակելը. ուտիք շրջան մուտք գործելը պետք է սկսել նուրբ ուտեսներից, ինչն էլ կա Սուրբ Զատկի տոնի սեղանին: Ինչ վերաբերվում է հայերի կողմից սիրված ճոխ սեղաններին, կարծում եմ, այդ նախընտրությունն ունեն նրանք, ովքեր տեղյակ չեն ճիշտ սննդակարգից: Հայերը ճոխ ուտեստներ մատուցում են, բոլորից հեռու, նաև սգո սեղաններին, բայց ավանդականում այդպես չէր: Այն ժամանակ ննջեցյալի տանն անգամ ծուխ չէր վառվում, որպեսզի հարազատներն իրենց սգի մեջ մնային: Ըստ իս՝ ճոխ սեղանների նախընտրությունը խորհրդային շրջանի «նվերներն են», որը սխալ է»:

Իսկ զրույցի վերջում, Հարության տոնին ընդառաջ, Տեր Շահե քահանա Հայրապետյանն իր օրհնությունը հղեց.

«Հզոր, հաղթող ու սքանչելավոր, Սուրբ Մեծի Հարությանն Քրիստոսի վայել է փառք, իշխանություն և պատիվ, այժմ և միշտ և հավիտյանս, հավիտենից, Ամեն»:



Նման նյութեր