Այս ակնարկն ամերիկյան «Ասոշիեյթեդ պրես» գործակալության պատվերով գրել եմ աշխարհահռչակ բռնցքամարտիկ Վլադիմիր Ենգիբարյանի ծննդյան 40-ամյակի կապակցությամբ։ Այս օրերին, երբ լրանում է երջանկահիշատակ մարզիկի 85-ամյակը, կարծում եմ, ընթերցողին կհետաքրքրի 45 տարի առաջ գրված ակնարկը։
Շատ կան նշանավոր մարզիկներ, որոնց մասին լեգենդներ են հյուսվել։ Դրանց մեջ բռնցքամարտիկի յուրաքանչյուր հարվածը նոկաուտի է հանգեցնում, ֆուտբոլիստի ամեն մի գրոհը՝ գոլի, բասկետբոլիստի յուրաքանչյուր նետումը՝ երկու միավորի։ Այդ լեգենդներում, բնականաբար, հիշվում են միայն հաղթանակները, հերոսի համար հաճելի պահերը։ «Բանահյուսությունը» շոշափել է նաև խորհրդային նշանավոր բռնցքամարտիկ, օլիմպիական խաղերի չեմպիոն, Եվրոպայի և Խորհրդային Միության առաջնությունների բազմակի հաղթող Վլադիմիր Ենգիբարյանի անունը։ Ասում են, թե իր ամբողջ մարզական կյանքի ընթացքում նա ընդամենը տասը հարված է ստացել, թե նա կարող էր մի ձեռքով հաղթել ցանկացած մրցակցի, թե հոգնել չգիտեր և այլն, և այլն։ Այսօր, իհարկե, դժվար է ասել, թե այդ պատմություններում որտեղ է վերջանում ճշմարտությունը և որտեղ է սկսվում «բանահյուսությունը»։
«Ամենամեծ բռնցքամարտիկն այսօրվա սերնդի ապրողներից». միահամուռ պնդում էր համաշխարհային մամուլը Մելբուռնի օլիմպիադայում Վլադիմիր Ենգիբարյանի փայլուն հաղթանակից հետո։
«Այս բռնցքամարտիկը ռինգում կարող է անել այն ամենը, ինչ կուզենային տեսնել բռնցքամարտի ամենանուրբ գիտակ երկրպագուները». Ենգիբարյանի մասին այսպես են արտահայտվում մարզաշխարհում։
… Դյուրին չէր համընդհանուր ճանաչման հասնելը։ Դրա համար երկար ճանապարհ պիտի անցնեիր։ 14 տարեկան պատանի էր Վոլոդյա Ենգիբարյանը, երբ եկավ «Աշխատանքային ռեզերվներ» ընկերության բռնցքամարտի սեկցիա։ Մարզիչը նույնիսկ չէր ուզում վերցնել նրան, բայց հետո խղճաց. այնքան մեծ էր տղայի` կաշվե ձեռնոցներ հագնելու ցանկությունը։ Սպորտի վաստակավոր վարպետ, ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ Էդուարդ Արիստակեսյանի խոսքով` իր սանը գրեթե հոգնել չգիտեր, մարզումների գալիս էր պարապմունքից երկու ժամ շուտ և գնում էր ամենավերջինը։ Դրա համար էլ տղաները նրան կատա կով «դահլիճի պարետ» էին անվանում։
1948 թվականին 16-ամյա Վլադիմիրն առաջին անգամ դուրս եկավ համամիութենական ասպարեզ։ Մկրտությունը հաջող էր։ Նա դարձավ «Աշխատանքային ռեզերվներ» ընկերության կենտրոնական խորհրդի չեմպիոն։ Այնուհետև հաջորդեցին հաղթանակները Երևանի, ապա նաև Հայաստանն առաջնություններում։ 1951-ին դարձավ Խորհրդային Միության երրորդ բռնցքամարտիկը։ Երկու տարի անց, Եվրոպայի առաջնություններում խորհրդային բռնցքամարտիկների անդրանիկ ելույթի տարում, երևանցի մարզիկը կրկնեց այդ հաջողությունը և ստացավ ԽՍՀՄ սպորտի վարպետի արծաթափայլ կրծքանշանը։ Այդ առաջնությու նում երևանցի բռնցքամարտիկը ցուցադրեց ապշեցուցիչ տեխնիկա, բացառիկ շարժունակություն, հարվածներից խուսափելու հմտություն։ Նա կարծես ռինգում պարում էր։ Թվում էր, թե ԽՍՀՄ հավաքականի մարզիչներն Ենգիբարյանին անվերապահորեն ընդգրկելու էին Վարշավա մեկնող հավաքականի կազմում։ Ցավոք, դա այնքան էլ այդպես չէր. այն ժամանակ, այսպես կոչված, «խաղային բռնցքամարտն» այնքան էլ հարգի չէր։ Մարզական պաշտոնյաները նախապատվությունը տալիս էին ուժային բռնցքամարտին՝ ով ում ավելի շատ հարված կհասցնի։ Եվ նման պայմաններում երկու տարի անընդմեջ ԽՍՀՄ առաջնությ ուններում բրոնզե մեդալ նվաճելը մեծ հաջողություն պիտի դիտվեր։
ԽՍՀՄ հավաքականի լիիրավ անդամ դառնալու համար Վլադիմիր Ենգիբարյանը հարկադրված էր ոչ միայն ռինգում մենամարտելու իր հիմնական մրցակիցների հետ, այլ նաև հեռակա կարգով չինովնիկների դեմ, ովքեր իսկական բռնցքամարտիկ էին համարում միայն նրան, ով զորեղ բռունցքներ ուներ։ Իսկ այդ մրցակիցները չափազանց ահեղ էին։ Հիշենք, թեկուզ, ԽՍՀՄ բազմակի չեմպիոն Անատոլի Գրեյներին կամ վրացի բռնցքամարտիկ, ուժային բռնցքամարտի լավագույն ներկայացուցիչ Ֆրիդոն Լոմիձեին, ովքեր նույնպես հավակնում էին Վարշավայի ուղեգրի։
Լևոն Ազրոյան
Ամբողջությամբ՝ armenpress.am