Life.panorama.am-ը զրուցել է ռեժիսոր Արամայիս Հայրապետյանի հետ: Նախորդ ամիս Փարիզում կայացած «Armenian Europe Music Awards Paris 2017» երաժշտական մրցանակաբաշխությանը Արամայիս Հայրապետյանը արժանացավ «Տարվա լավագույն տեսահոլովակ» մրցանակին՝ Արամ MP3-ի «Դե ասա» տեսահոլովակի համար: Ռեժիսորի վերջին աշխատանքներից է Իվետա Մուկուչյանի «Ամենա-ամենա» տեսահոլովակը, որի պրեմիերան կկայանա վաղը:
«Իվետայի «Ամենա-ամենա» տեսահոլովակի վրա աշխատել ենք ես ու Գերմանիայից՝ Սալար Խերադփեջուն: Ճիշտ է՝ մենք ռեժիսորներով իրար չենք հանդիպել, քանի որ նա Գերմանիայում իրականցվող կադրերով է զբաղվել, ես՝ Հայաստանի, սակայն պետք է ասեմ, որ աշխատանքն իրականացել է շատ սահուն ու առանց խոչընդոտների: Իհարկե, այս հարցում մեծ դեր ունեցավ հենց Իվետան: Նա հրաշալի ճաշակ ունի ու կարողացավ նաև լավ համատեղ աշխատանք կազմակերպի: «Ամենա-ամենա» երգն արդեն ծանոթ է հանդիսատեսին, բայց տեսահոլովակով այն նորություն կլինի, քանի որ գունային ոճով ու կերպարներով այն շատ-շատ հետաքրքիր է: Այստեղ չկա սյուժետային գիծ, փոխարենը կան համարձակ կերպարներ, որոնք կարտահայտեն երգչուհու հոգեվիճակը: Կարծում եմ՝ շատ լավ է ստացվել ու հանդիսատեսին դուր կգա»,- պատմեց Արամայիս Հայրապետյանը:
Խոսելով սահմաններ ու կարծրատիպեր կոտրող ռեժիսորական աշխատանքներից, որոնք շատ հաճախ կարելի է տեսնել Արամայիսի գործերում, ռեժիսորը նկատեց.
«Ռեժիսորը կարող է շատ լավ գաղափար ու ճաշակ ունենա, բայց, եթե տվյալ երգիչը կամ երգչուհին պատրաստ չէ դա իրականացնել, ապա պետք չէ նրան դնել անհարմար վիճակում: Եթե երգչուհին պատրաստ չէ, օրինակ, լողազգեստով նկարահանվել, ապա պետք չէ նրան ստիպել ու ասել, թե այդպես շատ գեղեցիկ կլինի, քանի որ այդ պարագայում նա կեղծ, վուլգար ու անգամ ծիծաղելի կդիտվի: Ռեժիսորը պետք է երգչին կամ երգչուհուն իր տեսակի մեջ ներկայացնի»:
Նկատելի է, որ Արամայիս Հայրապետյանի նկարահանած տեսահոլովակները հաճախ ամերիկյան ու եվրոպական հայտնի աստղերի տեսահոլովակներ են հիշեցնում: Հարցին, թե ռեժիսորն ինչի՞ց է ոգեշնչվում, պատասխանեց.
«Այս հարցին կդժվարանամ պատասխանել: Հավանաբար մեծ նշանակություն ունի այն, որ վերջին տարիներին հաճախ եմ բացակայում երկրից, հավատացեք՝ թեկուզ մի քանի օր դրսում ապրելը կարող է մտածողության ու ճաշակի վրա մեծ ազդեցություն ունենալ: Ճաշակն ու գաղափարը զգալու խնդիր է, դա ներքուստ կատարվող մի բան է, որը հաստատ բառերով չես բացատրի»:
Մեր նկատառմանը, թե լավ գործ ստեղծելու համար ֆինանսի չափը մե՞ծ նշանակություն ունի, մեր զրուցակիցը ընդգծեց.
«Շատ ենք լսում, որ լավ գաղափար ունենալու դեպքում հեռախոսով էլ կարելի է տեսահոլվակ և անգամ ֆիլմ նկարել: Սակայն այս հարցը խիստ հարաբերական է: Ինչ խոսք, ինձ համար էլ ամենաառաջնային տեղում գաղափարն է, քանի որ այն ամենաթանկն է աշխարհում և ոչ մի տեղ չես գնի: Իհարկե, կարելի է շատ հետաքրքիր գործ նկարել ընդամենը մեկ տեսախցիկով կամ հեռախոսով, եթե լինի զիլ գաղափար, սակայն, եթե պետք է նկարվի մի շատ շքեղ գործ, ապա գաղափարի հետ միասին պետք է են նաև մեծ ֆինանսներ: Ամեն գործ չի, որ կարող ես առանց գումարի իրականացնել, բայց նաև չպետք է մոռանալ, որ գաղափարը ամենաթանկն է աշխարհում»:
Ռեժիսորը նշեց, որ առաջարկներ ունեցել է արտերկրում աշխատելու, որոնք դեռևս կյանքի չեն կոչվել.
«Երևի ամեն ինչ իր ժամանակն ունի: Իհարկե, մտածել եմ դրսում աշխատելու մասին, բայց դա այնքան էլ հեշտ չէ, նրանք տարբեր աշխատանքային ոճ ունեն, նրանց պահանջենրն ավելի մեծ են ու մեր հետ անհամեմատելի»,- հավելեց նա:
Արամայիս Հայրապետյանն լիամետրաժ ֆիլմ նկարահանելու ծրագրեր ունի, որը կիրականացնի համպատասխան ֆինանսավորում ունենալու դեպքում, բայց առայժմ կնկարահանի կարճամետրաժ փառատոնային ֆիլմ.
«Սա իմ առաջին ֆիլմն է լինելու: Այն մի տղա երեխայի պատմություն է, այսինքն՝ սոցիալական թեման է ընկած հիմքում, որի զարգացումների մասին չեմ խոսի: Ինչպես քիչ առաջ նշեցի՝ այս ֆիլմում ևս գաղափարն է գլխավորը: Ֆիլմը շատ ծախսատար չէ, բայց ունի հետաքրքիր շեշտադրում՝ իդեայի տեսքով: Նպատակ ունեմ այն մի քանի փառատոններում ներկայացնել ու քանի որ փառատոններն ունեն սկզբունք՝ ներկայացված ֆիլմը մինչ այդ ցուցադրված չպետք է լինի, այդ իսկ պատճառով այն համացանցում հասանելի կլինի, երբ ավարտենք փառատոնային ցուցադրությունները»,- ավարտեց ռեժիսորը: