ԱՂԱՍԻ ԳԱՐԵԳԻՆԻ ՔԱՆՔԱՆՅԱՆԻ ՊԱՏՄԱԾԸ
ԾՆՎ. 1904 Թ., ՎԱՆ
Ես ծնվել եմ գեղատեսիլ Վասպուրականի չքնաղագեղ Վան քաղաքում։ Հայրս եղել է փորագրիչ-արհեստավոր։ Նա հայտնի էր իր շնորհքով։ Նա կարող էր նստեցնել պատվիրատուին իր դիմացը և արծաթյա տուփի վրա փորագրել նրա դեմքը։ Մայրիկս Վանի Սանդուխտյան-Մարիամյան միջնակարգ դպրոցի ուսուցչուհի էր։ Վանի առաջին կին ուսուցչուհիներից մեկը։ Նրա աշակերտուհիներն էին՝ Սիլվա Կապուտիկյանի մայրը, Ժաժան Լիան և ուրիշներ։
Վանում մենք ապրում էինք խաղաղ, բարոյական և ստեղծագործ աշխատանքով։ Միայն միշտ մեր գլխին դամոկլյան սրի նման կախված էր թուրքական ջարդի, կոտորածի վտանգը։ Այդպիսի կոտորածներ պարբերաբար կրկնվում էին Արևմտահայաստանի տարբեր վայրերում։ Հայտնի է, որ այդպիսի կոտորածներ տեղի են ունեցել 1894-96 թվերին*, որոնց զոհ են գնացել նաև իմ պապը և մորեղբայրը։ Նրանք ապրում էին Վանի Ս. Հակոբ եկեղեցու թաղում, փողոցի մի կողմն ապրում էին հայեր, մյուս կողմում՝ թուրքեր։ Երբ որ կոտորածն սկսվում է, այդ թաղամասի տղամարդիկ պատսպարվում են Ս. Հակոբ եկեղեցում, դուռը ամուր փակում, հույս ունենալով, որ արտասահմանյան ութը հյուպատոսները կմիջնորդեն, և կոտորածը կդադարի։ Բայց թուրքերը փորձում են եկեղեցին հրկիզել։ Եկեղեցում պատսպարվածները որոշում են դուռը բացել և արագ փախչել։ Եկեղեցուց դուրս փախչողներից մեկը լինում են իմ քառասուներեքամյա պապը՝ Խաչատուր Իշխանյանը, և տասնյոթամյա մորեղբայրս։
Մորեղբորս տատս չի թողնում, որ թռչի ու փախչի։ Իրենց դրացի թուրք Մահմուդ աղան ասում է. «Սառա խաթուն, տուր տղայիդ պահեմ մինչև խառնաշփոթը անցնի», բայց տատս չի վստահում։ Տղային հագցնում է աղջկա շոր, տղան վազում է, որ գնա հայաշատ մասը և պետք է անցներ մի բաց տարածություն։ Այդ տարածության վրա հանդիպում է թուրքի լամուկներին, որոնք ճանաչում և խփում են։ Տատս հասնում է ետևից, գրկում վիրավոր տղային։ Արյունը հոսում է տատիս գոգնոցի վերից վար։ Տատս վշտից խելագարվում է։ Արյունոտ գոգնոցը վրայից չի հանում։ Պառկում է հատակին, որ ինքն էլ մահանա։ Իսկ տասներկու տարեկան աղջիկը՝ հորը և եղբորը կորցնելուց հետո նույնպես հոգեկան ցնցում է ստանում։ Չի խոսում։ Բարեկամները հավաքվում ու հորդորում են. «Սառա խաթուն, խելքի արի, աղջիկդ փոքր է, որբ կմնա, եթե քեզ հետ մի բան պատահի»։
Սառա տատիկս քիչ-քիչ ուշքի է գալիս, բայց արյունոտ, սևացած գոգնոցը վրայից չի հանում։ Անցնում են տարիներ, 1902 թ. իր աղջիկը՝ իմ մայրիկը, ամուսնանում է մի որբի հետ, որը իմ հայրն էր։ Հաջորդ տարին ծնվում է թոռնիկը՝ Անդրանիկը, և տատս հրաշքով վերականգնվում է ու արյունոտ գոգնոցը թոնիրն է գցում։ 1904 թ. ծնվում է երկրորդ թոռը, տատս զբաղվում է տնտեսությամբ։ Այդ տարիներին ավարտում է իմ մայրիկը, որին որպես ընդունակ պահում են Սանդուխտյան-Մարիամյան դպրոցում՝ կրոնի և լեզվի ուսուցչուհի։ Ծնվում են երկու աղջիկները։ Ընտանիքը մեծանում է։ Մենք լավ էինք ապրում, բարեկեցիկ էինք։ Լավ վաստակում էին մայրս ու հայրս։ Ունեինք հրաշագեղ այգի Վանում, որին ես մինչև հիմա կարոտում եմ։ Հիշում եմ, թե մանուշակները որտե՞ղ էին բուսնում, կակաչները ու՞ր էին բուսնում, իսկ տունը, որ նոր էինք կառուցել, չհասցրինք վայելել…
Ահա այդ էր մեր ընտանիքը։ Պատերազմի ժամանակ, Վասպուրականի հերոսամարտից հետո լուր տարածվեց, որ ռուսական բանակը շարժվում է դեպի Վան, որ ետ գրավի Վանը, քանի որ թուրքերն ուզում էին Վանը ետ վերցնել։
Ռուսական բանակը չէր ուզում կռվել, իսկ հայերը ուժ չունեին։ Պետք էր թողնել Վանը, գնալ ռուսական հողը՝ Իգդիր։ Խուճապահար ժողովուրդը գաղթի պատրաստվեց։ Գաղթը ահավոր իրադարձություն է մի ժողովրդի համար, որը դարեր շարունակ ապրել է իր հարազատ քաղաքում։ Մեր ընտանիքն էլ պատրաստվեց։ Մայրիկիս ղեկավարությամբ որոշվեց, թե ի՞նչ վերցնենք մեզ հետ, որ դիմանանք տասը օրվա հետիոտն ճամփորդությանը։
Մեր հարազատ տունը մենք թողել ենք 1915 թ. հուլիսի 13-ին, ժամը տասնմեկին։ Նախքան տնից դուրս գալը մայրիկս հավաքեց ընտանիքի անդամներին, լացակումած համբուրեց բոլորին և ասաց՝ մենք գնում ենք դժվարին ու անհայտ մի ճանապարհ, թե ի՞նչ կպատահի մեզ հետ՝ չգիտենք։ Ձեր խնդիրն է, որ դուք դիմանաք և խուճապի մեջ չկորցնեք հայրիկին ու մայրիկին։
Մենք տնից դուրս եկանք։ Դուռը չփակեցինք, մի տեսակ քարացել էինք, դարձել էինք անզգա։ Սկսեցինք շարժվել դեպի գլխավոր փողոցը՝ Խաչփողան։ Տներից նորանոր ընտանիքներ էին դուրս գալիս և միանում իրար։ Թափորը մեծանում էր ու շարժվում դեպի առաջ։ Մենք մինչև Իգդիր հասնելը տասը օր ճանապարհ անցանք, անձրևի տակ, արևի տակ, ցեխերի մեջ՝ կիսաքաղց ու ծարավ։ Ճանապարհին քրդերը հաճախ վրա էին տալիս, մարդկանց կոտորում, թալանում։ Դա հատկապես տեղի ունեցավ Բանդիմահու կամուրջի մոտ, որտեղ կուտակում էր տեղի ունենում։ Այդ կամուրջից ինչքա՜ն մայրեր երեխաներին գրկած՝ ջուրն են նետվել, որ թուրքերի ու քրդերի ձեռքը չընկնեն։ Ճանապարհին ովքեր սպանվում էին, ովքեր մահանում էին, թողնում էին ճանապարհի եզրին, շատ դեպքերում ծածկում էին հողով, շատ դեպքերում՝ ոչ։ Անթաղ դիակներ տեսնելով՝ ես այնպես եմ ազդվել, որ ստացել եմ տխրացավ, և մինչև հիմա այդ շարունակվում է։ Ես լիաթոք չեմ կարող ուրախանալ։ Չնայած ես մեր թաղի ամենաառողջ երեխան էի, ձյան վրա բոբիկ վազում էի և չէի հիվանդանում, բայց գաղթից հետո այդ կարմրաթուշիկ, առողջ երեխան գունատվեց, խամրեց, տխրեց, դարձավ չխոսկան։ Մայրս հայրիկիս ստիպեց ինձ տանել բժշկի։ Արդեն մենք Երևանում էինք։ Հայրս երկու ամսում երկու ոսկի հավաքեց, որ բժշկին տա։ Եվ հայրս ինձ տարավ բժիշկ Արամ Տեր-Գրիգորյանի մոտ, որը գավազանով և ֆայտոնով էր ման գալիս։ Բժիշկը քննեց ինձ ու ասաց. – Տղան ոչ մի հիվանդություն չունի։
– Բա ինչի՞ չի խոսում, նիհարել է, գույնը գցել է։
– Որտեղացի՞ եք։
– Վանեցի գաղթական ենք։
– Տղան գաղթի ճամփին այնքան տխուր դեպքեր է տեսել, որ տխրացավ է ստացել, դա հետևանք է գաղթի։ Տխուր դեպքերը ազդել են նրա վրա։ Ժամանակի ընթացքում կանցնի։
Այսքանը ի միջի այլոց է, բայց՝ հոգեբանական։
Ուրեմն մենք շարունակեցինք մեր գաղթի ճամփան։ Երեկոյան մենք հասանք Լեզք (Արալեզք) գյուղը։ Ուր որ կանգնում էինք, գլուխներս դնում էինք գետնին ու քնում էինք։ Հայրս, մայրս, տատս հերթով մեզ հսկում էին։
Առավոտ ճանապարհը շարունակեցինք դեպի Արարատ։ Ճանապարհին հաճախ քրդերը հարձակվում էին, սպանում, թալանում էին մեր ունեցածը։ Օրինակ իմ դպրոցական ընկերոջ՝ Սեմերճյանի ծնողներին ճամփին մորթեցին, և այդ փոքրիկ տղան մնաց որբ։
Անցանք Բայազեդի մոտով։ Մայրիկս ժամանակ գտավ, ասաց, որ սա Բայազեդ քաղաքն է, որ նկարագրել է Րաֆֆին**։ Քաղաք, ուր ոչ մի ծառ չկար, տների պատուհանները, դռները հանել տարել էին վառելու։ Արարատի էն կողմը՝ Աբաղայի դաշտով, Չըլդըր լեռնանցքով անցանք՝ դեպի Արարատյան դաշտը։ Տասնմեկերորդ օրը հասանք Իգդիր և իջևանեցինք մեր բարեկամի տանը, որի սենյակներն զբաղված էին մեզնից առաջ եկողներով։ Մեզ տեղ տվին պատշգամբում։ Ինձ տվին մի ուլի մորթի, որի վրա ես քնում էի։ Այսպես նիհարած, քրքրված, տանջված՝ ընտանիքը փորձեց հասնել Երևան։ Բայց մեր չար բախտից ռուսները Մարգարայի կամուրջը փակել էին, չէին թողնում, որ գաղթականները ներս գնան։ Իսկ Իգդիրի մոտից տարածվել էին տիֆն ու խոլերան։ Մայրիկս կպավ հայրիկիս օձիքից, թե՝ մի ճար արա, որ խորքը գնանք։ Հայրիկս գտավ մի ֆուրգոնչի, որը հանձն առավ մեզ Մարգարայի կամուրջով անցկացնել՝ պայմանով, որ մեկ լիրա տանք իրեն և մեզ հասցնի Երևան։ Դա հիմիկվա արժեքով հարյուր դոլար է։ Մեր ընտանիքը, որ ոչինչ չուներ գրեթե, տեղավորվեց ֆուրգոնում։ Կամուրջին չհասած՝ կառապանը մտրակեց ձիերին և բղավեց՝ խաբարդա։ Ռուս պահակները սարսափեցին՝ տեսնելով խրտնած ձիերին, ու փախան։ Մենք կառքի մեջ չէինք երևում, մեզ վրա շոր էր գցել, իբր մեջը մարդ չկա։ Կառապանը մեզ բերեց, մինչև Զանգուի հին կամուրջից անցկացրեց։ Բերեց մինչև Ապտեչկայա ուլիցա, հիմիկվա պետական բանկի տեղը կար գաղթականական լագեր։ Եվ մենք հունիսի վերջին եկանք իջանք, հողի վրա նստեցինք, արևի տակ, ոչի՜նչ չունենք։
Մեր ընտանիքը յոթ հոգուց էր բաղկացած՝ սենյակ չտվին։ Թուրքի թաղում մի փոքրիկ սենյակ վարձեց հայրս։ Մեկ լիրա էլ տան վարձ տվեց հայրս։ Իր մոտ մնաց մեկ լիրա։ Չալթիկից ծղոտի վրա պառկում էինք։ Մայրս իննսունութ տարի ապրեց։ Տատս թունավոր լուծ ընկավ ու մեռավ։ Մեր ընտանիքը սկսեց պայքարել։ Դժվար էր կյանքը։ Երևանում ևս համաճարակ կար։ Ֆուրգոնները գալիս էին, զանգերը տալիս էին, դիակները հավաքում, տանում էին, հիմիկվա Կոմիտասի անվան այգում իրար վրա թափում էին հորի մեջ։ Էդտեղ հայկական եկեղեցի էլ կար։ Սարդարի բերդը կար։ Էդ այգիները բոլորը պարսիկներինն էին։ Հիմա Երևանում պարսիկների մեջիդը վերակառուցում են։
Տասը տարեկանից աշխատել եմ։ Հայրս ֆահլա բազարում իր ուժն էր ծախում։ Ես ջուր էի ծախում։ Պապիրոս էի ծախում։ Երեկոյան գաղթականական դպրոց էի վազում։ Ուսումս չեմ թողել։ Ավարտեցի Երևանի պետական համալսարանը։ Գերմանիա սովորած դասախոսներին եմ լսել։ Ես ևս դարձա համալսարանի դասախոս, պրոֆեսոր՝ քիմիայի գծով։
Ամուսնացա Հովսեփյան Գայանեի հետ, որը հոգեբանության դասախոս դարձավ Մանկավարժական ինստիտուտում։ Տասներեք գիրք եմ գրել, որից վեցը հրատարակված են։ Անալիտիկ քիմիայի՝ իմ գրած դասագիրքը մինչև հիմա ուսանողների ուղեցույցն է։
* Սուլթան Համիդի կազմակերպած հայկական կոտորածները 1894-1896 թթ.:
** Րաֆֆի (Հակոբ Մելիք-Հակոբյան) (1835, Սալմաստ – 1888, Թիֆլիս) – գրող, հրապարակախոս, հասարակական գործիչ: