(Հայերեն-անգլերեն քերականության համար նախատեսված առաջաբանից)
Երբ 1816-ին ժամանեցի Վենետիկ, միտքս այնպիսի վիճակում էր, որ պահանջ էի զգում մի գործի, որը երևակայության համար քիչ ասպարեզ կթողներ և բավականաչափ դժվարություն հարուցեր որոնումներիս մեջ: Այդ ժամանակ ես նույնպես, շատ ճանապարհորդների նման, խիստ տարված էի Ս. Ղազար վանքի միաբանությամբ, որը միավորում է կղերական հաստատության բոլոր առավելությունները` առանց նրա մոլորություններից որևէ մեկի: Այս միաբանության եղբայրաց մաքրակցությունը, հանգստավետությունը, բարեկրթությունը, անկեղծ նվիրվածությունը, բարձր արժանիքները, առաքինությունները սքանչելիորեն ներդաշնակված են համակելու աշխարհիկ մարդուն մի հավատով, թե նույնիսկ այս կյանքի մեջ կա մի ուրիշը և ավելի լավը:
Այս մարդիկ մի հարստահարված և բարձրատոհմ ազգի կրոնավորներ են, որը հրեաների և հույների պես տարագիր և ստրուկ է եղել` առանց առաջինների ինքնամեկուսացման և վերջինների ստրկամտության: Այս ժողովուրդը հարստացել է առանց կեղեքելու և ստրության մեջ արժանացել պատվի` առանց բանսարկության: Բայց նրա տեղը, այնուամենայնիվ, երկար ժամանակ եղել է «գերության տան» մեջ, որը վերջերս բազմապատկել է իր անթիվ օթևանները:
Թերևս դժվար է գտնել մի ազգի տարեգրություն, որն ավելի զերծ լինի արատավոր ոճիրներից, քան հայերինը, որոնց առաքինությունները խաղաղասիրության արգասիք են, իսկ արատները` բռնադատման հետևանք: Սակայն ինչպիսին էլ լիներ նրանց ճակատագիրը, որը դառն է եղել, ինչպիսին էլ լինի ապագայում, նրանց երկիրը հավետ պիտի մնա աշխարհի ամենահետաքրքիր երկրներից մեկը, և թերևս նրանց լեզուն միայն ավելի խոր ուսումնասիրության պահանջ է դնում` ավելի գրավիչ դառնալու համար:
Եթե վստահենք Ս. Գրքին, դրախտը Հայաստանում էր, Հայաստան, որն իր հողի վաղանցուկ առնչակցության պատճառով Ադամի սերունդների պես թանկ վճարեց մի մարդու երջանկության դիմաց… Բայց դրախտը դեռ չէր հասցրել անհետանալ, երբ ծայր առավ այդ երկրի
դժբախտությունը… ուր աստված մարդուն ստեղծել էր իր իսկ պատկերով:
(«Բայրոն. էջեր նամակներից» գրքից)