Մասոններն ամենամյա հավաք են անցկացնում Հայաստանում: Նախորդ տարիներին Հայաստան էր ժամանում Grand Orient De France օթյակի Մեծ Վարպետ Գի Արսիզեն: Այս տարի Հայաստանում մասոնական օթյակ հիմնադրելու նպատակով Հայաստան է ժամանել Ֆրանսիայի «Մեծ Արևելք» մասոնական օթյակի (Grand Orient de France ) ղեկավար, Մեծ Վարպետ Քրիստոֆ Հաբբասը: Aravot.am-ի հետ զրույցում նա նշել է օթյակի ստեղծման նպատակը։ «Մեր հայ ընկերները, որոնք նաև Ֆրանսիայում են եղել և աշխատել են Ֆրանսիայի մասոնական օթյակներում, նպատակ ունեին վերադառնալ Հայաստան և տեղացի հայերի հետ ստեղծել մի օթյակ, որը խորհելու, աշխատելու վայր կդառնա, այն անկախ օթյակ կլինի»,- ասել է Քրիստոֆ Հաբբասը:
Մշակութաբան, հրապարակախոս Անուշ Սեդրակյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, անդրադառնալով օթյակի ստեղծման նպատակներին, նշեց, որ իր համար կոնկրետ երեք ճյուղավորում ունի այս գերխնդիրը. առաջին՝ մտահոգիչ: Ի՞նչ իմաստ ունի օթյակի հիմնադրման հետ անել հայտարարություն, երբ այն ո՛չ ՀԿ է, ո՛չ քաղաքակրթական շարժում է և ո՛չ էլ կուսակցություն: Նրա խոսքերով՝ օթյակը ենթադրում է շատ բարձր զարգացմամբ, համաշխարհային քաղաքականության և տնտեսության իմացությամբ, մշակութաբանական և անտրոպոլոգիական խնդիրներին տեղյակ մեկ գաղափարով միավորված մարդկանց փոքրաթիվ հանրույթ, որը սկսում է իր թեմաները ոչ թե բացման մասին հայտարարություններից, այլ ընդհանուր նպատակների քննարկումներից: Սա է, ըստ նրա, բոլոր մասոնական օթյակների հիմնադրման պատմությունը ցույց տալիս, փոխանցում է 1in.am-ը:
«Այս մասոնական շոուն մտահոգություն է առաջացնում, որ ավելի շատ ուզում են արժեզրկել մասոնականությունը, քան այն տարածել»,- հավելեց մշակութաբանը:
Երկրորդ խնդիրը, ըստ նրա, այն է, որ այս օթյակի հայտարարությունը վերջապես կօգնի դուրս գալ մասոնության դավադրական կոնցեպտից, որը բխում է ընդհանուր գիտելիքի բացակայությունից, ինչը կարող է մասոնական շարժման հանդեպ սրբազան վախի հանգեցնել, կամ այդ շարժման հանդեպ սրբազան հիացմունքի:
«Մեծ Արևելք» մասոնական օթյակի ղեկավարը նաև նշել է, որ Հայաստանում կլինի ինքնավար և անկախ ֆրանկոմասոնական օթյակ։ Անուշ Սեդրակյանը նկատեց, որ մասոնականությունը ունի մեկ նպատակ՝ մարդկության բարօրությունն է և սա ընդհանուր է տարբեր մասոնական օթյակների մոտ: «Մասոնականությունը քաղաքակրթական շարժում է, որին Եվրոպան պարտական է իր բարեկեցությամբ: Մասոնականության ուղենիշները օգնեցին, որ Եվրոպան ազատականացվի քրիստոնեական պարադիգմայում: Դա է մասոնական շարժման հիմնական ուղղորդումը: Մասոնները հռչակել էին, որ յուրաքանչյուր նորություն դա լավ է, և մենք տեսանք, թե ինչքան նորություն բերեցին մասոնները: 21-րդ դարը մեզ ամեն օր մատուցում է գիտատեխնիկական առաջընթացի նորություններ՝ չիմանալով, որ դա մասոնների հռչակած քաղաքակրթական ուղենիշն է: Երկրորդ, որ հռչակեցին մասոնները, դա մեծ ամբիցիոզ ծրագրերի իրականցումն է»,-նշել է նա:
Երրորդ կոնցեպտը, ըստ մշակութաբանի, հաջողակ մարդկանց կոնցեպտն է, պրոֆեսիոնալ մարդկանց կոնցեպտն է, որ դու հաջողված ես ոչ թե որովհետև դու թագավոր ես, այլ երբ դու լավ քարտաշ ես կամ լավ բժիշկ ես: