«Չորրորդ իշխանություն» թերթն իր այսօրվա համարում վերծանել է «Hayastan24.com» կայքի հրապարակած ձայնագրությունը, որտեղ «ՍԱՍ» գրուպի ղեկավարներից մեկը նախընտրական ժողովի է հրավիրել ընկերության աշխատակիցներին։ Մեջբերենք թերթի վերծանած ձայնագրությունից որոշ հատվածներ.
Բացման խոսքից հետո ժողովավարը դիմում է հավաքվածներին. «Կա՞ն մարդիկ, որոնք չեն ուզում կամ ինչ-ինչ պատճառներով չեն կարող մասնակցել այն բանին, ինչի մասին ես խոսում էի։ Եթե կան՝ թող ձեռք բարձրացնեն, մենք իրենց կհասկանանք»։ Տեղից մեկը՝ Նաիրա Հարությունյան կամ Նաիրա Սարգսյան անուն-ազգանունով, ամենայն հավանականությամբ հրաժարվում է աշխատել ՍԱՍ-ի Արտակի օգտին։ Ժողովավարն էլ «պատժող տոնայնությամբ» ձայն է տալիս նրան՝ հայտարարելով. «Ուրեմն՝ Նաիրա Հարությունյան՝ սուիթից. լավ չի քո վիճակը»։ «Սուիթ»-ը Արտակ Սարգսյանի ընկերություններից մեկի կրճատ տարբերակն է. ընկերությունը զբաղվում է տորթերի եւ առհասարակ քաղցրավենիքի արտադրությամբ։ Խոսող աղջկա ձայնը չի լսվում, բայց դատելով գրուպի կարեւոր մարդու խոսքից՝ Նաիրան հրաժարվում է՝ ասելով, թե ընկերներ ու ազգականներ չունի։ Կարեւոր մարդն էլ հիշեցնում է, որ Արաբկիր, Դավիթաշեն եւ Աջափնյակ համայնքները Երեւան քաղաքի կեսն են ընդգրկում, ուստի՝ դժվար է հասկանալ, որ ելույթ ունեցողը «մտերիմ, մտերիմի մտերիմ, ընկերոջ ընկեր եւ այլն չունի»։
Ձայնագրության մեջտեղի հատվածն ու վերջը հարուստ նյութ կարող են դառնալ իրավապահների համար։ Հնչում են անուններ, խոսվում փողերի բաժանման, ուղեւորությունների, սպառնալիքների ու շանտաժի մասին։ Մեջբերենք.
– Ուրեմն՝ Արամ՝ էս քո ցանկը, «Սուիթի» աշխատողները ինչքան են, մոտ երկու հարյուր հոգի, դու բերել ես 53 ձայն։ Ուրմեն՝ քո հարցը, մանավանդ քո հարցը, էն տիպի ա դրած, եթե էս պատկերը 3-4 օրվա մեջ էս նույնը եղավ, դու պրոստը… քեզ բարի ճանապարհ ենք ասելու։ Որովհետեւ սա կոնկրետ էսի վերաբերմունք ա, ոչ թե հնարավորություն՝ կարենալու-չկարենալու հարց ա։ Եթե դու էդ ձեւի ես վրաբերվում մեզ, ուրեմն՝ մենք էլ քեզ հինգ անգամ ավելի վատ կվերաբերվենք։ Էսի պատկեր չի էլի, ես լուրջ եմ ասում՝ առանց չափազանցության։ Ընդամենը 5 տարվա մեջ նման հարցով մենք ձեզ մի անգամ ենք դիմում ու եթե այն մարդիկ, որոնք նման վերաբերմունք են ցույց տալիս, իրանք տեղ չունեն մեր հետ։ Էն մարդն, որն էսօր կգա ու մաքսիմում մեզ կնվիրվի, կփորձի օգտակար լինել, դրանից հետո մենք չենք կշռում ձեր արածը, բայց մեր հնարավորությունների շրջանակում մենք էլ ձեզ ենք պիտանի լինելու։
– «Ֆուդ քորտից» Անահիտ Բալյանն ով ա՞։ Դու էլ չունես ծանոթ քաղաքում։ Ծանոթներդ չունեն ծանոթներ, ընկերներ Արաբկիրում, թե՞ չես ուզում բերել։ Արաբկիրում, Աջափնյակում ունենք լիքը աջակիցներ, որոնք մեզ օգնում են եւ չեմ կարծում, որ չկարողանան էդ նույն գործը անել, որը որ դուք եք անում։ Մենք էլ էդ մարդկանց կընդունենք գործի, որոնք մեզ կաջակցեն։ Մի կարծի, որ էս անցավ գնաց։ Տենց չի, ամեն ինչ փոխադարձ ա։
– Անահիտ Անտոնյանը չկա։ (0 ձայն է նրա անվան դիմաց-խմբ.)։
– Անուշ Ադամյան։ Օրինակ, Անուշ Ադամյանը բերել ա 14 ձայն։ Մի հատ ծափահարենք Անուշ Ադամյանին։ (Հավաքվածները ծափահարում են-խմբ.)։ Էս դուրներդ չեկավ հա՞, ծափ չեք տալիս, թե՞ ալարում եք։
– Էդ ոնց ա Աշոտը կարում ա բերի, բայց ստեղ օրինակ Աշոտ Աղասարյան… ով ա՞։ Խի՞ չես բերում ձայն։ Չես ուզում, հա՞։
– Աննա Ավագյան. քո կարծիքով, որ «շլյապա» ես դրել՝ պետք ա չտենանք հա՞, որ 0 ձայն ես բերել։ Խի չես բերել ձայն հը՞։ (Կողքից ասում են, որ բերել է 10 ձայն-խմբ.)։ Հա՞, հա … ուրեմն աղջիկը կարա «շլյապա» դնի արխային։ Հըհ, տես, իրա հայրը 21 ձայն բերել ա։
– Վոլոդյա Դանիելյանն ու Արամ Գեւորգյանը 0 ձայներ են բերում՝ ովքե՞ր են։ Ասա, Վոլոդյա, ամոթ չես անո՞ւմ։ Քանի տարեկան ե՞ս։ (Պարզվում է երիտասարդն ընդամնեը 19 տարեկան է-խմբ.)։ Էդ ա, անչափահաս չես, ունես ընկերներ, ծանոթներ, բարեկամներ։ Արաբկիրում ունես ընկեր, ինչի չե՞ս բերում իրա ձայնը։ Թե՞ ընդդիմությունից ա ընգերդ։ Հնարավոր է՝ անձամբ չունենաք, բայց ձեր հայրը, մայրը, մորքուրը, հորքուրը՝ անհնարին ա։ Այն մարդն, ում անվան դիմաց 0 է, մենք դիտարկելու ենք, որ նա մեր դեմ ա , որովհետեւ անհնարին ա, որ մարդը 3 կամ 5 ձայն չբերի ու չապահովի։
– Ստյոպան ձեր հետ խոսել եւ ասել ա, որ լինելու են պարգեւատրումներ։ Էն մարդիկ, որոնք որ կբերեն ձայներ, իրանք կընդունվեն՝ որպես ակտիվիստ, կստանան գումարներ, ընտրողները` նույնպես։ Այսինքն՝ սա աշխատանք ա, անում եք, վարձատրվում եք դրա դիմաց։
– Արթուր Մարգարյանն ով ա՞։ Խնդրեմ, 19 ձայն։ Հլը ասել ա՝ «էլի եմ ավելացնելու»։ Էդ ոնց ա՞ լինում՝ Արթուր Մարգարյանը բերում ա 19 ձայն, Արթուր Մովսիսյանը՝ չի բերում։ 0-ա։ (Կողքից հորդորում են՝ նա 10 ձայն է բերելու-խմբ.)։ 10՞։ Բայց Արթուր ջան մի բավարարվի։ Ասենք էն մարդիկ, ովքեր կբերեն քանակով ամենաշատ ձայները՝ 1-ին, 2-րդ, 3-րդ, ուրեմն՝ նրանք կպարգեւատրվեն շատ մի հատ հետաքրքիր ուղեւորության փաթեթով։ (Հնչում են բուռն ծափահարություններ-խմբ.)։ Բա չե՞ք հարցնում՝ դեպի ո՞ւր։ Ուրեմն՝ դեպի Փարիզ՝ սիրուն քաղաք։ (Ծափերն էլ ավելի բարձր են հնչում-խմբ.)։ Ընենց ա որ Արթուր ջան շանսեր ունես։ Շանսեր ունես՝ կարաս պայքարես։
– Արման Խաչատրյանն ո՞վ ա։ Արմա՞ն, արա ամոթ չե՞ս անում 0-ա մոտդ։ Էս քո սոկը չխմենք հա՞։ էս ինչ ա՞, որտեղ ե՞ս ապրում։
– Մանվել Շահբազյան. 12 ձայն, մալադեց։
– Հովհաննես Հովհաննիսյան ուր ա՞։ Հը Հովո՞՝ մեր հետ չե՞ս։ Ով մեր հետ չի, մեր դեմ ա։ Քանի տարեկան ես։ (Պատասխան՝ 30-խմբ.)։ 30՞։ Արա 30 տարեկան ես, դու մի հատ ընգեր չունե՞ս։ Բա խի չես տվել, չեն ասել քեզ, մատների արանքով ես հա նայո՞ւմ։ (Կողքից պարզաբանում են, որ նոր՝ «թազա», աշխատող է)։ Թազա յա՞, հա էդ ի՞նչ կապ ունի՝ թազա յա, բայց կարա չէ՞ հին դառնա։
– Սիրանուշ Թումասյան։ Իյա….մազերդ տենց սիրուն ներկել ես, զուգվել–զարդարվել ես գիտես էսօր քեզի բան պտի անենք, հա՞՝ մեծարման երեկո 0 ձայներիդ համար։ Հա՞։ Ամոթ չես անում Սիրանուշ։ Հը՞ն։ Ամոթ ա չէ։ Որտե՞ղ ես ապրում։ Արաբկի՞ր։ Թաիրո՞վ։ Սովխո՞զ։ (Պարզվում է վերջինը-խմբ.)։ Կապ չունի՝ տեսար մարդը Վահագնից 19 ձայն ա բերել։ Հլը ավելացնելու ա, ուզում ա Փարիզ գնա։ Ուզում ես՝ ուրեմն՝ պտի մի քիչ էլ գազ տաս։ Ժամանակ ունես, վիզայով, բանով սաղ անում ենք։
– Սիրանուշը զուգվել-զարդարվել 0 ձայն ա բերել, Մանեն Գեւորգյան՝ 21 ձայն։ (Հնչում են ծափահարություններ-խմբ.)։ Հալալ ա քեզ։ Մի քիչ էլ ձեներիդ վրա կաշխատես:
– Ուրեմն՝ ժամանակ կա համ էլ չկա։ Ով իմ խնդրանքը չընդունեց, ուրեմն՝ իմացեք ես էլ նույն՝ հինգ անգամ ավել ձեր հանդեպ եմ լինելու։ Էտի խոստանում եմ։ Ով էլ արեց, ուրեմն՝ իմացեք իմ գլխի վրա տեղ ա ունենալու։ Անձամբ ինձ կարա «լուբոյ» վայրկյան, «լուբոյ» հարցով դիմի՝ աշխատանքային կլինի, անձնական կլինի, լինի տան գործ, հարեւանի կլինի։ Իմացեք՝ «վեչնի» ձեր կողքը կանգնած եմ։
Վերջում ձայն խնդրող աղջիկն ասում է՝ 60 ձայն է բերել, բայց իր անունը չհնչեց։ Ու մեր էս ձայնագրության «դուխով վեցնոցը» բարկացած դիմում է իր «վեցնոցներին»։
– Էս որ բաժինն ա, Կարեն, մարդը 60 ձայն ա բերել, ո՞նց կարելի է էդ ձայները չբերել մուտքագրել, ուր ա՞ Արտակ, ո՞ւր ա (գոռալով-խմբ.)։ Արա խի 60 ձայնը էդքան փոքր ձայն ա, որ չեք մուտքագրել։ Աչքիս դու արդեն Փարիզի ճամփին ես։ Յա մալադեց։
Ամենադրամատիկն, իհարկե, ժողովի ավարտն է. ժողովավարն հայտարարում է՝ ով ձայն չտվեց տուգանելու եմ, հետո էլ հրահանգում է ցուցակագրել նրանց, որոնք չեն մասնակցել ստորացման երեկոյին։
Մանրամասները՝ թերթի այսոօրվա համարում:
Գոհար Վեզիրյան
«Չորրորդ իշխանություն»