Երևանի փողոցներում ժամանակ առ ժամանակ կարելի է տեսնել ոտաբոբիկ քայլող մի տղամարդու: Նա կոշիկ չի հագնում` անկախ եղանակից: Ոմանք համոզված են, որ բարեկիրթ այս մարդն ուխտ է արել և դեռ մի քանի տարի այդպես «տանջելու» է ոտքերն ու իրեն:
Քաղաքի կենտրոնում մեզ հանդիպած անցորդն ասաց, որ անունը Միքայել է, իսկ տարիքը` կարծես թե 57 և չհրաժարվեց պատասխանել մեր հարցերին.
– Ասում են` ինչ–որ ուխտ եք արել, դրա համար եք ոտաբոբիկ քայլում: Կպատմե՞ք` ինչ ուխտ է դա:
– Ինչ վերաբերում է ուխտին, չկա նման բան: Եթե հավատացյալ է, որ ինչ-որ ուխտ ունի, դա կլինի ծոմապահություն, պահեցողություն կամ ինչ-որ մի բան, նա չպետք է բարձրաձայնի այդ մասին, դա ցուցադրաբար չպետք է անել: Ես ուղղակի հրաժարվել եմ կոշիկներ հագնելուց:
– Ինչո՞ւ:
– Որովհետև երբ կոշիկ էի հագնում, որ չմրսեի, միևնույն է, ոտքերս մրսում էին, դրա համար որոշեցի հրաժարվել ընդհանրապես, քանի որ կոշիկները չէին տաքացնում:
– Տաքացնող կոշիկ չէ՞ր հանդիպել ձեզ:
– Սովորական կոշիկներ էին կամ ձմեռային: Ասել կուզի (ես այն ժամանակ չէի մտածում այդ մասին)` երբ որ մարդը սկսում է մրսել ու տաքանալ, դա ավելի շատ նրա ներսից է գալիս: Այդ կանոնին տեղյակ չէի, բայց այդպես ստացվեց, ուղղակի հագնում էի, թե չէի հագնում, տարբերությունը շատ մեծ չէր, դրա համար ես հրաժարվեցի կոշիկներից:
– Նաև ձմռա՞նը տարբերությունը մեծ չէր:
– Իհարկե, կա տարբերություն այդ իմաստով: Տարբերությունն այն է, որ երբ կոշիկ ես հագնում, սկզբից, երբ որ քայլում ես, չես մրսում, բայց հետո ես սկսում մրսել: Իսկ երբ կոշիկ չես հագնում, սկզբից մրսում ես, հետո դադարում ես մրսելուց:
– Ինչքա՞ն ժամանակ է, որ հրաժարվել եք կոշիկ հագնելուց:
– Երեք տարի:
– Ամառ, թե ձմե՞ռ:
– Այո:
– Իսկ անցորդները, որ տեսնում են ոտաբոբիկ եք, ինչպե՞ս են արձագանքում, զարմացած հայացքներ շա՞տ եք հանդիպում:
– Հանդիպում եմ երբեմն, իհարկե: Դե, իհարկե, նաև ռեպլիկներ են թողնում: Բայց դա ինձ չի մտահոգում, ճիշտ հակառակը, այսինքն` այդ ռեպլիկներին ուշադրություն դարձնում եմ ճիշտ հակառակ իմաստով: Եթե նրանք ինչ-որ վատ բան պետք է ասեն, ստացվում է, որ անմեղ տեղը ինչ-որ բան են անում, չեն հասկանում մարդիկ, Տերը իրենց հետ, ինչ ասեմ: Հասկանալի է, որ մարդիկ երևի նոր բան են տեսնում, իրենց համար անսովոր է: