Արշակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սոցցանցերի հայտնվելուն պես ի հայտ եկան նաև «թրոլլինգ» անողները: Ի՞նչ է թրոլլինգը, արդյո՞ք դա մրադկությանը մինչ այդ անհայտ երևույթ է: Ես կասեի՝ ոչ, դա միշտ եղել է, կա և կլինի, ձևերն են փոխվում բայց երևույթը նույնն է:
Թրոլլինգը հատուկ է մարդկանց, ովքեր սիրում են փառք ու ճանաչողություն, սակայն չեն կարողանում դրան հասնել որևէ օգտակար, բարի կամ հանրօգուտ գործունեությամբ: Մնում է միայն մեկ ճանապարհ, ճանաչողության հասնել որևէ վատ արարքով ինչը ավելի հեշտ է անել:
Նման մարդիկ շատ են, բայց նախկինում նրանք չէին համարձակվում գնալ այդ վերջին հուսահատ քայլին: Համացանցը տվեց այդ հնարավորությունը: Մարկ Դևիդ Չեփմենը, ով սպանեց Ջոն Լենոնին, վառ օրինակ է այդ ժամանակաշրջանի «թրոլլինգի»:
Նա Լենոնի երկրպագուն էր, ով չկարողացավ տանել այն փաստը, որ Ջոնին ճանաչում և սիրում են աշխարհով մեկ, իսկ իր գոյության մասին գիտի ընդամենը մի քանի մարդ:
Սպանելով Լենոնի նման հայտնի մարդու՝ նա նույնպես կարճ ժամանակով դարձավ հայտնի, բայց որպես անուղեղ մարդասպան:
Այսօր համացանցը տվել է այդ հնարավորությունը՝ «սպանել» մարդու առանց դրա համար պատիժ կրելու, և, բնականաբար, շատացել են թրոլինգ անողներից «համարձակները»:
Հայաստանում թրոլինգ անողները շատ են` շատ-շատ, ուղղակի, ինչպես միշտ, մերը հատուկ ձևով է արվում, յուրովի:
Եթե այլազգի թրոլլները բացահայտ, անթաքույց ցույց են տալիս, որ իրենք կոնկրետ դեմ են որևէ լավ կամ բարի գործի, երևույթի, նորության և այլն, ապա մեր մոտ թրոլլինգը արվում է հիմնականում «մտահոգի» դիմակի տակ, օրինակ` դու ինքդ չե՞ս գնում, չե՞ս մասնակցում որևէ հանրօգուտ նախաձեռնության, ապա իբր մտահոգվելով հենց հանրության համար ամեն գնով «փչացրու» այդ նախաձեռնությունը՝ այն որակելով որպես անպետք, շահադիտական, անգրագետ, ձևական և այլն:
Եթե որևէ մեկը մի գործ է արել, որի համար արժանանում է հանրության արժանի գնահատականի, ապա փորձիր սևացնելով տվյալ անձի անցյալը ներկան կամ ապագան, փնովելով, կամ կասկած տարածելով նրա արածի իսկության և օգտակարության նկատմամբ կամ վատագույն դեպքում որակիր այն որպես ցուցամոլություն և հաստատ կգրգռես քեզ պես թրոլլների, ովքեր կմիանան սևացնելու գործին:
Հիմա փակեք այս հոդվածը և կարդացեք մարդկանց կարճ ու կոնկրետ ստատուսները, կտեսնեք ինքներդ, որ համացանցը ողողված է թրոլլինգով, հատուկ, յուրովի հայկական թրոլլինգով!!!»: