Մամուլի ազատության համաշխարհային օրվան ընդառաջ` Երևանի պետական համալսարանում սկսվում է «Ազատ Մեդիա» խորագիրը կրող սեմինար-քննարկումների շաբաթը, որը կազմակերպում է Համալսարանի լրագրության ֆակուլտետի գիտական խորհուրդը: Սեմինար-քննարկումները մեկնարկեց լրագրող, հրապարակախոս Մհեր Արշակյանը:
Լինելով և՛ հրապարակախոս, և՛ լրագրող` Մ. Արշակյանը ներկայացրեց դրանց ազատության սահմանների միջև եղած տարբերությունը. լրագրողի ազատության սահմանները շատ սահմանափակ են, լրագրողը չի կարող ազատորեն տալ այս կամ այն երևույթի որակավորումներ, բայց այս գործում ազատ է հրապարակախոսը, վերջինիս ազատությունն անսահմանափակ է:
Հարցին՝ արդյոք Հայաստանում կա՞ ազատ մամուլ, Ա. Արշակյանը պատասխանեց, որ Հայաստանում չկա ազատ մամուլ, չկա վերջինիս հանդեպ վստահություն: Իսկ թե ինչո՞վ է պայմանավորված ազատ մամուլի բացակայությունը, նա ասաց, որ մամուլի ազատությունը սերտորեն կապված է ֆինանսների հետ, լրատվամիջոցը պետք է ունենա իր սեփական բյուջեն, որի բացակայության դեպքում անհնար է ազատ մամուլի գոյությունը, հետևաբար՝ երկիրը, որը կառավարում է այն ամենը, ինչը ստեղծվում է, չի կարող գործել անկախ:
Մ. Արշակյանի համոզմամբ՝ մամուլը պետք է լինի ինքնակառավարվող, իսկ մեր երկրում այն կառավարվում է իշխանության կողմից: Իսկ դասական իմաստով Հայաստանում չկան լրագրողներ` բացառությամբ մի քանիսի, և մի քանիսն էլ` էսթետիկ առումով: Նրանցից շատերն իրենց գործունեությամբ բերում են հասարակության դեգրադացիայի, և նրանց լրագրողական արտադրանքի որակը հավասարվում է հնդկական հեռուստասերիալների դիտորդների ընկալման որակին:
Ընդհանուր առմամբ, Մ. Արշակյանի արտահայտած կարծիքներից և գաղափարներից կարելի է գալ այն եզրահանգման, որ լրագրողի խոսքի և ազատության սահմանափակումների խնդիրը քաղաքական է:
Արփինե Հախվերդյան